Աշխարհաքաղաքական հորձանուտում


ԽՍՀՄ փլուզումից հետո, թվում էր, թե ամենաքիչը կես դար աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունը չի փոխվելու: Համենայնդեպս միաբևեռ աշխարհի հակակշիռ ուժը, որը կրկին հավակնում էր լինել Ռուսաստանը, շատ դանդաղ էր հաղթահարում համակարգային փոփոխությունների փուլը: Դժվար էր ենթադրել, թե ինչ-որ բան կարող է խանգարել ԱՄՆ-ի լիակատար գերիշխանությանը ամբողջ աշխարհում: Սակայն վերջին տարիներին Ռուսաստանն աստիճանաբար հաղթահարում է բավական երկար տևած տեղապտույտը և իր նախկին ազդեցությունը վերականգնելու հայտ է ներկայացնում: Իհարկե` հայտ ներկայացնելը մի բան է, ուժերի հարաբերակցության իրական պատկերը` բոլորովին այլ բան: Աշխարհաքաղաքական խորքային գործընթացները հուշում են, որ արդեն տեսանելի ապագայում միաբևեռ աշխարհին փոխարինելու կգա երկբևեռ կամ բազմաբևեռ աշխարհը: Ռուս-չինական հարաբերությունների սերտացումը, հատկապես Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, ուրվագծում է այն հակակշիռ հզոր ուժը, որ կարող է դիմակայել ԱՄՆ-ի միանձնյա գերիշխանությանը: Կորսված երկրորդ բևեռի վերականգնման միտումներն ակնհայտ են: Ռուսական արջը ոչ միայն զարթնել է քնից, այլև մերթընդ մերթ կտրուկ շարժումներ է անում, երբեմն` բավական վճռական, որոշ դեպքերում` նույնիսկ ագրեսիվ: Բնական է, որ Արևմուտքը վերջին 15 տարիներին ձեռք բերած նվաճումները, ազդեցության ոլորտները զիջելու մտադրություն չունի: Հակառակը, ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակը մնում է ազդեցության ոլորտների է°լ ավելի ընդլայնումը, չենթարկվող «կամակոր» տերություններին ծնկի բերելը և իր գերիշխանության հավերժացումը: Սակայն, ներկա փուլում աշխարհաքաղաքական գործընթացներն այնքան արագ են զարգանում, որ այդ սրընթաց մրցավազքում նույնիսկ գերտերությունները պարտադրված են լինում հընթացս, նույնքան արագ փոփոխվող իրողություններին համահունչ շտկումներ և սրբագրումներ կատարել սեփական մարտավարությունում և ռազմավարությունում: Այսպիսի իրավիճակում աշխարհի ամենափորձառու վերլուծա կան կենտրոններն ու նրանց փորձագետներն անգամ կանգնում են դժվարալուծելի «գլուխկոտրուկների» առջև: Տարբեր առանցքային, «ուժային» կենտրոնների միջև առկա մրցակցությունը, որպես դրա հետևանք, անընդհատ խորացող հակասություններն ստեղծել են այնպիսի քաոս, որ նույնիսկ մոտ ապագայի վերաբերյալ որևէ ուրվագիծ ներկայացնելիս հարկավոր է լինել ծայրաստիճան զգուշավոր: Դիցուք, իսրայելա-լիբանանյան ահագնացող պատերազմի տրամաբանությունը փորձագետների մեծ մասը ներկայացնում էր ԱՄՆ շահերի համատեքստում: Ենթադրվում էր, որ Վաշինգտոնը կշարունակի «շիրա տալ» Իսրայելին` ընդհուպ մինչև ռազմական գործողությունների տեղափոխումը արդեն Սիրիայի տարածք: Սակայն ոչ միայն արաբական աշխարհի, այլև Ռուսաստանի և ողջ Եվրոպայի կտրուկ ընդվզման պայմաններում Նահանգները տեղի տվեց` հրաժարվելով հեռագնա նպատակներից և ինքն էլ կոչ արեց դադարեցնել պատերազմը: Սա մի ավելորդ անգամ ապացուցում է, որ աշխարհի տերություններն ունակ են գոնե ծայրահեղ իրավիճակներում համախմբվելու և խափանելու` այս դեպքում ԱՄՆ ծավալապաշտական նկրտումները: Բնականաբար` իսրայելա-լիբանանյան կոնֆլիկտը միայն սկիզբն է այն զարգացումների, որոնք սպասվում են հետագայում: Արդեն իսկ խիստ հավանական է, որ մերձավոր-արևելյան ճգնաժամերը կհաջորդեն մեկը մյուսին: Համենայնդեպս չի բացառվում, որ Իսրայելի կամ ԱՄՆ-ի հարվածների թիրախներ դառնան Սիրիան և Իրանը: Բարդ է իրավիճակը նաև մեր տարածաշրջանում` Հարավային Կովկասում: Եթե ԼՂ հիմնախնդրի պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը գոնե մոտ ապագայում քիչ հավանական է, ապա վրաց-աբխազական ու վրաց-օսական կոնֆլիկտը կարող է վերաճել լայնածավալ ռազմական գործողությունների, որոնց մեջ անխուսափելիորեն կներգրավվի նաև Ռուսաստանը: Դրա հետևանքով Հայաստանը կշրջափակվի նաև հյուսիսից: Իսկ եթե, Աստված մի արասցե, միաժամանակ պատերազմական գործողություններ սկսվեն նաև Իրանում, ապա Հայաստանը կհայտնվի լիակատար տնտեսական մեկուսացման մեջ: Չպետք է մոռանալ, որ 15 տարի առաջ Հայաստանն իր պետականությունը վերականգնեց աշխարհի նոր վերաբաժանման արդյունքում: Այսօր տեղի է ունենում ազդեցության ոլորտների վերաբաշխում ու հստակեցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Այսինքն, ինչ-որ առումով կրկին աշխարհի մասնակի կամ ամբողջական վերաբաժանման փուլ է սկսվել: Ավելորդ է ասել, թե այն որքան վտանգավոր է մեր երկրի համար: Այս պայքարում կարևոր տարածաշրջաններից մեկը եղել և մնում է Անդրկովկասը: Երկու գերտերություններն էլ իրենց դիրքորոշումներում լինելու են խիստ խանդոտ ու անզիջում: Բնական է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է լինելու աշխարհաքաղաքա կան վերափոխումների հորձանուտում կորուստներ չունենալը: Անհրաժեշտություն է առաջանալու հրապարակ նետել պետության ունեցած և նույնիսկ չունեցած բոլոր խաղաթղթերը: Կարծես «հայի բախտից» է, որ աշխարհի ամենաթեժ կիզակետերը մոտենում են մեր սահմաններին: Տրամաբանական կլիներ, որ մենք վաղուց ունենայինք ռազմաքաղաքական հստակ դոկտրին, ազգային անվտանգության, արտաքին քաղաքական առաջնային ուղղություններն ու դիրքորոշումներն ամբողջացնող հայեցակարգ: Առաջին հայացքից թվում է` դա բոլորովին էլ բարդ խնդիր չէ, բայց եթե հաշվի ենք առնում բոլոր նրբերանգները, Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում սեփական շահերը երկու կողմից էլ արդյունավետ պաշտպանելու դժվարությունները, երբեմն նաև ակնհայտ անհամատեղելիությունը, ապա հասկանալի է դառնում, թե ինչու այսքան երկար ժամանակ Հայաստանը ձեռնպահ է մնացել արտաքին քաղաքական հստակ հայեցակարգ ունենալուց: Թե° օբյեկտիվ, թե° սուբյեկտիվ հանգամանքների բերումով մեր արտաքին քաղաքականությունը նմանվել է բաց ծով դուրս եկած առագաստանավի, որը լողում է համընթաց քամու «քմահաճույքով»: Այնինչ վաղուց այն պետք է փոխարինված լիներ «շոգենավով», որի վերցրած ուղղությունը, այս կամ այն կողմ թեքումը կամ շրջադարձը, դրանք կատարելու ժամանակն ու տեղը պայմանավորված լինեին ոչ միայն աշխարհում առկա քաղաքական եղանակով, այլև նախօրոք մշակված և տարբեր «քամիների» դեպքում օգտագործելի ու մեր շահերի ուղղությունը որոշող կողմնացույցով: Ներկայիս շատ բարդ ու վտանգավոր աշխարհաքաղաքական իրադրությունում պետք է ամբողջացվի և վերջնական տեսքի բերվի ազգային անվտանգության հայեցակարգը, որտեղ առկա կլինեն երկու, երեք, գուցե ավելի մշակված սցենարներ` հնարավոր յուրաքանչյուր և ամենատարբեր զարգացումների համար նախատեսված: Հուսով ենք, այս ուղղությամբ իշխանությունները լուրջ աշխատանք իրականացնում են:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ