Նամակ գործող բանակից Եղբայր Խիկար.


Չկարծես թե պատահականորեն եմ գրում այս նամակը` քեզ: Այն երկար ժամանակվա ու կարոտի ծանրության տակից դուրս եկած տողեր են` անդրադարձումներ հոգեկան մեծ ապրումների: Կան երևույթներ ու դեպքեր, որոնց ես մոռանալ չեմ կարողանում, չնայած դրանք դարձել են խոր անցյալ, դարձել են հուշեր ու ոչ մի իրական կապ չունեն այս մեծ առօրեայի թոհուբոհի հետ: Անցյալը միշտ մնում է անցյալ, բայց այդ անցյալից մարդու մեջ մնում է այն, որը ժամանակի ընթացքում բնավորության գիծ է դարձել: Իսկ բնավորության այս, կամ այն գիծը բնաջնջել հոգուց` դժվար է: Շատ եմ ցանկացել մոռանալ շատ բաներ, որոնք ինձ կապում են 30-ական թվականների իմ կյանքի հետ: Ճիշտն ասած նրանցից արդեն գերակշռող մասը չկա իմ մեջ, ոչ պոեզիայիս (որը քիչ է զբաղեցնում ինձ), ոչ բնավորությանս և ոչ էլ հուշերիս մեջ: Թանկագին բեկորների նման, սրտիս մեջ, երգերումս և հիշողությանս մեջ պարզ ու վառ են մնացել որոշ դեպքեր ու դեպքերի շարքեր, իհարկե, կապված դեմքերի հետ: Կոնկրետ ասած, Խիկար, քեզ մոռանալ չեմ կարողանում: Այժմ, երբ թվում է, թե բախտի ահեղ հարվածներից հետո պետք է մոռացման տայի և քեզ և շատ մտերիմների, դու քո ամբողջ հասակով կանգնած ես իմ դեմ: Չգիտեմ վշտանա պիտի հոգիդ, թե հեգնորեն ծիծաղի, բայց կուզեմ ասել, որ ես արդեն ցամաքում եմ: Նոր գիտությունները, նոր շրջապատն ահեղ հարվածներով հետ են վանում ինձնից այն, ինչ ես սուրբ եմ համարել և կյանքիցս անբաժան: Պոետական ընդունակություններս հալվում են: Հոգուս մեջ ահեղ պայքար է գնում: Առաջինններն ստանում են ամենօրյա նոր լիցքեր, կամա թե ակամա նրանք հարստանում են, զորանում, իսկ մյուսը (պոեզիա), ոչ մի աղբյուր չունենալով, դիմադրում է համառորեն, չի ցանկանում զիջել ոչինչ: Ինչո՞վ կվերջանա այդ, չգիտեմ: Շատ բաներ եմ մոռացել և մոռանում եմ: Գրել անգամ, հասարակ մի նամակ, դժվարանում եմ: Ահա թե ինչն է ինձ սարսափեցնում, բարեկամ: Եվ այս ամենի մասին, որոշեցի քեզ գրել, որ դու չծիծաղես: Ոչ մի քառյակ մեր քերթողներից չեմ հիշում. այս ամենն զգալով մազերս փշաքաղվում են: Հատ ու կենտ երգեր են մնացել իմ հիշողության մեջ, որոնք էլ խոր արմատներ են ձգել իմ հոգում և թվում է, թե անջնջելի են: Կարոտը չափազանց հետաքրքիր զգացմունք է: Կյանքս անցել է սպասումների և կարոտի մեջ: Չեմ հիշում մի օր անգամ, որ զարմանքով ու սպասումներով չանցներ: Ե՞րբ կվերջանա այս անծայր սպասումներս, չեմ կարողանում պատասխան գտնել: Մի՞թե չեմ կարող իրականացնել այն բազմաթիվ լավերից գոնե մեկը, որոնք ես երազել և հիմնադրել եմ: Սկսել եմ շատ բաներ, գեղեցիկ բաների հիմքերը շատ եմ դրել, բայց նրանց կատարելագործելու հնարավորություններից ինձ կամ զրկել են, կամ չեմ կարողացել ավարտել: Հիշում եմ «Վահրամ Որոտանցիս». բեմադրությունից հետո ես ցանկացել եմ այն հարթել, կատարելագործել, դարձնել շատ թե քիչ կայուն գործ, բայց… Բայց դու գիտես, ինչ ստացվեց: Մի խոսքով կյանքն ինձ ամեն ինչ, ամեն ինչ, ինչ ես ցանկացել եմ, տվել է, բայց ամենից մի քիչ: Ես նմանվում եմ այն ծարավից այրվողին, որին տվել են սառը ջրով կուժը և ստիպել, որ միայն կժի թաց շուրթերը համբուրի: Գիտեմ, որ առողջությունդ կորցրել ես, հիվանդ ես, ի՞նչ կարող եմ ասել, խոսքերը ոչ մի օգուտ չեն բերի, Տա Ած, վերականգնվի առողջությունդ, սիրելի Խիկա°ր: Առողջ եմ, հոգով արի, նոր կռիվների համար և ուժ ունեմ և տրամադրություն: Ցնոր գրությունդ. Ողջ լեր: Բարևներով քո` Սերո ԽԱՆԶԱԴՅԱՆ P. S. Բարևիր մորդ, կնոջդ, երեխաներիդ: Նոյեմբերի 12, 1944 թ. Լատվիա