Միջազգային ընտանիքն ու հայկական կողմն` ընդդեմ Անկարայի առաջադրած եռանկյունու

(Ըստ Անկարայի առաջադրանքի)

Պուտին-Ռուհանի, Պուտին-Ալիև, Պուտին-Էրդողան, Պուտին-Սարգսյան անմիջական ժամանակի միջև իրար հաջորդող հանդիպումների ընդհանուր անունը, ինչպես նկատվում է` Պուտինն է: Սա, իհարկե, պարզեցված տեսողականության արագ նկատելու խաղ չէ և հուշում է, որ գլխավոր խաղացողը, հարցերը համադրողը, հրավիրվող-հրա վիրողը ՌԴ-ն է, որը հստակ ճիգի մեջ է` տարածաշրջանում իր անշրջանցելիությունը վերընդգծելու, գլխավոր առանցքն իր շուրջը գոյացնելու և գործընթացների էպիկենտրոնը համարվելու հանգամանքն ամրակայելու:

Այս ճիգն ինքնին հուշում է, որ ռուսական գործոնի չեզոքացման ուղղությամբ որոշ ալիքավորումների դիմաց է, որ պաշտոնական Մոսկվան վերահաշվարկումների է դիմում: Նախ` հատկապես Անկարայի նկատմամբ ասված-չասված ներողությունը ընդունելով շատ արագ վերաբնականոնացման հարաբերություններ ձեռնարկելու: Նույն արագությամբ շրջադարձ կատարելու պատրաստ Անկարան ևս, որը Մոսկվայի նման շոշափելիորեն զգում է Արևմուտքի կողմից մեկուսացման ենթարկված լինելու հետևանքները, պատրաստակամություն է հայտնում ներողությունից ավելին էլ հայտարարելու:

Հիմա անցում կատարենք հայկական հարցերին և այնտեղ ևս նկատենք, որ այս հանդիպումներին հաջորդած հայտարարություններում բեկումնային նոր պահ ստեղծված լինելու որևէ հիմնական նորություն չկա: Սա չի նշանակում, որ ամեն ինչ իր ընթացիկ և դասական եղանակով և կշռույթով է ընթանում և, որ Մոսկվան շահագրգռված չէ Արցախյան հակամարտության իր ուրույն ծրագիրը գործնականացնելու:

Առ այս պահը դեռևս համոզիչ չէ, որ Մոսկվան լուրջ շարժառիթներ ունի ստատուս քվոն փոխելու: Պարզ է, որ ռուսական պարտադրանքով կասեցված քառօրյա պատերազմին պիտի հաջորդեին ռուսական գերմիջնորդությամբ բանակցություններ: Այդ բանակցությունների կարևոր հանգրվաններ են Վիեննան և Պետերբուրգը. Ոչ ավելին:

Ստատուս քվոյի փոփոխության համար, թուրք և ադրբեջանական պատկերացումներով նախ պետք է փոխել միջնորդական առաքելության ձևաչափը: Այստեղ միջազգային ընտանիքի որոշումներին համահունչ կեցվածք ունի Երևանը: Նախագահ Սարգսյանը Մոսկվայում վերահայտարարեց, որ հայկական կողմը ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելու դիրքի վրա է: Այլ խոսքով, քառօրյա պատերազմին հաջորդած` Վիեննայով և Պետերբուրգով որոշված երկկողմանի հանձնառություններին: Այդ հանձնառությունների ստանձնումը արձանագրվել է ռուսական գերմիջնորդական ներկայությամբ և նրա համաձայնությամբ:

Մինչդեռ այս մաքոքային հանդիպումներից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սանկտ - Պետերբուրգից Թուրքիա վերադառնալուց հետո հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կա որոշակի տեղաշարժ, գրում է թուրքական «Ակշամ» թերթը:

Նրա խոսքով` եթե «առաջին հերթին Ադրբեջանի 5 շրջաններն ազատագրվեն հայկական օկուպացիայից», ապա տարածաշրջանում կարող է սկսվել կարգավորման գործընթաց:

- Ողջ աշխարհը գիտի, որ ադրբեջանական տարածքներն օկուպացված են Հայաստանի կողմից: Եթե բոլորը դա ընդունում են, ապա ինչո՞ւ վերջ չտալ այդ օկուպացիային,- ասել է Էրդողանը:

Ըստ նրա` ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանն ավելի քան 23 տարի է, ինչ չեն կարողանում կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

- Ներկայումս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատում է այդ հարցի վրա,- ասել է Էրդողանը:

Խոսելով Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ ձևաչափի մասին` Էրդողանը նշել է, որ Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան և Ռուսաստանը, դրական են վերաբերվում այդ ձևաչափին:

Նրա խոսքով` Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ ձևաչափի ստեղծման հարցը. «Նման ձևաչափի ստեղծման հիմնական նպատակը տարածաշրջանի իրադարձություններին հետևելը և վերահսկելն է»,- ասել է Էրդողանը:

Ստացվում է, որ հայկական կողմը գնում է ընդառաջ միջազգային ընտանիքի ճշտած ձևաչափին և հանձնառու է մնում միջնորդների ներկայությամբ կայացած պայմանավորվածություններին: Մինչդեռ Անկարան, ուղղակի ստանձնելով Բաքվի խոսնակի պաշտոնն այս հարցում, պարզ է դարձնում միջնորդական ձևաչափի, ուրեմն միջազգային ընտանիքի առաջացրած խմբերի աշխատանքի մերժող լինելը:

Այստեղ խնդիրը ռուսական կողմի երկու ձևաչափերում հայտնվելն է: Առաջինը` արդեն իրավական հիմք ունեցող և միջազգային ընտանիքի կողմից որոշված, երկրորդը` Անկարայի կողմից առաջարկված, որը խորքում, եթե մի կողմից Անկարայի ներգրավումն է հակամարտության լուծմանը, մյուս կողմից Արևմուտքի` ԱՄՆ-ի և Եվրոպայի դուրս մղումն է Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ընթացակարգից:

Էրդողանն իր այս հայտարարություններով կամա թե ակամա քաղաքական խաղասեղանի վրա ճշտում է դիրքեր. միջազգային ընտանիքն ու հայկական կողմն` ընդդեմ իր կողմից առաջադրվող Անկարա-Բաքու-Մոսկվա եռանկյունու:

Անկարայի կողմից թելադրվող խաղի այս կանոնն արդեն հուշում է, որ Արցախյան ստատուս քվոն փոխելու պահն անմիջականությունից հեռու է:

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ