ՀԵՐԹԱԿԱՆ ՈՐՈԳԱ՞ՅԹ...


- Երբ ԱրմենԹելին փոխարինեց օտարահունչ Բիլայնը, մի տեսակ թեթևացած շունչ քաշեցինք: Շտապեցինք թերևս: Կարճ ժամանակում պարզվեց, որ Բիլայնն ԱրմենԹելի «արժանավոր» իրավահաջորդն է, և նրան բնորոշ շատ գծերի հետ ժառանգել է նաև մեքենայություններ կատարելու «վարպետությունը»,- վրդովված պատմում է Դավիթաշեն համայնքի բնակչուհի Կարինե Վարդանյանը: Վարդանյանների ընտանիքը չի էլ պատկերացրել, որ հունիս և հուլիս ամիսներին, օգտելով «Նորք» միջազգային հեռախոսակապից, իրեն պարտադրվելու է լրացուցիչ վճարել նաև Բիլայնին: Հարցը ճշտելու նրանց խնդրանքը, Բիլայնն, իհարկե, անպատասխան չի թողել, և քաղաքավարության պայմանականությունները պահպանելով` հետո առաջարկել է վճարել նշված գումարը, և դրանով հարցը լուծված համարել: Մենք փորձեցինք հարցի մանրամասները ճշտել Բիլայնի բաժանորդների սպասարկման բաժնից: Բաժնի աշխատակից Գեղեցիկ Միրաքյանը ծանոթ էր խնդրի էությանը, և «պարզաբանեց», որ իրենք հարցում են արել 5 ESS միջազգային կազմակերպությանը և ճշտել, որ տվյալ հեռախոսահամարից Ամերիկայի Միացյալ Նահանգներ զանգեր կատարվել են: Իսկ ինչո՞ւ են դրանք միաժամանակ գրանցվել և° «Նորք» միջազգային հեռախոսակապով, և° «Բիլայն»-ով: Գ. Միրաքյանը ենթադրում է` - Միգուցե բաժանորդը հեռախոսի սխալ կոճակ է սեղմել և զանգեր է ուղարկել: Հարցի առնչությամբ փորձեցինք տեղեկություններ ստանալ նաև «Նորք» միջազգային հեռախոսակապի պատասխանատուներից: Չի կարելի ասել, թե տնօրեն Արմեն Վարդազարյանի խոսքը հուսադրող էր. - Մենք արդեն հոգնել ենք դռներ թակելուց: Ձեզ համար էլ, կարծում եմ, գաղտնիք չէ, թե բյուրոկրատական ի՞նչ արգելքների կարելի է հանդիպել ԱրմենԹել-Բիլայնի աշխատաոճում: Շատ-շատերն են անցել դատական քաշքշուկների միջով` արդարության հասնելու համար, սակայն կարելի է ասել, որ ոչ մեկին չի հաջողվել հաղթանակած դուրս գալ: Նման միջադեպերից խուսափելու համար, մենք առաջարկություններով դիմել ենք Հանրային հարցերն ուսումնասիրող հանձնաժողովին: Մի բան պարզ է, Բիլայնն ունի փաստարկներ, իսկ մենք չունենք հակափաստարկ: Նյարդեր և ժամանակ է պահանջվում` հիմա էլ Բիլայնի դեմ պայքարելու համար: Հավատացե°ք, շատ եմ ուզում, որ այդ պայքարն արդյունավետ լինի և ոչ թե ինքնանպատակ: Իսկ խեղճ բաժանորդը, որ մոլորվել է եղած «փաստարկների» և չեղած «հակափաստարկների» մեջտեղում, ապարդյուն փորձում է իր ճշմարտացիությունը ապացուցել և ավելորդ գումարներ չվճարել` գոնե այսուհետև: Նկատի ունենալով նաև նախորդ տարիների դառը փորձը` թե° Բիլայնի բաժանորդներին և թե° միջազգային այլ հեռախոսակապերից օգտվողներին խորհուրդ ենք տալիս որոնել ավելի հուսալի գործընկեր կամ հիշեն վաղեմի բարի ավանդույթը` նամակագրությունը: Այդ կերպ հնարավոր կլինի խնայել նյարդերը և գումարներ չվատնել: Ի՞նչ հոգ, թե ժամանակավրեպ կլինեն լուրերը, և պնդողներ կան, թե տեխնիկան զարգացել է: ԱրմենԹել-Բիլայնի պարագայում մեքենայություններն էլ են կատարելագործվում: Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ Խարդախությամբ հափշտակել են ապահովագրական ընկերությունից 2007 թվականի հոկտեմբերի 25-ին քաղաքացի Գագիկ Ավագյանը, նախնական համաձայնության գալով «Լոնդոն-Երևան Կօ» ընկերության աշխատակից Վահան Սահակյանի հետ, լիազորագրով իրեն վստահված և վթարի ենթարկված «Մերսեդես-Բենց ML 320» մակնիշի 88LU220 պետհամարանիշի ավտոմեքենայի փոխարեն ընկերությանն է ներկայացրել մեկ այլ` նույն գույնի և մակնիշի, առանց վնասվածքների ավտոմեքենա և ապահովագրական պայմանագիր կնքել ընկերության հետ` ներկայացնելով վնասված ավտոմեքենայի 88ԼU220 պետհամարանիշը: Գագիկ Ավագյանը նախնական համաձայնության է եկել նաև ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչ, ոստիկանության կապիտան Սուրեն Սարգսյանի հետ: Վերջինս էլ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կեղծ նյութեր է նախապատրաստել «Մերսեդես-Բենց ML 320» մակնիշի, 88LU220 պետհամարանիշի և «Մերսեդես-Բենց E 230» մակնիշի 10SL919 պետհամարանիշի ավտոմեքենաների վթարի վերաբերյալ, ինչի արդյունքում 2008 թվականի մարտի 28-ին խարդախությամբ ընկերությունից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումարներ: Պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2008 թվականի սեպտեմբերի 11-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308 և 314 հոդվածների 1-ին մասերով, ինչպես նաև 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հատկանիշներով: Գագիկ Ավագյանը և Սուրեն Սարգսյանը կատարված հանցանքի համար ձերբակալվել են : Կատարվում է նախաքննություն : ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար