ԱՆԻՆ` ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ


Տասնամյակներ շարունակ անտերունչության մատնված, նոր ավերումների ենթարկված Անին վերջերս հայտնվել է ուշադրության կենտրոնում: Թե´ հայ ճարտարապետ ների բարձրացրած անհանգստությունները, թե´ սահմանային մշակույթի հանդեպ ընդունված միջազգային կառույցների որոշումները նպաստել են, որ մշակույթի պահպանմամբ զբաղվողներն իրենց ուշադրության կենտրոնում պահեն նաև հազարագանձ Անին: Իրենց ճարտարապետական հղացումներով և լուծումներով բացառիկ են հուշարձաններից շատերը, որոնք արտահայտում են հայկական Վերածննդի ձեռքբերումները, կամուրջ ստեղծում համաշխարհային մշակույթի նորահաստատումների հետ: Հատկապես Տրդատի և Մանուելի կերտած ճարտարապետական արժեքները մեծ նշանակութ յուն ունեն համաշխարհային ճարտարապետության զարգացման ճանապարհին: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, բարձր գնահատելով Անիի նշանակությունը և մտահոգված Կարսի նահանգում զբոսաշրջության զարգացման խնդիրներով, ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացրել առաջարկություն` Անիի ավերակները Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու մասին: Ինչպես պնդում են թուրք պաշտոնյաները, եթե մեր երբեմնի մայրաքաղաքն ընդգրկվի Համաշխար հային մշակութային ժառանգության ցուցակում, ապա, բնականաբար, այն կընդգրկվի նաև Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից նկարահանվող ճանաչողական ֆիլմերում: Այս քայլով Թուրքիան կլուծի Կարսի նահանգի զբոսաշրջային ինդուստրիայի զարգացման խնդիրները: Նշենք, որ միայն վերջին մեկ տարում այս նահանգ այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 27 տոկոսով: Թուրքական իշխանություններն իրենց «հոգատար» վերաբերմունքը բացատրում են ոչ միայն մշակութային ժառանգության պահպանման ջանքերով և ամենաաղքատ` Կարսի նահանգում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությամբ, այլև շրջանառության մեջ են դրել «աշխարհի քաղաք» հասկացությունը: Ըստ նրանց, Անին աշխարհի քաղաքն է, որովհետև այստեղ քրիստոնեական եկեղեցիների կողքին հառնում են նաև մահմեդական մզկիթներ, որոնք խոսում են կրոնների խաչմերուկի ձևավորման մասին: Տարօրինակն այն է, որ, ըստ թուրք պաշտոնյաների, «1001 եկեղեցիների քաղաք» անվանումն Անին ստացել է այն պատճառով, որ այստեղ կան նաև մզկիթներ… 2011 թվականի անցած ամիսներին Անի այցելած ավելի քան 23 հազար զբոսաշրջիկներին հենց այսպես էլ մատուցվել է քաղաքին տրված մակդիրը` անպայմանորեն նպատակ ունենալով հաստատել այն հակագիտական թեզը, թե Անիի գոյության տարիներին այստեղ բնակվել են մեծաթիվ մահմեդականներ` թուրքեր, ովքեր էլ ստեղծել են իրենց պաշտամունքային կառույցները: Թուրքական իշխանություններն արդեն սկսել են մի շարք եկեղեցիների վերականգնման աշխատանքները, իսկ վաղուց վերանորոգված Տիգրան Հոնեցու եկեղեցին արդեն իսկ այցելուների առջև բացել է իր դռները: Հուրախություն մեզ, Անիի ավերակների վերականգնումն իրականացվելու է Հուշարձանների պահպանության համաշխար հային հիմնադրամի աջակցությամբ և հսկողությամբ, ինչն էլ նշանակում է, որ թուրքերին չի հաջողվի աղավաղել շատ կառույցներ, վերացնել հայկական հետքերը: ԱՄՆ Պետքարտուղարությունը ևս պատրաստակամություն է հայտնել` աջակցել Անիի տաճարների վերականգնմանը: Արդեն ուսումնասիրվում են Մայր տաճարն ու Սուրբ Փրկիչը:

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ