ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ


 

Չնայած բազմաթիվ խնդրանքներին, քննադատական ելույթներին` ազգային փոխադրող հռչակված «Արմավիա» ընկերությունը չի կամենում փոքր-ինչ էժանացնել Հալեպ-Երևան չվերթի տոմսերի գները և հոդաբաշխ որևէ պատասխան չի տվել իր քաղաքականության առթիվ:

«Արմավիա»-ից զատ, այսօր հայաստանյան բանկերը ևս լուրջ խոչընդոտներ են ստեղծել սիրիահայերի համար, ովքեր կամենում են իրենց հաշիվները տեղափոխել Հայաստան, լուծել իրենց կեցության հարցերը: Նշենք, որ այս կերպ մեր բանկերը վարվում են նաև իրանահայերի հանդեպ: Կենտրոնական բանկից հաստատում են, որ Հայաստանի օրենսդրությամբ այլ երկրների քաղաքացիների կողմից հայաստանյան բանկերում հաշիվների բացման հետ կապված որևէ սահմանափակում գոյություն չունի: Բայց սիրիահայերն այլ բան են պնդում, դժգոհում: Ինչպես տեղեկացրեցին մեզ մեր գործընկերները, ովքեր որոշակի հետազոտություններ են կատարել, հարցումներ արել մի շարք բանկերի, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» հայտնել է, որ պատրաստ է ու կարող է հաշիվներ բացել Սիրիայի քաղաքացիների համար իրենց անձնական խնայողությունների, ինչպես նաև ընթացիկ անձնական ծախսերի ու վճարումների իրականացման համար: Սակայն եթե Սիրիայի քաղաքացին, անձնական հաշիվ բացելով բանկում, այնուհետև մտադիր է դրամական հոսքեր ունենալ Սիրիայից, ապա բանկն իրավունք է վերապահում մերժել հաշվի բացումը: Այս սահմանափակումը կարող է կիրառվել նաև այն դեպքում, երբ հաճախորդը չի տրամադրում բանկի կողմից պահանջվող բավարար տեղեկատվություն` հաշվին մուտքագրվող միջոցների ծագման աղբյուրի վերաբերյալ: Իհարկե, սա ճիշտ մոտեցում է, սակայն այսօր բոլորիս է հայտնի, որ հայաստանյան բանկերը հետևում են այն սանկցիաներին, որոնք կիրառվում են իրանական և սիրիկական բանկերի նկատմամբ, բոլորի համար առաջադիր է նաև «Փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքը: Ու դա իսկապես հարկավոր է կիրառել և զգուշություն ցուցաբերել, բայց առանձնահատուկ դեպքերում ու ոչ զանգվածաբար: Այս դեպքում պետք է ասել, որ ավելորդ այդ զգուշավորությունը դատապարտելի է: