Հայաստանի կտրուկ շրջադարձը


2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո Միացյալ Նահանգների Հարավկովկասյան քաղաքականության առաջնահերթ խնդիրներից մեկը Հայաստանը Ռուսաստանի ազդեցության ոլորտից դուրս բերելն է: Իսկ այդ հարցում ԱՄՆ-ը մշտապես փորձել է օգտագործել թուրքական գործոնը: Ամերիկյան պատկերացումների համաձայն, Թուրքիայի քաղաքական կարևորագույն խնդիրը Հարավային Կովկասում պետք է լինի Ռուսաստանին և Իրանին հակադրվելը: Ավելի պարզ ասած` Թուրքիան պետք է դիմագրավի տարածաշրջանում դիրքերը վերականգնելու Ռուսաստանի ջանքերը: Նաև ա°յդ նպատակով է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը հայտնվել տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքական առաջնահերթությունների ցուցակում: Թուրքիային դիտարկելով որպես Հարավային Կովկասում Ռուսաստանին դուրս մղելու գործիք, Միացյալ Նահանգները, միաժամանակ, տարածաշրջանում թուրքական ազդեցությունը համարել է վտանգավոր ու անցանկալի: Հենց այս պատճառով էլ Անկարայի ու Վաշինգտոնի միջև գոյություն ունեն և° փոխըմբռնումներ, և° տարաձայնություններ: Թուրքիան մշտապես ջանացել է օգուտներ քաղել տարածաշրջանում իր հանդեպ Սպիտակ տան ցուցաբերած հովանավորչությունից, միաժամանակ ընդդիմանալով իրեն զսպելու` վերջինիս փորձերին: Այս ամենի արտահայտությունն են նաև հայ-թուրքական հայտնի արձանագրությունների ու երկու երկրների խորհրդարաններում դրանց հնարավոր վավերացման շուրջ զարգացումները: Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից ընդամենը ժամեր անց Թուրքիայի վարչապետ Էրդողանն Անկարայից շտապեց հայտարարել, որ մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթաց չարձանագրվի, հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսք լինել չի կարող: Հետագայում էլ ամերիկյան կողմը ստիպված էր տարբեր առիթներով բազմիցս նշել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը տարբեր գործընթացներ են ու մեկը մյուսով պայմանավորված չեն: Սակայն, խնդիրն այդպիսով չլուծվեց. թուրքական կողմը շարունակեց իրենը պնդել: Դեռևս արձանագրությունների ստորագրումից և Քիշնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, թե այս փուլում կողմերը դեռ հեռու են հակամարտության կարգավորման փաստաթղթի ստորագրումից: Բրիտանական փորձագետները նույնպես նշել են, որ տեսանելի ապագայում խնդրի լուծում չի ակնկալվում: Այնուամենայնիվ, թուրքերը շարունակում են պնդել, թե մինչև… Ինչպես սպասելի էր, հայ-թուրքական արձանագրությունները սուր բանավեճի առարկա դարձան նաև ներքաղաքական ոլորտում: Ընդդիմությունը, բացի ՀԱԿ-ից, մինչև այժմ էլ պնդում է, թե այդ արձանագրություններում Թուրքիան իր նախապայմաններն է դրել, իսկ իշխանական կոալիցիան հերքում է նախապայմանների գոյությունը: Ընդդիմադիրները մասնավորապես անհանգստանում են, թե իշխանությունները ենթարկվելով արտաքին ճնշումներին, կարող են անհարկի զիջումների դիմել ղարաբաղյան խնդրում: Վերջերս տարածաշրջան այցելած` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն ընդունել են մինչև այս ամսվա վերջը երկկողմ հանդիպում անցկացնելու առաջարկը: Ըստ միջնորդների, երկու նախագահներն էլ վերահաստատել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու նպատակով քննարկումները շարունակելու պատրաստակամությունը: Վերջ: Այսքանից ավելի` հերթապահ շաբլոն ձևակերպումներից բացի լրատվություն չեղավ համանախագահների այցի մանրամասների մասին: Սակայն մոսկովյան աղբյուրները կարևոր տեղեկատվություն են ներկայացնում վերջերս կայացած մեկ այլ հանդիպումից, որտեղ խոսվել է Ղարաբաղի խնդրի մասին: Ռուսաստանի մայրաքաղաքում` Հարվարդի համալսարանի Սևծովյան ավազանի անվտանգության ծրագրի գիտագործնական համաժողովում, Մադրիդյան սկզբունքների մասին է խոսել Հայաստանի ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը: Նա նկատել է, որ այդ սկզբունքների հիմքում ընկած է ոչ թե խաղաղության երաշխիքը, այլ պատերազմի վերսկսման հնարավորությունը: Մենք, մեր հերթին, նկատենք` այսպիսի գնահատական հնչում է ոչ շարքային փորձագետի, այլ իրավիճակին լավագույնս տիրապետող փորձառու մասնագետի շուրթերից: Իսկ սա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում պաշտոնական Երևանը կոշտացնում է դիրքորշումը և չի ընդունում Մադրիդյան սկզբունքները, որոնցով նախատեսվող կարգավորումը շատ չէր տարբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանած փուլային տարբերակից, ինչն էլ վերջինիս հրաժարականի պատճառ հանդիսացավ 1997-ին: Ըստ էության, Մադրիդյան սկզբունքների մերժումն էր, թերևս, պատճառը, որ Հայաստանի նախագահն ընդդիմանում էր զգուշացումներին, թե հայ-թուրքական արձանագրությունները նախապայմաններ են պարունակում, որոնք կարող են վտանգել նաև Արցախը: Միևնույն է` այդ նախապայմանը չէր կատարվելու, որովհետև չէին ընդունվում հակամարտության կարգավորման ոչ հայանպաստ սկզբունքները…

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ