ԲՈԼՈՐԸ ՄԵԿԻ ԴԵՄ


 

Շատ ռազմագետներ պնդում են, որ երրորդ համաշխարհային պատերազմ` գլոբալ առումով, չի լինելու, այլ լինելու են պատերազմներ, որոնք ուղղորդվելու են մեկ կամ մի քանի պետությունների կողմից և որոնցում իբրև հարձակվող, հանդես են գալու մի քանի տասնյակ պետություն: Այսօր, ծանոթանալով Սիրիայում կատարվող իրադարձություններին, կարելի է ասել, որ նմանատիպ մի պատերազմ արդեն սանձազերծվել է:

Ինչպես վկայում են մի քանի լրատվամիջոցներ, Սիրիայի ապստամբները զենք են ստանում Իսրայելից ու Արևմտյան Եվրոպայի երկրներից: Դամասկոս-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի պատասխանատու քարտուղար Հալեդ ալ-Աբուդը: Նա նշել է, որ Սիրիան թույլ չի տա շրջափակել իր տարածքը: Եվ չնայած բոլոր երկրները գրոհում են Սիրիայի վրա, բայց, այնուամենայնիվ, ո´չ ահաբեկիչներին, ոչ էլ այլ կազմակերպությունների չի հաջողվում ղեկավարել իրավիճակը: Ստացվում է, որ, այո, այսօր Սիրիան հայտնվել է Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում, որոնք կամենում են ոչ միայն ծնկի բերել սիրիական իշխանություններին, այլև լուծել աշխարհաքաղաքական հարցեր` այստեղ մեծացնելու համար Իսրայելի ազդեցություն ները:

Շատ վերլուծաբաններ, անգամ դեմ դուրս գալով Ասադի վարչակարգին, այնուհանդերձ նշում են, որ սկիզբ է առել մի անբարոյական պատերազմ, որին զոհ են գնում խաղաղ սիրիացիները, ավերվում է հզոր տերությունը:

Այսօր արդեն պաշարված քաղաքներում մարդիկ մնացել են քաղցած, քանդվել են բազմաթիվ գործարաններ, ինչը նշանակում է, որ առաջիկա երեսուն-քառասուն տարում Սիրիան հայտնվելու է աղքատ պետությունների շարքում:

Սիրիայից մեզ տեղեկացրեցին, որ բազմաթիվ հեռուստաընկերություններ կեղծում են իրականությունը, գրեթե բոլորը կատարում են ամերիկյան պատվերները` պատերազմը ներկայացնելով որպես ճշմարիտ հեղափոխականների և բռնապետական իշխանությունների բախում: Իրականում սա ծավալապաշտական պատերազմ է, որի գլուխ կանգնած են ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը: Շատ քաղաքագետ ների կարծիքով, ՄԱԿ-ը վերածվել է ամերիկյան կամակատարի և նպաստում է, որ արևելյան մի շարք հզոր տերություններ վերածվեն ավերակույտերի: Ամենատարօրինակն այն է, որ Լոնդոնյան օլիմպիադայի օրերին խաղաղասիրական և մարդասիրական առաքելություններ ունեցող շատ կազմակերպություններ հանդես չեկան կրակը դադարեցնելու կոչերով, չդատապարտեցին սիրիական հողում սանձազերծված ագրեսիան: Սա նշանակում է, որ օլիմպիական շարժումը ևս շատ վաղուց վերածվել է ծախու մի կառույցի, որը կատարում է արևմտյան պատվերներ:

Ստեղծված իրավիճակն, իհարկե, օրավուր ահարկու է դարձնում Սիրիայի և սիրիացիների վիճակը: Արդեն մոտ երեք միլիոն մարդ հեռացել է պետության տարածքներից, թալանվել են հարյուրավոր գյուղեր, մի քանի միլիարդ դոլարի վնաս է հասցվել տնտեսությանը: Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար… Ժամանակին ամերիկացիները հրաժարվեցին պաշտպանել Ջորջ Բուշին` նրան մեղադրելով աֆղանական և իրաքյան պատերազմներ հրահրելու մեջ: Հետո ամերիկյան հասարակությունը մոռացության տվեց Իրաքն ու Աֆղանստանը, չնայած հատկապես Իրաքում պատերազմը շարունակվում է: Բարաք Օբաման խոստացավ հեռանալ Իրաքից, սակայն հեռանալու փոխարեն` պատերազմական նոր օջախ ստեղծեց Սիրիայում: Իսկ ահա սիրիացիները, ի հեճուկս Արևմուտքի և Արևելքի, հավատարիմ են իրենց սկզբունքներին և չեն կամենում իրենց երկիրը հանձնել օտարներին, չեն կամենում տարածաշրջանում Սիրիայի ունեցած առաջատար դիրքերը հանձնել Իսրայելին…

Լ.Մ.