Կտեղափոխվի՞ քաղպայքարն ավելի քաղաքակիրթ հուն


Հարավկովկասյան հետօգոստոսյան զարգացումները Հայաստանի արտաքին քաղաքականությունից բացի, կարելի է ասել ներքաղաքական մթնոլորտի վրա նույնպես ազդեցություն ունեցան: Փոխվել է արմատական ընդդիմության պահվածքը: Իրականությունը ճշմարիտ լույսի ներքո ներկայացնելու քաղաքական կամքի այս դրսևորումը ողջամտության երանգ է հաղորդում արմատական ընդդիմության գաղափարախոսությանը: Ավելի կառուցողական այս դիրքորոշման «մեկնարկը» տրվեց «Ժառանգություն» կուսակցության 5-րդ համագումարում, որտեղ ՀՀ առաջին նախագահը հայտարարեց. «Իմ շուրջ ձևավորված դաշինքը իր բովանդակությունը պետք է փոխի. ընտրություններն ավարտվել են»: Ու թվում է, թե առաջիկայում նստելու են կլոր սեղանի շուրջ, սակայն քաղաքականություն կոչված խառնարանում նման հարցերն այդքան պարզ հանգուցալուծում չեն ստանում: Ընդդիմադիրները դեռ հայտարարում են, որ միշտ պատրաստ են երկխոսության` քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո, իսկ իշխանությունն էլ պնդում է, որ Հայաստանում այդպիսիք չկան: Փաստորեն, առաջին հայացքից հաշտությունը, համենայն դեպս` մոտ ապագայում անիրականանալի է թվում: Բայց և միևնույն ժամանակ` Լ. Տեր-Պետրոսյանը քաղաքական հաճոյախոսություններ է հղում իշխանությանը: Բացի այդ, Կենտրոնի թաղապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրում այս տարածքի նախկին թաղապետ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը` հինավորելով. - Կենտրոն համայնքը մեր Հանրապետության մինի մոդելն է: Եղել եմ նաև հաղթող 1999 թ.` այդ ընտրություններում ընդդիմադիր լինելու պարագայում: Այս քայլի նպատակը երկու վարկած ունի: Կամ արմատականները հաշվենկատորեն փորձում են է°լ ավելի թեժացնել ներքաղաքական իրավիճակը: Մեզանում ավագանուց մինչև Նախագահի ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են որոշակի ընդհարումներով: Ուստի կարող են արնաբիծ հետևանքներ լինել, որոնցով ընդդիմությունը կթարմացնի քաղաքական խունացած կրքերը: Կամ էլ խիստ ներքին համաձայնությամբ` «Ընտրական պայքար» իմիտացիայով Կենտրոն թաղապետի պաշտոնը կհանձնվի Լ. Տեր-Պետրոսյանի թիմին: Այս կարծիքը հիմնավորող ուրիշ նրբերանգ էլ կա. արմատականները սոսկ ձևական մասնակցության պարագայում Ա. Զուրաբյանի տրամաչափի իրենց կադրին չէին առաջադրի` ևս մեկ պարտությամբ նորից արժեզրկելով վերջինիս քաղաքական հեղինակությունը: Բացի այս` Լ. Տեր-Պետրոսյանին սատարող ընտրազանգվածը հոգեպես դեռ պատրաստ չէ հաշտեցման, և արմատականները չեն կարող իրենց կողքին կանգնած մարդկանց հուսախաբ անել: Բոլոր դեպքերում` թշնամության վերափոխվելու միտում ունեցող կրքերը հանդարտվում են, սակայն Կոնգրեսը դեռ շարունակելու է հանրահավաքային իր ընդվզումները:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ