Վրաստանի փրկությունը Սահակաշվիլուց ազատվելն է


Կիրակի, սեպտեմբերի 14-ին, ռուսական իրականության մեջ մեծ կշիռ ու հեղինակություն ունեցող քաղաքագետների մի խումբ մոսկովյան «ՀՁՀ» հեռուստաընկերության եթերում քննարկվում էր օգոստոսի 8-ից հետո աշխարհում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը: Անդրադառնալով այդ օրը Հարավային Օսիայի վրա վրացական զորքերի հարձակմանը, «Ռոսիյսկայա գազետայի» մեկնաբան Վիտալի Տրետյակովը անվարան ընդգծում էր, թե «Վրաստանը օսերի վրա չէ, որ հարձակվեց: Վրաստանը հարձակվեց Ռուսաստանի վրա, դա Սահակաշվիլու ռեժիմի ագրեսիվ պատերազմն էր առաջին հերթին Ռուսաստանի° դեմ…»: Այս պնդման մեջ ճշմարտության որոշակի բաժին կա: Վրաց-հարավօսական պատերազմը, անշուշտ,, ամենաուղղակի կերպով շոշափում էր բուն Ռուսաստանի շահերը, միտված էր ռուսներին Կովկասյան լեռներից անդին շպրտելու ամերիկյան վաղեմի ծրագրի «փորձարկմանը»: Վաշինգտոնը, վրացիների ձեռքով, «տնտղեց» այդ ծրագրի իրականություն դառնալու հնարավորությունը: Ահա ինչու Մոսկվան այդքան հիվանդագին ու այդքան զորեղ հակահարված տվեց Վրաստանի անհեռատես նախագահի ձեռնարկած խելահեղությանը: Վրաց-հարավօսական պատերազմի իրական մեղավորին թաքցնելու, ագրեսորին իբրև զոհ ներկայացնելու համառ ջանքերը, որ գործադրել ու գործադրում է Վաշինգտոնը, նույնպես ձախողվում են: Համաշխարհային լրատվամիջոցները, որ Վաշինգտոնի հրահանգը կատարելով միահամուռ, ավելի ազնիվ նպատակի ծառայելու արժանի եռանդով լծվել էին Սահայկաշվիլու սև երեսը սպիտակ ցույց տալու, աշխարհին դարձյալ «Հյուսիսի սպիտակ արջից բխող վտանգի դեմ համախմբվելու» քարոզչական պատերազմի բորբոքմանը, այժմ կամա-ակամա ստիպված են խոստովանել իրենց միակողմանիությունը, նախատրամադրվածությունն ու ոչ օբյեկտիվությունը: Մախաթը պարկում չես թաքցնի: Հիմա նույն այդ համաշխարհային լրատվամիջոցները բառացիորեն հերթի են կանգնել Ռուսաստանի նախագահի, վարչապետի, այլ իրավասու և իրադարձությունների զարգացմանը քաջատեղյակ պաշտոնատարների դռներին` նրանցից հարցազրույցներ խնդրելու և այդպիսով նաև ռուսական տեսակետը աշխարհին հրամցնելու: Հատկանշական էր վարչապետ Վլադիմիր Պուտինի չափազանց հուզական հարցազրույցը «Ֆիգարո» թերթին: - Մեզ մեղադրում են ուժի անհամաչափ կիրառման մեջ: Ի՞նչ անեինք, պարսատիկո՞վ պատասխանեինք վրացական տանկերի, թնդանոթների, հրթիռային համազարկային համակարգերի զանգվածային կրակին,- ասաց Պուտինը: Պուտինը բառացիորեն ծաղրում էր համաշխարհային լրատվամիջոցներին` նրանց հեգնանքով «շնորհավորելով» կեղծիքն իբրև ճշմարտություն ներկայացնելու, «Վաշինգտոնից իջեցված հրահանգը այդքան փայլուն կերպով կատարելու» համար: Ի սեր ճշմարտության հարկ է նկատել, որ սեփական ագրեսիան իբրև ռուսական նվաճողականություն ներկայացնելու անբարո ջանքերում ամենից ավելի եռանդունը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է: Երբ օրերս Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, որպես Եվրամիության նախագահող երկրի ղեկավար, այդ միջազգային կառույցի այլ պաշտոնատարների հետ կրկին ժամանել էր Մոսկվա, ապա նաև Թբիլիսի` «Մեդվեդև-Սարկոզի» պլանի կատարման ընթացքի առթիվ նոր բանակցություններ վարելու և հավելյալ կետեր մշակելու, Սահակաշվիլին առանց աչքը թարթելու Թբիլիսիում տված համատեղ ասուլիսում կրկին ստեց` հայտարարելով, թե «նախահարձակը ռուսներն են եղել»: Բայց ստի ոտքերը, ինչպես ժողովրդական խոսքն է բանաձևում, կարճ են: Եվ դա երևաց արդեն բուն Վաշինգտոնում, Սենատի հանձնաժողովի նիստում, ուր անգամ Ջորջ Բուշի կուսակից կոնգրեսականներից մի քանիսը հայտարարեցին, թե «ռուսները ճիշտ են, մենք ենք սխալ, ռուսները ընդամենը կանգնեցրել են վրացական ագրեսիան»: Հանձնաժողովում կոնգրեսականները մի իսկական քարաբաղնիս սարքեցին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի օգնականներ, մեզ լավ ծանոթ Մեթյու Բրայզայի և Դենիել Ֆրիդի գլխին` նրանց բառացիորեն ենթարկելով նվաստացուցիչ հարցաքննության: Իմաստն այն էր, թե այդ ինչպե՞ս է եղել, որ ամերիկյան հետախուզությունը ժամանակին չի զեկուցել երկրի ղեկավարությանը` ո՞վ է իրական նախահարձակը և տվյալ պարագայում ո՞վ է ինքնապաշտպանության իր իրավունքը իրականացնողը: Սա առնվազն անբարո մի ներկայացում էր, սեփական ժողովրդին ու համաշխարհային հանրությանը մոլորության մեջ գցելու համար վարչակազմի մեղքը հետախուզության վրա բարդելու ամերիկյան հին պրակտիկայի նորովի կրկնության անհաջող մի փորձ, ուրիշ ոչինչ: Նույնիսկ այն, որ Նիկոլա Սարկոզին ու Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյա նրա ուղեկիցները Դմիտրի Մեդվեդևի հետ համաձայնեցրին վրաց-հարավօսական պատերազմի պատճառները, ընթացքն ու հետևանքները անկախ եվրոպական հանձնաժողովի քննարկաման առարկա դարձնելու հարցը, փարիսեցիություն էր: Մեդվեդևը չառարկեց այդպիսի հանձնաժողով ստեղծելու դեմ, պահանջելով միայն, որ դրա կազմում ընդգրկվեն միջազգային մեծ հեղինակություն վայելող ազնիվ փորձագետներ: Եվրոպացիներին հանկարծակիի բերեց նաև ռուսների պատրաստակամությունը` անհապաղ, 10 օրվա ընթացքում, իր զինուժը ետ քաշել բուն վրացական տարածքից` Փոթիի, Սենակիի, Գորիի շրջակայքից, դեպի Հյուսիսային Օսիայի և Աբխազիայի տարածքներում գտնվող տեղակայման նոր վայրեր: Փոխարենը Մոսկվան եվրոպացիներից գրավոր հավաստիացում ստացավ, որ վրացիները իրենց հերթին սեփական զինուժը կվերդադրձնեն մշտական տեղակայման վայրերը և կստորագրեն Հարավային Օսիայի ու Աբխազիայի դեմ այլևս ուժ չկիրառելու պարտավորության տակ: Սահակաշվիլին նման պարտավորություն ստանձնեց, որի կատարման երաշխավորությունը դրված է Եվրամիության վրա: Սահակաշվիլիի` նման պարտավորություն ստանձնելն իսկ վկայում է, որ նա դրանով խոստովանեց, թե նախահարձակը վրացական կողմն է եղել: Այդպիսով ռուսները դիվանագիտական շատ մեծ հաղթանակ տարան և, որ ամենակարևորն է, իրենց ձեռքերի համար լիակատար ազատություն ապահովեցին հակամարտության հետագա բարդացումների դեպքում: Ինչու՞: Այն պարզ պատճառով, որ Սահակաշվիլին, երկրի նախագահ մնալու դեպքում, երբեք չի կատարի իր պարտավորությունները: Նա զորքերը հետ քաշող չէ, հակամարտության ուժային լուծման զառանցանքից հրաժարվող չէ, իսկ Եվրամիությունը հազիվ թե կարողանա նրան հետ պահել նոր արկածախնդրություններից: Արդեն սեպտեմբերի 14-ին Վրաստանի նախագահը, միտումնավոր աղավաղելով «Մեդվեդև-Սարկոզի» պլանի հավելյալ երեք կետերից մեկը, իր ժողովրդին հավաստիաց նում էր, թե դրանով, իբր, նախատեսված է, որ ռուսները հեռանալու են ոչ միայն բուն Վրաստանից, այլև Հարավային Օսիայից ու Աբխազիայից: Դա բացահայտ կեղծիք է, այդպիսի կետ չկա: Հարց է առաջանում` ինչու՞ է Սահակաշվիլին դիմում նոր կեղծիքի, եթե իսկապես մտադիր չէ ուժ կիրառել: Ակնհայտորեն այն նպատակով, որ երբ ամերիկյան օգնությամբ վերականգնի իր ջախջախված բանակի մարտունակությունը և պատրաստ լինի նոր հարձակման` սեփական ժողովրդին դարձյալ մոլորեցնի, թե ռուսները, իբր, չեն կատարում իրենց պարտավորությունը` չեն հեռանում «Վրաստանին պատկանող Հարավային Օսիայից ու Աբխազիայից»: Ուստի, իբր, իրենց այլ ելք չի մնում, բացի «ռուս ագրեսորներին վրացական հողից ուժով դուրս վռնդելը»: Աստված մի արասցե, բայց նման սցենարը նոր, շատ ավելի մեծ աղետ կդառնա վրաց ժողովրդի համար, ինչը կարող է հանգեցնել նույնիսկ աշխարհի քաղաքական քարտեզից Վրաստան պետության անհետացմանը: Ուստի ճիշտ են այն կարծիքները, որ Վրաստանի իրական փրկությունը նախ և առաջ Սահակաշվիլուց, որպես պետության ղեկավարից, որքան հնարավոր է` շուտ ազատվելն է:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ