Կասկածում են մարդասպանության մեջ


Քննչական մարմինները տեղեկատվություն ունեն, որ Ուկրաինայի նախկին վարչապետուհի Յուլյա Տիմոշենկոն սպանության մասնակից է: Ինչպես հաղորդվել է` պատգամավոր Շչերբանյային վերացրած վարձու մարդասպանը գումար է ստացել նաև քաղգործչի հաշվից: Պատգամավորին և նրա կնոջը 1996 թ. գնդակահարել էին Դոնեցկի օդանավակայանում: Ուկրաինայի դատախազությունն այդ հանցագործության պատվիրատու է համարում էքս-վարչապետ Պավել Լազարենկոյին, ով հիմա պատիժ է կրում Ամերիկայում` փողերի լվացման մեղադրանքով: - ԱՄՆ¬ի դատախազության կողմից Լազարենկոյի գործով հարցաքննված վկան ուղղակիորեն ասել է, որ Շչերբանյային սպանելու դիմաց վարձու մարդասպանը փողեր է ստացել Լազարենկոյի և Տիմոշենկոյի հաշիվներից: Վկան վկայակոչել է իր զրույցը պատվիրատուի հետ, որն ասել է` «Յուլյան կվճարի»` նկատի ունենալով, որ կվճարի «սպանության համար»,¬ ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը` «Ֆոկուս» ամսագրին: 1990-ականներին Շչերբանյան համարվում էր դոնեցկյան տարածքի ամենահաջողակ գործարարն ու առավել ազդեցիկ անհատը: Տեղեկություններ կան, թե նա զգացել է, որ իրեն հետապնդում են, սակայն կոնկրետ մարդկանց անուններ չի նշել: Ասել է միայն, որ խնդիրը ոչ թե բիզնեսն է, այլ` քաղաքականությունը: Իսկ նույն ժամանակա հատվածում Տիմոշենկոն գործնական ու քաղաքական կապեր է ունեցել Լազարենկոյի հետ: ԻՏԱՌ-ՏԱՍՍ¬ն էլ հիշեցնում է, որ Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշչինա» կուսակցությունը նախկինում հայտարարել է, թե գլխավոր դատախազությունը ծրագիր ունի` «Տիմոշենկոյին մեղադրանք ներկայացնել Ազգային բանկի նախկին նախագահ, Ուկրաինայի միջբանկային արժույթային բորսայի ղեկավար Վադիմ Գետմանի և խորհրդարանի պատգամավոր Շչերբանյայի սպանությունների համար»: Հիշեցնենք, որ «գազի գործով» մեղադրվող Յուլյա Տիմոշենկոն օգոստոսի 5¬ից կալանավորված է: Նրան մեղադրում են 2009 թ. Ռուսաստանի հետ պայմանագրեր կնքելիս իշխանության չարաշահման համար: