Ինչու՞ է այսքան արագ դատարկվում աշխարհը


Կյանքի հետ քայլող, նրա հետ բազմաթիվ թելերով կապված անհատականությունները փորձում են մարդուն մղել դեպի բարին, իսկ բարության մեջ տեսնել նրա իսկական ինքնությունը, կոչումը: Իսկ անհատականությունների գրչի տակ ազգի ոգին է շենանում: Արարատ Խանզադյանն իր արհեստանոցում գունային պատմության, գրականության խորքերում երբեք չի դադարել հոր մասին հուշեր գրելու մտքից: Հոր` Սերո Խանզադյանի սևեռուն հայացքի ու հոգու անդունդի միջից շատ անգամ է լսել. «Մեր հզոր անհատականությունները հետո են գնահատվելու»: Հայոց երկրի քարով ու հողով շնչող եռանդուն այս մարդը որդու` Արարատի սրտում մնաց միշտ պարզ ու բանիմաց հայի կերպարով: - Հայաստանի ամեն մի բուռ հող սրտի թրթիռով էր զգում: Մեզ` որդիներիս համար թողեց սրբասուրբ պատգամ` սիրեք ձեր հայրենիքը ամեն ինչից առավել: Բախտ եմ ունեցել հորս հետ տեսնել Հայաստան աշխարհը: Երջանկություն էր նման մարդու հետ շրջելը: Լինելով երեխաներից ավագը` սեղանակցում էի մեր տուն հյուրընկալվողներին: Նրանց խոսքն ու զրույցն ուրիշ համ ու հոտ ուներ: Միշտ ասում էր` լավ լսիր, ուշադիր եղիր... Մի օր առավոտ կանուխ ձեռքիցս բռնած` մի տեղ տարավ: Գորիսում էինք, նեղ կածանով հասանք Վանքի տափ կոչվող տեղը: Դա մի ամֆիթատրոն հիշեցնող վայր էր` ներքևում արտերն էին, վերևում` անտառներ: Նստեցինք հսկա ծառի տակ, ու զգուշորեն ինձ ասաց` ուշադիր լսիր, ասես բարձր ձայնը կխանգարեր բնության ու մարդու ներդաշնակցությունը: Հնձվորների հորովելը հասնում էր մինչև երկինք: Այդ տպավորությունն ինձ հետ ապրեց ու մեծացավ, և մինչև այսօր իմ ականջում դեռ հնչում է նրանց հորովելը, չի դադարում, չի կտրվում ինձանից, ասես, հորս է թելերով կապում ինձ հետ, ինձ մոտեցնում մեր հող ու ջրին, սիրտս` սրտին: Նա ինձ սովորեցրեց տեսնել Հայաստանի գույները, որոնք այսօր իմ կտավներում են խտացված: Տանը նրան մռայլված կարելի էր տեսնել գրելիս, անիմաստ էր նրան խանգարել, ուրիշ էր դառնում: Հետո հասկացա, որ ասես իր հերոսների կերպարանքն էր ստանում, ներխուժում նրանց հոգու խորքերը: Որդու բնորոշումը դիպուկ էր: Գուրգեն Մահարին հրաշալիորեն բնութագրել է Խանզադյան գրողին. «Դու մարդուն ու բնությանը, որոնք իրար ձուլված են, հրաշալի ես տեսնում»: Իրենց տան մշտական այցելուները` Դերենիկ Դեմիրճյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Հովհաննես Շիրազը, Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, Պարույր Սևակը, Հրանտ Թամրազյանը, իրեն շատ էին սիրում, մասնակից դարձնում իրենց զրույցին: - Հիշում եմ Ավետիք Իսահակյանի խոր, պրպտող հայացքը: Ինձ «փոքրիկ Սերո» էր ասում: Առաջին անգամ, երբ նրան տեսա, ինձ նստեցրեց կողքին, իսկ ես ուշադիր նայում էի նրա կրծքանշանին: Թույլ տվեց, որ շոյեմ այն, ապա ասաց. «Երբ մեծանաս, դու էլ սրանից կունենաս»: Իհարկե, ես չունեցա, իսկ հորս շքանշանները սրբորեն պահում եմ, ինչպես նաև մյուս մասունքները: Հուսով եմ` կիրականանա նպատակս, և հորս անձնական իրերը պատվավոր տեղը կունենան Գորիսի տուն-թանգարանում: Այդ օրը հեռու չէ... Սովորաբար քաղաքական գործիչներ շատ են լինում, ազգային մտածողության, գաղափարի կրողներ քիչ են ծնվում: Նրա «Մխիթար Սպարապետը» այնքան մեծ դեր ունեցավ հայ ժողովրդի ազգային ոգին պահպանելու գործում: Գուցե պետք չէ շռայլել վեհաշուք բառեր, բայց մի խիզախում անենք, մանավանդ որ Սարոյանի բնորոշմամբ. «Գրողը պետք է մանկան աչքերով նայի աշխարհին», իսկ սարյանական ուժգնությամբ. «Սերո°, դու լավ գիտես մեր երկիրը»: Հայաստան եկած շատ ու շատ հյուրերին ինքն էր ծանոթացնում հայոց աշխարհի, հայ ժողովրդի հետ: Իր ստեղծագործությունները հայկական շնչով են շաղախված: Գևորգ Հայրյանի մեկնաբանությամբ. «Նրա յուրաքանչյուր միտքը հայկական է... Սերո Խանզադյանի հիմնական երկերը թարգմանվել են տարբեր լեզուներով` ռուսերեն, բուլղարերեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն... »: Սերո Խանզադյանը տվեց հոգուց ծնված բանաձևումը. «Արվեստի ուժը ազգային ցավի ճշմարիտ պատկերման մեջ է»: Ազգային ցավը դարերի մեջ է` գրողի գրչի ու արվեստագետի սրտի թանձրույթում: -Մի անգամ էդուարդ Թոփչյանի ու Վաղարշակ Նորենցի հետ Մեղրի գնալիս հայրս առաջարկեց մտնել Ագուլիս քաղաք: Հայրս մի քանի անգամ եղել էր այնտեղ: Մշտավառ սիրահար էր պատմական հարենիքի... Անշուշտ, հեշտ չէր այնտեղ մտնելը: Որոշ ժամանակ անց իմ առաջ հրաշալի տեսարան բացվեց... Սքանչելի քաղաք էր... Տասնհինգամյա հիշողությանս մեջ դա ուժգնությամբ տպավորվեց: Մեկ ժամ շարունակ շրջեցինք, պատկերներ էի դրոշմում հոգումս: Հայրս համոզված էր, որ բանասիրությունն եմ ընտրելու: Իսկ իմ հոգում հորովելն էր գույների հետ միախառնվում: Վերադարձանք ու շարունակեցինք մեր ճանապարհը: Մեր ճանապարհին հսկա դաշտը` համատարած կարմիրով, բոլորիս ուշադրությունը գրավեց: Երբ հարցրի, հայրս ասաց. «Ավարայրի դաշտն է, կարմիրն էլ հայի արյունն է...»: Երբեմն այնպիսի բան էր ասում, որ ավելի ճիշտ էր` գեղարվեստորեն ճիշտ: 1998թ. մահվանից երկու օր առաջ զրույցի էր բռնվել հետս, հարցրեց` Արարատն ու Նախիջևանը մե՞րն են արդեն, ասացի` «այո, Հայրիկ»: Միակ սուտն էր, որ հորս ասել եմ, և թող իրականություն դառնա իմ սուտը: Ցավով ուզում եմ մի ճշմարտության մասին խոսել, անցյալ տարի Մոսկվայում տպագրվել են «Մխիթար Սպարապետ» և «Թագուհին Հայոց» վեպերը, միանգամից վաճառվել են: Սակայն հեղինակային իրավունքի ոտնահարում է եղել: Չպետք է թույլ տան նման բան: Սերո Խանզադյանից հետո նրա ժառանգության նկատմամբ պիտի լինի արժանի վերաբերմունք: Քչերին է բախտ վիճակվում լինել այնպես, որ ապրած տարիներն անընդմեջ աղոթք հիշեցնեն: Գնալուց առաջ նրանք ողջ էությամբ դարձան մեր մի մասնիկը: Իսկ վերջում իմաստունի ուժգնությամբ հարցադրումն է հետևում` գրողի հոգուց բխող ցավալի տագնապը. «Ինչո՞ւ է այսքան արագ դատարկվում աշխարհը»: Զրուցակիցս` Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի գունանկարի ամբիոնի դոցենտ, 1976 թվականից ՀՆՄ անդամ. 1987թվականից ՀՆՄ վարչության անդամ Արարատ Խանզադյանը, ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ու Սյունիքի նկարիչների միավորումներ ստեղծելու գործում:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ