ԲԱ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ


Թե ինչ նկատի ուներ Տիգրան Թորոսյանը` ԱԺ խոսնակի իր պաշտոնից «հրաժարվելը» «ներքին քաղաքական հարցերում մեծամասնության հետ անհաղթահարելի տարակարծություններով» բացատրելը` երևի արդեն էական էլ չէ: Նրան կուսակցության այլ անդամով փոխարինելու խոսակցությունների առիթն էլ թերևս ինքնահնար էր: Վերջին հաշվով` ԱԺ խոսնակին պաշտոնը (ու նաև պատախանատվությունը) ՀՀԿ-ին է, ասել է, թե պաշտոնավարողի անձը սոսկ պայմանականություն է: Մանավանդ Տ. Թորոսյանի պարագայում, նման հավակնությունն, անկեղծ ասած փոքր-ինչ անսպասելի էր, որովհետև գոնե նրա նման մտավորականը պետք է, որ ոչ մի պահ չմոռանար այբբենական այս ճշմարտությունը: Առավել ևս, որ կուսակցությունը մտահոգվել էր նրա հետագա այլ գործունեության մասին: Սկզբից ևեթ «մարտական» կեցվածք ընդունելով նա հայտարարում էր, թե չի հրաժարվելու խոսնակի պաշտոնից, հիմա էլ հացից խռոված երեխայի պես հրաժարվում է նաև… կուսակցությունից: Այն էլ` արգելելով մտահոգվել իր ճակատագրով. - Թող վերցնեն իրենց 30 արծաթը և շարունակեն իրենց ճանապարհը,- ասել է երեկվա իր ասուլիսում: Եթե 30 արծաթ ասելով նկատի ունի ԱԺ խոսնակի այս շարանը, ապա հետաքրքիր է ինչի դիմաց էր ինքն ընդունել այն: Բացի այդ, Տ. Թորոսյանի այս քայլը համարենք խոստովանություն` որ Հանրապետականին ինքն անդամակցել է` միայն պաշտոն ստանալու համար, և նրա գաղափարակիրը չէ: …Տխրեցնող է նաև նրա մեկ այլ խոստովանությունը` թե ինքը ՀՀԿ-ում համակիրներ չուներ…