«ԼԱՅԹՀԱՈՒՍԻ» ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ


 

«Լայթհաուսը» նաև մայրատուն է կոչվում: Սա մի կազմակերպություն է, որը կոչված է աջակցություն ցուցաբերելու սոցիալապես անապահով մայրերին, ժամանակավոր տաքուկ տուն դառնալ դրա կարիքը զգացողների համար: Սակայն պարզվում է, որ բարեգործական նպատակներով ստեղծված այս կազմակերպությունը դարձել է նրա տնօրեն Նաիրա Մուրադյանի քմահաճույքների վայրը, ուր նա հաստատել է սեփական օրենքները` այստեղ հայտնված հղի կանանց տանելով ստորացումների և նվաստացումների:

Ինչպես մեզ հաջողվեց պարզել, այստեղ ստացվող մարդասիրական օգնությունը հիմնականում տնօրինվում է ղեկավարուհու կողմից. սեփականվում են մուշտակները, թանկարժեք հագուստները, հղի կանայք կատարում են հավաքարարի աշխատանքներ, զրկված են նորմալ սնվելու հնարավորությունից... Ավելին, այստեղ կամայական վերաբերմունք ունեն նաև նորածինների նկատմամբ:  

- Որ լրագրողներ կամ հյուրեր էին գալիս, մենք ասում էինք` լավ է, բայց ստում էինք: Իրենք ուտում էին, մեզ էին կանչում` ամանները լվալու: Առաջին հարկի հատակը հավաքարարը պետք է մաքրեր, բայց մենք էին մաքրում, հիմնականում` ես: Որ գնացի էխոյի, իմացա, որ երեխայի շրթունքն ու քիմքը վնասված են, իմ հետ սկսեցին վատ վերաբերվել, ես սենյակում լացում էի, իրենք ասում էին` արի գործ արա: Շատ բաներ է այնտեղ կատարվում, պետք է մնաս, սեփական աչքերով տեսնես, կողքից գեղեցիկ է երևում, բայց դա լրիվ կեղծ է,- «Լայթհաուսի» ներսում տիրող իրավիճակի մասին բարձրաձայնել է այստեղ ժամանակավոր ապաստան գտած Քրիստինե Գևորգյանը:

Կազմակերպությունն, իհարկե, պետական չէ, մարդասիրական է, սակայն հուսանք, որ նրա հովանավորներն ու ֆինանսավորողները մի օր վճռականություն հանդես կբերեն և կլսեն այստեղից հնչող դժգոհությունները: