«Պետք է կարգի բերենք մեր տունը»


Սփյուռքահայ գործընկերների հետ կապերն առավել գործնական հարթություն տեղափոխելու միտումների լավագույն վկայությունը կլինի վաղը կայանալիք համահայկա կան լրատվամիջոցների ղեկավարների համաժողովը` «Աշխարհի հետ մեր ինքնությամբ» խոսուն թեմայով: Մինչ այս էլ, ինչ խոսք, համագործակցությունը եղել է, սփյուռքահայ շատ լրագրողներ Հայաստանի ժուռնալիստների միության անդամներ են, սակայն, թե° քննարկվելիք թեմայի ծավալայնության, և թե° մասնակիցների քանակի առումով սա, թերևս, ամենաընդգրկունն է: Ինչպես Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ է նկատում` - Նախկինում Հայաստան-Սփյուռք համաժողովներն ավելի ընդհանրական էին, ելույթները` ավելի շատ հռետորական: Հայաստանում անցկացվող վերջին համաժողովները խոստումնալից սկիզբ են` հետագայում ավելի կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար: Որևէ գործակցություն չի կարող լինել իրատեսական, եթե չկա դրա շարունակակա նությունն ապահովող մեխանիզմ: Այդ մասին մենք խոսեցինք նաև Բեյրութում` Արամ կաթողիկոսի հրավիրած «կլոր սեղանի» շուրջ. այնտեղ էլ լուրջ հիմնահարցեր հնչեցին, բայց այդպես էլ ցանկությունը մնաց որպես ցանկություն: - Հայաստանում նոր կառույցի` Սփյուռքի նախարարության ստեղծմամբ, անշուշտ, կապահովվի շարունակականությունը: Ընդամենը հաշված ամիսների ընթացքում Արտգործնախարարության կազմում գործող Սփյուռքի կոմիտեի, ավելի ստույգ` դրա ղեկավար Հրանուշ Հակոբյանի բազմաթիվ ձեռնարկումներն են այդ վկայում: - Ես շատ ուրախ եմ, որ արդեն կազմավորվում է այդ կառույցը: Մեծ հույսեր է ներշնչում հատկապես` որ դրա ղեկավարը բանիմաց, շատ խելամիտ, ոլորտը լավագույնս պատկերացնող, սրտացավ անհատ է` Հրանուշ Հակոբյանը: Արդեն անցել են ստեղծագործական մյուս միությունների հետ հանդիպումները, համաժողովները` «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ի շրջանակներում, հերթը մերն է: Եվ մենք լուրջ մտահոգություն ունենք: Եթե «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն անցկացվեց զուտ զգայական մթնոլորտում, մենք ունենք շատ լուրջ խնդիր: Հրավիրել ենք սփյուռքի մոտ 50 լրատվամիջոցների ղեկավարների, կմասնակցեն նաև Հայաստանի մոտ 30 լրատվամիջոցի ղեկավարներ: Պետք է պարզ գիտակցենք, որ մամուլն է այն հզոր միջոցը, այն զենքը, որն իրոք կարող է ամուր կամուրջ ստեղծել և հետագայում ամրապնդել կամուրջը` հրապարակումներով, փոխադարձ կապերով, էջերի փոխանակումով: Եվ սփյուռքի կոմիտեի նախագահի առաջարկությամբ Ծաղկաձորում, համաժողովի ժամանակ մենք պետք է ստեղծենք, ձևավորենք մշտական գործող համահայկական լրագրողական խորհուրդ: Համաժողովները շարունակական են լինելու, և պետք է կարողանանք այդ խորհրդում այնպիսի ներկայացուցչականություն ապահովել, որ իսկապես գործուն լինի: Այդ նպատակով էլ, այս համաժողովի (որն առաջինն է նման մակարդակով, իր մասշտաբներով ու ձևաչափով) ամբողջ ընթացքը պետք է ամփոփվի փոքրիկ գրքույքում: Այն պետք է լինի աշխատանքային ծրագիր` թե ինչ հարցեր են բարձրացվել համաժողովում, որոնք հրատապ լուծում են պահանջում: Դա ոչ միայն այս համաժողովի մասնակիցների, այլև այն բոլոր խմբագիրների, այն բոլոր լրագրողների համար է, ովքեր ապրել են հայրենիքի, հայապաշտպանության մտահոգությամբ, ովքեր ապրում են մայրենի լեզվի անաղարտության հոգսով: Մեր առաջին կարգախոսն է` «Աշխարհի հետ մեր ինքնությամբ». այսինքն, մենք մեր ինքնությունը պետք է պահենք` մեր ազգային արժեքները պահպանելով: Պետք է գնանք աշխարհի հետ համաքայլ` արժանապատվորեն պահպանելով մեր մայրենին, մշակույթը, ինքնությունը, նկարագիրը: Համաժողովի երկրորդ կարգախոսը` «Հայաստանը համայն հայության հայրենիքն է», նույնպես խոսուն է: Յուրաքանչյուր հայ, անկախ իր բնակվելու վայրից, պետք է ապրի Հայաստանով և Հայաստանի համար: Սա ամենակարևոր կարգախոսն է, որովհետև չի կարելի ապրել այլ երկրում և այնտեղ այպանել Հայաստանի պետական այրերին, ապրելակերպը, ընտրությունները: Եկեք, մեզ հետ քարը քարի վրա դրեք, մեզ հետ տարեք մեր ծանր օրերը, դժվարությունները, որը մենք պատվով ենք անում, որովհետև մեր տունն ենք կառուցում: Եկեք` մեզ հետ մեր տունը կառուցենք: Եթե այդ ճակատագրով դատապարտված եք` դրսում ապրելու, սիրելի հայրենակիցնե°ր, դուք մեզ նման շնչեք մեր օդը, որովհետև որքան հզոր լինի հայրենիքը, այնքան դուք թիկունքնե°րդ ամուր եք զգալու: Այս է իմ կարգախոսը: - Առավել ևս` Հայաստանում արդեն, իսկապես, «քարը քարին է դրվում». այսինքն` հաղթահարված են դժոխային մղձավանջները: Հայաստանն արդեն վերագտնում է իր դեմքը, և արվում է ամեն ինչ, որպեսզի տնտեսապես հզոր լինի: Մենք բաց տարածաշրջանում ենք ապրում և չգիտենք` վաղն ինչ անակնկալներ կլինեն: Մեզ պետք է ավելի շատ բարոյական հենարան: - Հրանուշ Հակոբյանը շատ կարևոր մի փաստի վրա է հրավիրում բոլորիս ուշադրությունը` մենք 10 միլիոն ենք, և մեր բոլոր ծրագրերը, բոլոր մոտեցումները պետք է ելնեն այդ 10 միլիոնի հզորությունից ու հնարավորություններից: Կկամենայի, որպեսզի յուրաքանչյուր հայ գիտակցի, որ ինքը 10 միլիոնի մի մասնիկն է, և ամեն մի մասնիկ շատ կարևոր է այս տունը կառուցելու համար: - Ցանկությունները հրաշալի են: Իսկ ակնկալիքնե՞ր: - Լուրջ մտահոգություն ունեմ մի հարցի վերաբերյալ. սփյուռքը բազմաշերտ է: Կա հին սփյուռք, որը կայացել է` ճակատագրի բերումով: Ապրում է, դրսում ունի իր հացը, իր տունը, դպրոցը: Վերջին տարիներին, հատկապես ԱՊՀ երկրներում, Ռուսաստանում ձևավորված սփյուռքը բոլորովին ուրիշ նկարագիր ունի: Մեզ կհաջողվի՞ արդյոք բոլորին համախմբել մեծ ընտանիքի մեջ և բոլորին հասցնել այն գաղափարը, որ մենք նույն կերպ ենք մտածում, նույն հոգսով ենք ապրում` Հայաստանում, Հայաստանի համար: Միևնույն է տունդարձը լինելու է: Այլապես ինչո՞ւ է յուրաքանչյուր հայ գալիս այստեղ և հյուրանոցում կամ այլ կացարանում փնտրում այնպիսի պատուհան, որը մասսահայաց լինի, ինչո՞ւ է յուրաքանչյուր հայ արտասվում` հայատառ ցուցանակներ կարդալիս: Ուրեմն նրա հայացքը դեռ Հայաստանին է ուղղված և այդպես էլ կմնա մինչև վերջ: Ուրեմն, կանաչ պահենք տունդարձի այդ ճանապարհը և այնպես անցնենք այն, որ բարի հետքեր թողնենք մեզանից հետո: - Հրաշալի բան ասացիք` հայատառ ցուցանակները: Մինչդեռ այսօր ցավով պետք է փաստել, որ հայատառ ու հայանուն ցուցանակները Երևանում ու մեր մարզերում էլ գնալով պակասում են... Այսինքն` մենք կարող ենք ասել, որ այս համաժողովը դառնալու է այն սկիզբը, որ մինչև հիմա մեզ տանջած` սփռվածության, մասնատվածության ցավը ինչ-որ իմաստով դառնա առավելություն: - Մի փոքր կարող է պարադոքսալ թվալ, որ մենք սփյուռքից պահանջում ենք հայապաշտպանություն, անաղարտ մայրենի, բայց Երևանի փողոցներում օտարալեզու և օտարատառ ցուցանակներ ենք կարդում: Ես պարզապես չեմ կարողանում դրա պատասխանը գտնել: Մեր հայրենակիցներից մեկի ելույթը նվիրված է լինելու հենց դրան` մայրենիի պահպանությանը, և օրինակ է բերված մեր հեռուստաեթերից, թե ինչպես հայրենիքում արմատացած այս մայրենի լեզվի խաթարումները հոսում են դեպի սփյուռք: Դա ամենավտանգավոր ու ցավալի փաստն է: Մենք պետք է կարգի բերենք մեր տունը: