ՄԵՐ ՈՒ ԲՈԼՈՐԻ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԸ


 

Տասը տարի առաջ` Վահագն Դավթյանի ծննդյան 80-ամյակի օրերին, երբ Բանաստեղծը երկնքից էր հետևում հոբելյանական հանդիսություններին, գրող Սերգեյ Գալոյանը գրեց.

- Նրա ամեն մի օրը պիտի արևոտ լիներ, անգամ ձմեռնամուտի մոտեցող աշնան օրը:

Այսպես էր նաև երեկ, երբ նշվում էր նրա ծննդյան 90-ամյակը: Նշվում էր գրչակիցների, հարազատների, մտերիմների ներկայությամբ: Ինքը ներկա էր իր բանաստեղծությամբ: Այս է բանաստեղծի ճակատագիրը. ինքը միշտ կա, եթե իսկապես բանաստեղծ է: Իսկ Վահագն Դավթյանի պարագայում գոնե այս ճշմարտությունը չենք կարող չընդունել: Վահագն Դավթյանը մեր արևմտահայ բանաստեղծության ջիղն ու պատկերը պահպանեց արևելահայերեն իր մաքուր տողերում:

Այս միտքը հաստատեց ու ամրապնդեց բանաստեղծի գրական ժառանգության ամեն մի տողը սրդողած ու հպարտությամբ աշխարհին ներկայացնող Սիլվա Յուզբաշյանը.

- Վահագն Դավթյանն արևմտահայ բանաստեղծությունն ապրեցրեց արևելահայերենում:

Այսօր էլ, իր ծննդյան 90-ամյակի օրը, Բանաստեղծը դարձյալ երկնքից է նայում մեզ, բոլորիս: Իսկ մենք, հաճախ տրված այլ հովերի ու այլ արժեքների, մոռացության ենք տալիս շատ բան, մոռացության ենք տալիս երևելի իրողությունները` երբեմն չհասկանալով ու չըմբռնելով, որ ճշմարիտ բանաստեղծության վայելքը մեզ պարգևեցին հետչարենցյան սերնդի մի շարք վառ ներկայացուցիչներ: Նրանց մեջ` նաև Վահագն Դավթյանը, ով հեռանալիս գրեց ու պատգամեց.

...Երբ վերջին անգամ աչքերս փակվենայս աշխարհի դեմ,

Ու փռվի իմ դեմ անհուն լռության ուրիշ մի եզերք,

Ծարավից ճաքած շուրթերիս վրա կդողա, գիտեմ,

Մի զարմանալի, պարզ ու տաք մի երգ...

Մի զարմանալի, տաք ու պարզ երգը, որն իր սկիզբն առնում է դավթյանական քնարերգությունից, ահա արդեն տևական ժամանակ, Բանաստեղծի երկրային կյանքից 12 տարի անց էլ, մեզ հետ է, մեր գրականության մեջ… Նրանց հետ է, ովքեր այս բազմաժխոր-բազմաձայն աղմուկի մեջ փնտրում են ազգային բանաստեղծության երակն ու գույնը: Իր կենսագրությամբ էլ Վահագն Դավթյանը Արևմտյան և Արևելյան Հայաստանների կապող օղակն էր, անցյալ-կորուսյալ հայրենիքի հիշատակների ու հիշողությունների արթնացնողն` արդեն նորոգ Հայրենիքում, Մասիսների հովանու տակ ծավալված Երևանում:

Ծնվել էր 1922 թ. օգոստոսի 15-ին, Արևմտյան Հայաստանի Արաբկիր գողտրիկ քաղաքում, իսկ 10 տարեկանից արաբկիրյան բնապատկերը փոխել դեռ ասիականը գուրգուրած-փայփայած, կավե տների շարքերի մեջ սարյանական գույների անդրադարձները կրող երևանյանով: Եվ դա էլ ներշնչանք ու ոգորում դարձավ նրա համար, տասներեքամյա պատանուն դեպի գրասեղան տարավ ու «ստիպեց» թղթին հանձնել իր առաջին բանաստեղծությունները, որոնցում մի քիչ մեծարենցյան «հևոցը» կար, մի քիչ թումանյանական տաք գրգիռները կային… Քսանհինգ տարեկանում առաջին գիրքը տպագրեց` «Առաջին սեր» կոչելով այն: Ժամանակակիցներից շատերն իրենց բանաստեղծական առաջին ժողովածուները «տարօրինակ-օրախնդիր» վերտառություններով էին լույս աշխարհ հանում, գովերգում «արտերի լիրիկան» ու «տրակտորների հույզերը», իսկ ահա Վահագն Դավթյանը, ով ողջ կյանքում սիրերգակ մնաց, սիրո փիլիսոփա մնաց` իր հայտը ներկայացրեց «Առաջին սեր» խորագրով: Եվ ստալինյան «կրիտիկոսները» զարմանալիորեն լռեցին` տեսնելով տաղանդի ժայթքումը, տեսնելով ճշմարիտ բանաստեղծության մի նոր հանգրվան: Պատերազմների արհավիրքների, թոհուբոհերի, մահերի ու ցավերի միջով անցած երիտասարդի սիրտն ու հոգին չէին բթացել. նա պահել էր սերն իր հոգում` իբրև ամենափրկիչ դեղ ու սպեղանի, իբրև ինքնահաստատման միջոց ու կանչ: Տարիներ անց Հրանտ Մաթևոսյանը գրեց.

- Ասված է. «Մենք բոլորս երկիր կոչված այս փոքր նավի նավորդներն ենք, և նավից դուրս տիեզերական ամայությունը ոչինչն է, մենք պարտավոր ենք երկյուղած սիրով գուրգուրել երկիրը»: Բանաստեղծությունը պարտավոր է, ահա, նույնպիսի երկյուղած սիրով գուրգուրել իր հայրենիքն ու հայրենիքի լեզուն, քանի որ դա առաջին հերթին պոեզիայի լինել-չլինելու խնդիրն է:

Դավթյանը իր վերածնված հայրենիքի և հայրենիքի վերածնման երգիչն է: Նրա հայրենիքը Հայաստանն է, սերը` նրա սերը, զինանոցը` հայրենի մշակույթը, ինչի իմացության մեջ մեզանում եզակիները կհամեմատվեն նրա հետ:

Դավթյանի բանաստեղծությունը կերպար ունի և այդ կերպարը լուսաթաթավ, անքեն մաքուր կապույտն է: Եթե որևէ հայ նկարչի խնդրեինք մի նկարով պատկերել հայ մեծանուն բանաստեղծների պոեզիան, նա կնկարեր նաև Դավթյանի բանաստեղծությունը… Կյանքը, առավել ևս հայրենիքավոր կյանքը հայորդու համար հանկարծահաս գյուտ է. ահա թե որն է լույսի հորդաբուխ ակունքը, ահա թե ինչու է լույսի անընդհատ թրթիռը նրա բանաստեղծության վրա: Չէ՞ որ հնարավոր ամեն ինչ արված էր, որպեսզի չլինեին ոչ նա ինքը, ոչ նրա հայրենիքը, ոչ էլ լույս ցողվեր նրա հաջողակ ոտանավորներին ու պոեմներին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ