.ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ .


Արևի և ծովի «էֆեկտը» Ի՞նչ է երազում ամառվա այս շոգին ծովափին «զագառ» ընդունող քաղաքական գործիչը. ծովի չափ ընտրազանգված և իշխանական արև: Կրկնակի դիմակի վտանգները Արմատականները կեղծ ընդդիմադիրներին բացահայտելու համար մեծ դիմակահանդես են կազմակերպելու: Միջոցառման վերջում ում դիմակի տակից հայտնաբերվեց երկրորդը, համարվելու է իշխանության դրածո: «Ումով անելու» հարցը օրակարգից հանվեց Աժ ընտրություններում Ստեփան Դեմիրճյանը ստիպված կլինի օրակարգից հանել «ումով անելու» խնդիրը, քանզի ակնհայտ է, որ միայնակ է «անելու»: Ուտել-խմելու և այլնի խերը Բժիշկները գտնում են, որ հայրենի երեսփոխանները տարվա 11 ամիսներին նորմալ հանգստանում են, միայն օգոստոսյան արձակուրդներին են հոգնում, «ինտենսիվ» կյանքով «վարի տալիս» առողջությունը: Ցատկոտում ենք ազգովի Կենտրոնական բանկից հաղորդում են, որ դոլարի «կուրսը» թարգել է լողը և այժմ զբաղվում է ջրացատկով: «Ջանը» վարժեցնում է իշխելուն Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը իշխանական «Մեծ նախաճաշից» առաջ գործադիրի աթոռներն է հոտոտում, չափում, ձևում: Կաշառակերության «կոեֆիցենտն» է կարևոր Ըստ մեր տեղեկությունների` Հայաստանի բնակչությունն արդեն իսկ լուրջ հաշվարկներով է զբաղված: Փորձում է որոշել, թե ո՞ր կուսակցության կաշառքի «գործակիցն» է ավելի բարձր: Յուրաքանչյուրը` իր մասնագիտության «գծով» Ասում են` Արամ Իսաբեկյանն զբաղված է Հայաստանի բարգավաճ ապագայի էսքիզները ուրվագծելով, Գուժ Մանուկյանը` գլխավոր բարգավաճեցնողի կերպարի կերտման աշխատանքներով, Վանուշ Խանամիրյանն էլ ընտրությունների օրը պարեցնելու է 200 հազար կուսակիցներին` հենց ընտրատեղամասերում: «Պարաշյուտով» վայրէջք` «Արդարությունից» Վազգեն Մանուկյանի կարծիքով` գնացքից թռչելու ժամանակներն անցել են, եկել են ինքնաթիռից թռչելու ժամանակները: Մեքենա վարենք օրենքով-կարգով Ավտոտրանսպորտային միջոցների ավելացումը անզեն աչքով էլ նկատելի է: Հայաստանում այսօր, ըստ պաշտոնական տվյալների, 303 հազար ավտոմեքենա կա: Երևանում, ինչպես երկրի ոչ մի քաղաքում, փողոցները զգալիորեն ծանրաբեռնված են: Ժամանակի հետ ծանրաբեռնվածությունը, բնականաբար, կաճի, երբ ընտանիքում ավտոմեքենա կունենա ոչ թե մեկը, այլ մի քանիսը: Ահա այսպիսի նոր իրավիճակ ները նորովի կանոնակարգման անհրաժեշտություն ունեն: Տաքսի, տաքսի Անզեն աչքով նկատելի է նաև տաքսիների առատությունը: Տաքսի ծառայությունների տարբերանշաններով ավտոմեքենաները աջ ու ձախ սուրում են մայրաքաղաքի փողոցներով: Որոշ տաքսի ծառայություններ հագեցած են արտասահմանյան մակնիշի հարմարավետ ավտոմեքե նաներով: Քիչ չեն, սակայն, այնպիսիք, որոնց շարժակազմը, մեղմ ասած, ներկայանալի չէ ոչ արտաքնապես, ոչ էլ, մանավանդ, տեխնիկապես: Ինչպես դիպուկ բնորոշեց տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, նման ավտոմեքենաների տերերն այդպիսի մեքենայով իրենց սեփական ընտանիքը չեն տեղափոխի, բայց ուղևոր են տեղափոխում, ծառայություն են կազմակերպում (վա՜յ այդ ծառայությանը): Մեզանում տաքսի ծառայությունը դժվար է անվտանգ համարել, և դրա համար, նշվածից բացի, մի շարք այլ հիմքեր ևս կան: Կարո՞ղ է երաշխավորված լինել ուղևորի անվտանգությունը, եթե ուղևորը վստահ չէ, որ տվյալ պահին ղեկին գտնվողը մասնագիտությամբ վարորդ է: Իսկ գուցե սիրողական մակարդակով վարորդություն սովորած մե՞կն է, ով երեկոյան վազող տողերում աշխատանքի հայտարարություն փնտրելով` առավոտյան աշխատանքի է անցել տաքսի ծառայությունում: Ահա այսպես. անսարք-անտեսք ավտոմեքենա ու «անսարք» կամ «կիսասարք» վարորդ: Դե եկ, ուղևոր, ու քեզ ապահով զգա: Անշուշտ, տաքսի ծառայություններում նաև մասնագետ վարորդներ են աշխատում: Սակայն աշխատանքային կարգը, որ գործում է գոնե մեզ հայտնի շատ տաքսի ծառայություններում, և որի պայմաններում աշխատում են վարորդները, դարձյալ վտանգում է ուղևորափոխադրման անվտանգությունը: Խոսքը շուրջօրյա աշխատանքի մասին է: Այսօր տաքսի ծառայությունն, իրոք, մեծ պահանջարկ ունի: Պատկերացրեք` կլոր մի օր, գիշեր ու ցերեկ մի պատվերից մյուսին շտապող վարորդի վիճակը: 24 ժամ ղեկին, առանց քուն ու դադարի: Խորհրդային ժամանակներում շրջաններ` 4-5-6 ժամ տևողությամբ ուղերթերը ավտոբուսները մեկնում էին երկու վարորդով, որպեսզի կես ճանապարհին փոխարինեին միմյանց: Բա ինչպե՞ս. մարդ էին տեղափոխում, կյանքի (կյանքերի) հետ գործ ունեին, իսկ հոգնած վարորդի հետ ամեն բան կարող է պատահել: Տաքսի ծառայություններում զբաղված բազմաթիվ վարորդներ դժգոհում են շուրջօրյա աշխատանքային կարգից. «Մի սուտկա քշում ես, ցերեկը քնում ես, չես հանգստանում, այդպես թմրած-ծանրացած գնում ես աշխատանքի»: Ծառայության ղեկավարները, չգիտես ինչու, չեն համաձայնում կիսել ծանրաբեռնվածությունը: Ահա բոլոր այս խնդիրները, սպասարկող-սպասարկվող փոխհարաբերությունները կկանոնակարգվեն օրենքով, ինչին և ձեռանմուխ է եղել տրանսպորտի նախարարությունը: Եվ° ուղևորափոխադրում, և° բեռնափոխադրում կազմակերպող սուբյեկտները գործելու իրավունք կունենան միայն լիցենզավորվելուց հետո: Երեկ` դու, այսօր` ես... Ինչպես գիտենք, տարեկան պարտադիր տեխնիկական զննում տրանսպորտային միջոցներն անցնում են պետավտոտեսչության համապատասխան բաժնում: Վարորդները սերտել էին այդ ծառայության թրի տակով անցնելու բոլոր չգրված օրենքները: Ինչպիսի՞ կարգ ու «օրենքով» կգործի այս ծառայությունը նոր պատկանելության դաշտում, որն է` տրանսպորտի նախարարությունը: Ըստ փոխնախարարի, տեխնիկական զննումն ավելի շատ տնտեսական գործառույթ է, աշխարհում այդպես է ընդունված, և դրանով էլ պայմանավորված է այն ոստիկանական համակարգից տարանջատելը: Այսպիսի տարանջատմամբ կոռուպցիոն ռիսկերն ինչպիսի՞ պատկեր կունենան: Պրն Բեգլարյանի ներկայացմամբ, սարքը և ոչ թե մարդն է որոշելու ավտոմեքենայի տեխնիկական վիճակը, և թեև ոչ 100 տոկոսով, մարդկային գործոնը բացառվելու է: Հետաքրքիր է` ի՞նչ է որոշելու սարքը խորհրդային ժամանակների, ասել է թե` իրենց դարն ապրած ավտոմեքենաների տեխնիկական վիճակի վերաբերյալ: Դժվար է հավատալ, որ մարդկային գործոնը կբացառվի: Հենց 100 տոկոսով:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ