ՄԱՀԱԲԵՐ ԱՐԿԱԾՆԵՐ, ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ


Հայաստանի Հանրապետությունում բնակվելը վտանգավոր է դարձել կյանքի համար: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ քրեական շրջանակների` մեզ ծանոթ բախումների արդյունքում անմեղ քաղաքացիներ են զոհվում: Հասել ենք այնտեղ, որ մեր երկրում մարդը տուժող կողմ (այս դեպքում` զոհ) կարող է դառնալ` բոլորովին անմեղ լինելով, փողոցային տվյալ ռազբորկայի հետ որևէ առնչություն չունենալով: Նման պատահական անցորդի միակ մեղավորությունն այն կարող է լինել, որ հայրենիքը չլքած Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և կարող է համարձակվել` օրը ցերեկով փողոց դուրս գալ: Իհարկե, ասվածին կարելի է հավելել, որ նման պատմություն ներ լինում են ամենուր, ավելի կամ պակաս հաճախականությամբ, սակայն մեզ, բնականաբար, մտահոգում և անհանգստացնում են Հայոց աշխարհի տիրույթներում կատարվող իրադարձություններն ու դրանց հետևանքները: Մինչև վերջերս քրեական աշխարհի, օլիգարխիկ շրջանակների ներկայացուցիչներն իրենց հարաբերություններում առաջացած կնճիռները հարթում էին սեփական նախասիրություններով առաձնացված վայրերում... Ասենք` ինչ-որ ձորում կամ քաղաքից դուրս գտնվող ամայի մի վայրում: Սեդրակ Զատիկյանի և Ալեքսանդր Գիվոևի սպանությունները այլ իրողություն են հիմնավորում. մարդասպանության ավելի «կարճ» ճանապարհն է աստիճանաբար նախընտրելի դառնում: Ի՞նչ ավելացնել և ինչպե՞ս մեկնաբանել. գործը հաջողելու վարպետությո՞ւնն է մարդասպաններին պակասում, թե՞ նրանք արդեն թքած ունեն հանցանքը և մեղքի բաժինը բազմապատկող մյուս հանգամանքների վրա: Կարելի է վերհիշել մայրաքաղաքի հենց կենտրոնում` Սայաթ-Նովա փողոցում գտնվող հայտնի անկյունը, որտեղ վերջին տարիներին արդեն մի քանի մարդու կյանքի վերջակետն է դրվել: Ինչ խոսք, այստեղ նույնպես որևէ արդարացում չի կարող գտնվել` պատճառաբանությամբ, թե տվյալ դեպքերում մարդասպաններին հաջողվել է միայն «հիմնական թիրախներին վնասազերծել»: Նշված սպանությունները նույնպես հանրության համար խիստ վտանգավոր պայմաններում են իրագործվել, և վերջին թարմ դեպքերն աչքի առաջ ունենալով` կարելի է համոզված լինել, որ միայն պատահականության շնորհիվ է Սայաթ-Նովա փողոցի պատահական անցորդներին հաջողվել խուսափել մահաբեր գնդակներից: Իսկ իրավապահներն, ինչպես միշտ, լավ չեն աշխատում: Վերցնենք ամենավերջին դեպքը. Ալ. Գիվոևին սպանողներին սպասարկած ավտոմեքենան, այսինքն` հանցագործության հիմնական գործիքներից մեկը, արդեն քանի ամիս գողացված է եղել Երևանի մի բնակչից: Փաստորեն, եթե դեպքից հետո մարդասպաններն այն չայրեին, ապա մեծ է հավանականությունը, որ գողացված փոխադրամիջոցը ոստիկանության կողմից տարիներ շարունակ հենց այնպես կշարունակվեր «հետախուզվել»` բնականաբար որպես համապատասխան գրանցամատյաններում նիրհող վավերագիր: Նույնը կարելի է ասել նաև մարդասպաններին հայտնաբերելու մասով: Ինքներդ կարող եք հիմնավորել` առարկելով, թե այդ ո՞ր հրապարակային և աղմկահարույց սպանության կազմակերպիչներին են հայրենի իրավապահները բացահայտել, որ սրանց բացահայտեն: Եվ իրոք, հեռու չգնալով ու հենց նախորդ դեպքերն աչքի առաջ ունենալով` մենք էլ ենք գրեթե համոզված, որ ոչ ոք չի հայտնաբեր վելու, ոչինչ չի բացահայտվելու: Մոռացության անձրևն է մաքրելու բոլոր հետքերը կամ, ավելի ճիշտ, արդեն մաքրել են: Իսկ մեզ մնում է հնարավորինս զգույշ լինել, քանի որ, ինչպես փաստեցինք ամենասկզբում, Հայաստանի Հանրապետությունում բնակվելը խիստ վտանգավոր է դարձել կյանքի համար: