Թե ինչ եղավ հետո, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից


ՕԵԿ-ը հանդես է եկել «Հանուն օրինական ընտրությունների» քաղաքական շարժում սկսելու նախաձեռնությամբ: Պիտի ենթադրե՞լ, արդյոք, որ նախորդ ընտրությունները անօրինական են եղել: Գոնե իր մասով «Օրինաց երկիր» կուսակցությունը պատրա՞ստ է բարձրաձայնել, որ 2003-ին ընտրությունները կեղծվել են: Շատերն ասում են` ոչինչ էլ չեղավ, ՕԵԿ-ը դուրս եկավ, մնացածն` ինչպես որ էր: Նման գնահատականին կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը համաձայն չէ: Ըստ նրա, ՕԵԿ-ի հեռանալուց հետո երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցան իրողություններ և գործընթացներ, որոնք քաղաքական դաշտը դարձնում են յուրահատուկ: Մասնավորապես` ստեղծվում է մեկ կուսակցական համակարգ: Վարչական ապարատից սկսած` ամենուր տեղի է ունենում հանրապետականացման գործընթաց: Ահա այսպես, զանգվածային կուսակցականացման գործընթացի մասին խոսում է ՕԵԿ-ը: Ակամա հիշում ես հայտնի ասացվածքը. «Ուրիշի վրայի բծերը ցույց տալուց առաջ մատներդ լավ լվա»: Զանգվածային ՕԵԿ-ականացման մասին մոռացե՞լ եք, պարոնայք ՕԵԿ-ականներ: Թե՞ նման բան չի եղել: Եղել է, պարոնայք, եղել է, և հատուկ հիշեցումների կարիք, կարծում ենք, չկա: Բարի եղեք նաև ինքներդ Ձեզ խոստովանել, թե Ձեր ցուցակներում քանի՞ անուն կա, որոնց տերերն արդեն մոռացել են Ձեր կուսակցությանը «պատկանելու» մասին: Հանրապետական կուսակցությունը զրոյից ստեղծված կուսակցություն չէ, և նրա գաղափարախոսության արմատը ազգայինի ակոսներում է, թեև չենք պնդի, թե ՀՀԿ շարքերում, ինչպես բոլոր կուսակցությունների, նույնպես «սպրդածներ» կարող են լինել, գնացածներ ու գնալու ենթականեր` նույնպես: Հասարակությունը հո գիտի՞, որ «Օրինաց երկիրն» ստեղծվել է հենց այն ճանապարհով ու այն ձևերով, որոնք այսօր Դուք մերժում եք ու քննադատում: Մերժելը, այ, լավ է, քննադատելը` ոչ բարեկիրթ: Վիրավորվա՞ծ եք քաղաքական դաշտում Ձեզ բաժին հասած տեղից ու դերից, Ձեզ հետ կատարվածից: Կարելի է հասկանալ` դա Ձեզ ցավացնում է: Սակայն եթե նույնիսկ վիրավորված եք, այլոց վարքը քննելն ու անհարկի որակումներ տալը դառնում է չարախոսություն: Ի՞նչ է, «Արդարություն» դաշինքն էլ Վիկտոր Դալլաքյանի՞ց վիրավորվի կամ էլ սկսի հայհոյե՞լ «Բարգավաճ Հայաստանին»: Բոլորն էլ այս կյանքում, նաև կուսակցությունները, ինքնամաքրման մեխանիզմներ պետք է ունենան: Սեփական թերությունները խոստովանելու փոխարեն պետք չէ ուրիշներին չարախոսել: Ասում եք` վարչական լծակները չպետք է օգտագործվեն գաղափարների տարածման համար: Կար ժամանակ, երբ ՕԵԿ-ն այդ լծակներից զուրկ ու խեղճ չէր, և դրանք անօգտագործելի չէին մնում: Հենց գաղափարների տարածման առումով: Դպրոցները պակա՞ս ՕԵԿ-արվեցին, երբ կրթության նախարարը Ձերն էր: Ոչ ոք և ոչինչ այնպես չհարվածեց կուսակցության իմիջին ու հեղինակությանը, որքան երկրորդ դեմքը (նախկին): Կուսակցությունում Սերգո ջանի գոյությունն իսկ պատճառ դարձավ, որպեսզի շատ լուրջ մարդիկ երես թեքեն ՕԵԿ-ից: Եվ, հավատացեք, շատերի հեռանալու պատճառը հենց նա էր: Նրա ներկայությունը մարդկանց ստիպում էր կասկածով վերաբերվել «Օրինաց երկրի»` հեռանկարային և ժողովրդաշահ կուսակցություն լինելուն: Մինչդեռ կուսակցությունն անգամ չփորձեց տալ նրա վարքագծի գնահատականը` հավանաբար թողնելով, որ դա հասարակությունն անի: Ի դեպ, Սերգոջանի դավաճանությունը հասարակությանը չզարմացրեց, այլ միայն` նրան ծնած-սնած կուսակցությանը: Հասարակությունը գիտի ամեն ինչ և ամեն մեկին իր տեղում դնել: Նույն Մհեր Շահգելդյանի մասին, օրինակ, ոչ ոք ոչինչ չի կարող ասել. Նրա անցյալը, գործունեությունը, անձն իսկ հասարակության մեջ որևէ բացասական ընկալման հետ չի ասոցացվում:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ