Համագործակցություն և մարտահրավերներ


Կովկասն այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական տարբեր բևեռների` Եվրամիության, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի շահերի հատման կիզակետում: Ռուս-վրացական հակամարտությունը քաղաքագետների մեծ մասը համարում են Արևմուտքի (ԱՄՆ) և Ռուսաստանի միջև Կովկասի համար մղվող պատերազմ: Այն, բնականաբար, իր ազդեցությունն է թողնում տարածաշրջանի երկրների նաև ներքաղաքական զարգացումների վրա: Մասնավորապես, Հայաստանում դրանք` այդ զարգացումներն այսօր, կարելի է ասել, մի քանի ուղղություններով են ընթանում` առաջացնելով նոր, հաճախ դեռևս մշուշոտ ու անհասկանալի մարտահրավերներ: Արմատական ընդդիմությունը Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի Երևան այցի կապակցությամբ ներքաղաքական պայքարում ընդմիջում հայտարարեց` հետաձգելով հանրահավաքն ու դադարեցնելով նստացույցը: Այդպիսով ընդդիմությունը հավանաբար ցանկանում էր իր հավատարմությունն արտահայտել արևմտյան արժեքներին` ցույց տալով, թե ինքը չի խոչընդոտում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանը, ինչը նաև Արևմուտքի պահանջն է: Գյուլի այցը բարեհաջող անցավ, և ընդդիմության վերցրած «թայմ աուդ»-ն ավարտվեց: Հասակության մեծ մասն, իհարկե, դրականորեն արձագանքեց Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը միտված` հայրենի իշխանությունների նախաձեռնությանը: Սակայն չի կարելի ասել, թե այդպիսով վերջ տրվեց հասարակության ներսում անվստահության մթնոլորտին, որն առաջացել էր հանրապետության նախագահի ընտրություններին հաջորդած ողբերգական իրադարձությունների շնորհիվ: Անկեղծ լինելու համար, նշենք, որ անվստահության մթնոլորտի ձևավորման մեջ մեղքի իր բաժինն ունի նաև մամուլը: Հակառակ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարողների մասին Սերժ Սարգսյանի` «նրանք մեր եղբայրներն ու քույրերն են» ձևակերպումին, լրագրողներից ոմանք իրենց հրապարակումներով է°լ ավելի խորացրին իշխանություն-ընդդիմություն անջրպետը: Ինչևէ: Փետրվարի 19-ին կայացած ընտրություններում առաջացած ջրբաժանը չհաղթահարած, գնացինք ՏԻՄ ընտրություններին ընադառաջ: Բնական է` նախընտրական շտաբների պայթեցում-հրկիզումներով, ծեծ ու ջարդով, ընդհուպ` դանակահարությամբ ուղեկցվող այս ընտրությունները հասարակության մեջ հերթական անգամ արժեզրկեցին ՏԻՄ համակարգը և ընտրություններն ընդհանրապես: Հանրային գիտակցության մեջ հերթական անգամ ամրապնդվեց այն մտայնությունը, թե հատկապես ՏԻՄ ընտրությունները միայն անձնական շահ հետապնդող փողատերերի միջև մղվող աթոռակռիվ ու թայֆաբազայություն է: Հենց այս մտայնության և հասարակական շրջանակներում մեծացող անտարբերության արդյունք է, թերևս, որոշ ընդդիմադիրների (մասնավոապես Դավիթ Հակոբյանի) կանխագուշակումները, թե չի բացառվում, որ հունվարից հետո նոր ձևաչափով ընդդիմություն ձևավորվի: Այս կանխագուշակումը կարելի է իրականությանը մոտ համարել, եթե հավատանք Դաշնակցությանը մոտ կանգնած աղբյուրներից ստացվող վկայություններին: Ըստ այդմ` ՀՅԴ շարքերից հեռանալու մասին դիմումների քանակն զգալիորեն մեծացել է, սակայն կուսակցությունն այդ մասին լռում է. վարկանիշի պահպանման խնդիր կա: Կուսակցութ յունից հրաժարվելու պատճառն ընդհանուր առմամբ բոլորի համար նույնն է` դժգոհության վերնախավի քաղաքական կեցվածքից: Հիշենք, որ այսպես ձևակերպեց կուսակցութ յունից իր հեռանալը նաև ոչ անհայտ դաշնակցական Ռուբեն Հակոբյանը: Ի դեպ, վերջերս հեռուստատեսային մի հարցազրույցի ընթացքում նա ասաց, որ եթե ՀՅԴ-ը չանդամակցեր կոալիցիային, դրանից կշահեր և° պետությունը, և կուսակցությունը: Չնայած արմատական ընդդիմության աշխուժացմանը, այլ ձևաչափով ինչ-որ ընդդիմության հնարավոր ձևավորման մասին ենթադրություններին, այնուամենայնիվ, այսօր կարելի է ասել, որ գոնե մոտ ապագայում Հայաստանում ներքաղաքական սրացումներ չեն սպասվում: Բարեբախտաբա°ր: Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր բարելավումը, ինչի նախադրյալներն արդեն առկա են, կարող է իշխանությունների հանդեպ վստահություն ներշնչել հասարակությանը: Հաշվի առնենք, որ դժգոհ մասին միավորող արմատական ընդդիմությանն էլ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում համամիտ է իշխանությունների որդեգրած քաղաքականությանը: Սակայն, առայժմ հնարավոր չէ կանխատեսել, թե որ տարածաշրջանում ինչպիսի զարգացումներ կունենա անվտանգության, համագործակցության պլատֆորմ ստեղծելու Անկարայի նախաձեռնությունը: Չմոռանանք, Կովկասյան տան գաղափարը նոր չէ, այն կար նաև 1918 թվականին և անփառունակ վախճան ունեցավ: Այժմ էլ հիշյալ պլատֆորմի մեջ Թուրքիայի նշած գրեթե բոլոր երկրները մեկը մյուսի հետ բազում խնդիրներ ունեն: Իսկ որ այդ համագործակցության շուրջ թե° դրական, թե° բացասական զարգացումներն անմիջական ազդեցություն կունենան տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրի ներքաղաքական կյանքում` անվիճելի է:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ