Կանայք` առաջիկա 400 տարիներին


Գիտության մարդիկ մոտավոր հաշվարկներ են կատարել, թե ինչ տեսք կունենան թույլ կամ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները 2409 թ.: Նրանց մեծ մասը համոզված է, որ մարդու արտաքինն ընդհանրապես լուրջ փոփոխությունների չի ենթարկվի: Կենսաբան Ստեֆեն Ստեռնսը, սակայն վիճում է իր գործընկերների հետ` պնդելով, որ ապագայի մարդու արտաքինն ուղղակիորեն պայմանավորված է վերարտադրողականությամբ, և ժառանգականությունը չի կարող չազդել կնոջ արտաքինի վրա: Ստեռնսի եզրակացութ յունները հստակ են. դիցուք, եթե բարձրահասակ ու նիհար թխահերների ժառանգակիրները (գենը) ավելի ուժեղ լինեն, ապա գերակշռող կդառնան այս տիպի կանայք: Սակայն կենսաբանի հաշվարկներում այդպիսիք քիչ են եղել: Մասաչուսեթսի նահանգում կատարված ծավալուն հետազոտությունների տվյալների վրա հիմնվելով (այդ հետազոտութ յունները սկսվել են դեռևս 1948 թվականից և ներառում են 3 սերնդի մի քանի տասնյակ հազար կանանց), գիտնականը այլ պնդման է հանգում. ցածրահասակ և գիրուկ կանայք, որպես կանոն, ավելի շատ երեխաներ են ունենում, քան բարձրահասակ, նիհարները: Նույն միտումը` բարձր ծնելիություն, արձանագրվել է նաև ավելի ցածր արյան ճնշում ու խոլեստերին ունեցող կանանց շրջանում: Եվ 10 սերունդ հեռավորությունից ապագային նայելով, գիտնականը համոզմունք է հայտնել, որ 2409 թ. թույլ սեռի աչքի ընկնող ներկայացուցիչների միջին հասակը կկարճանա 2 սմ-ով: Իսկ քաշը կավելանա 1կգ-ով: Ասել է թե` կանայք ավելի ցածրահասակ ու հաստլիկ կդառնան: Բայց` շատ առողջ սիրտ կունենան: Միաժամանակ ծնելիության միջին ժամկետը կերկարացվի ավելի քան մեկ տարով: