Այստեղ «ուրիշի հոգս» չկա


Ինստիտուտի ռեկտոր, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ֆիզկուլտուրայի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիայի նախագահ, ԱՕԿ փոխնախագահ Վահրամ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ մեր զրույցը, բարեբախտաբար, միայն մտահոգություններից չի բաղկացած, և լավատեսությունն էլ ոչ թե սոսկ ցանկություն էր կամ հեռանկարային, այլ կոնկրետ փաստերի վրա խարսխված: - Մեր գլխավոր սկզբունքն է ինստիտուտ ընդունել հանրապետության լավագույն մարզիկներին, նրանց, ովքեր իրենց մարզավիճակով լուրջ հույսեր են ներշնչում և, իհարկե, մարզաշխարհում արդեն բարձր արդյունքներ արձանագրած երիտասարդներին, ովքեր ինչ-ինչ պատճառնե րով չեն հասցրել մասնագիտական կրթություն ստանալ: Ամենակարևորը` առո°ղջ մարդկանց: Եվ պատահական չէ, որ մասնագիտականներից էլ առաջ առաջին քննությունը բուժզննումն է: Ինձ շատ ուրախացնում է, որ տարեցտարի ստվարանում է մեր դիմորդների բանակը: Այս իրողությունը նախ փաստում է, որ սպջորտը շարունակում է իր հաղթարշավը, և ապա մեծանում է մեր բուհի համարումը: Միաժամանակ այս հանգամանքը առավելագույնս մեծացնում է մեր պատասխանատվությունը: Այսօր բոլորն են տեսնում և տեղեկանում, թե որքան հզորանում է սպորտը, և միջազգային ինչ հաղթանակներ են նվաճում մեր մարզիկները: Ինչ խոսք, մեր ջանքերը, երևի, ավելի համեստ արդյունքներ կգրանցեին, եթե մեր պետական այրերը` հանձին ՀՀ Նախագահի, Վարչապետի, գործնական այսքան մեծ ուշադրություն չհատկացնեին բնագավառին: Ի վերջո, պետական աջակցության շնորհիվ են վերանորոգվում մեր մարզաբազաները, կառուցվում ու խնամքով կահավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան: Առաջին հերթին սա է տրամադրում երիտասարդներին` նվիրվելու սպորտին: Անուրանալի է, իհարկե, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ճանաչված բարերար Գագիկ Ծառուկյանի ներդրումն այս բնագավառում: Նրա և ՀՀ Կառավարությանն առընթեր ֆիզկուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի պահանջկոտությունը առաջին հերթին նրանց աջակցությամբ է պայմանավորվում: Ուրախությամբ եմ ուզում փաստել, որ մեր բուհը համալրված է լավագույն մարզիկ-մանկավարժներով. նրանցից ավելի քան 40-ը դոկտորներ, պրոֆեսորներ են, 30-ից ավելին` վաստակավոր մարզիկներ, ավելի քան 20-ը` օլիմպիական կոմիտեի անդամներ: Շատ կարևոր է, որ մեր դասախոսներից շատերը նաև տարբեր մարզաձևերի ավագ մարզիչներ են: Ի դեպ` տարբեր առաջնություններում հաղթող ճանաչված դիմորդներին մենք ինստիտուտ ենք ընդունում հարցազրույցով. այս տարի տարբեր մարզաձևերից Եվրոպայի մրցանակակիրներ դարձած ինը մարզիկներ հաջողությամբ են անցել հարցազրույցը: Ինչո՞ւ չէ` նաև մեր ուսանողներով ենք հպարտանում: Եվ ոչ միայն մենք. մեր ողջ ժողովուրդն է պարծենում, երբ միջազգային արենաներում հայ մարզիկների շնորհիվ բարձրացվում է հայոց եռագույնը: - Բուհում շատերը (թե° դասախոսներից և թե° ուսանողներից) նշում են, որ հաջողությունների գրավականներից մեկն էլ ինստիտուտում ձևավորված փոխըմբռնման մթնոլորտն է, որի շնորհիվ պահանջկոտությունը հակասություններ չի ծնում: Իսկ ցանկացած աշխատավայրում մարդկային հարաբերությունները, աշխատանքային մթնոլորտը պայմանավորված են ղեկավարի անձով... - Ես այս բուհն եմ ավարտել, որպես մարզիկ և մարզիչ` ձևավորվել եմ այստեղ, ավարտելուց հետո անդամագրվել եմ այս կոլեկտիվին և որպես մանկավարժ էլ աճել եմ բոլորի աչքի առաջ: Եղել եմ դասախոս, հետո` ամբիոնի վարիչ, ապա` դեկան, հետո միայն` ռեկտոր: Մի՞թե այս ուղին չի հուշում, որ սոսկ չոր պաշտոնականությունը չէր կարող ուղեկիցս լինել: Այստեղ «ուրիշի հոգս» ասվածը չկա. բոլորը պատրաստակամ են միմյանց նկատմամբ և պարտավորված բուհի հեղինակությամբ: Հրաշալի աշխատակազմ ունենք, և բոլոր այն պայմանները, որ կան այսօր` համատեղ ջանքերով ենք ստեղծել: Ես շատ կարևորում եմ դասախոսների տրամադրվածությունը, իսկ դրա համար բարի կամք է հարկավոր, ջերմ հարաբերություններ: Ի դեպ, վաստակաշատ դասախոսներին իրենց տարիքը մենք երբեք չենք հիշեցնում: Ավելին` նրանց փորձն ու հմտությունները, անշահախնդիր խորհուրդները մեզ և մեզանից հետո էլ եկող հերթափոխին շատ է անհրաժեշտ: Երիտասարդ մանկավարժներով համալրված է ինստիտուտը, և շատ սերտ է կապը տարբեր սերունդների մասնագետների միջև: Այս ջերմ մթնոլորտին նպաստում է հատկապես երկարատև համատեղ աշխատանքը: Այս հանգամանքին մեծապես նպաստում է նաև այդ նպատակով ստեղծված մարզավարչական ակումբը, որի նախագահն է մարզաառողջարարական ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող, օլիմպիական ակադեմիայի փոխնախագահ Անահիտ Հարությունյանը: Դասերից հետո մեր դասախոսական անձնակազմի անդամները տարբեր տարիքային խմբավորումներով (կանանց և տղամարդանց հավաքականներն առանձին-առանձին) զբաղվում են սպորտով: Այս կերպ և° մարզային հարաբերություններն են սերտանում, և° առողջ ապրելակերպն է ապահովվում: Այս առիթով չեմ կարող չասել, թե որքան անմիջական է կապը նաև ուսանողների հետ: Չկա այնպիսի մի օր, երբ մեր շրջանավարտներից գոնե մի քանիսը մեզ չայցելեն. նրանք ևս անկեղծորեն ուրախանում են ինստիտուտի հաջողություններով: - Փաստորեն, Դուք նաև մարզաբազաներով ապահովված լինելու խնդիր ունեք, բայց երևի թե այն եզակի ղեկավարներից եք, ով չի դժգոհում, թե բյուջեն է խանգարում, ուշադրությունն ու ֆինանսները բավարար չեն... - Ինչի՞ համար դժգոհեմ, ումի՞ց դժգոհեմ: Ես լավ գիտեմ մեր հնարավորությունները և փորձում եմ եղածը առավելագույնս ծառայեցնել նպատակին: Փա¯ռք Աստծո, մենք ամեն ինչ ունենք: Եվ ոչ ինքնագովազդով ենք հրապուրվում, ոչ էլ տեղի-անտեղի դժգոհում: Անլուծելի թվացող խնդիրները, հուսով եմ, մնացել են անցյալում: Մեր համակարգի շատ օղակներ ժամանակին նույնիսկ վաճառքի են հանվել: Սակայն մենք ամեն ինչ արել ենք` դրանք ինստիտուտին վերադարձնելու և այդ բազաներն այսօր մենք տնօրինում ենք այնպես, որպեսզի հնարավորինս նպատակասլացություն և արդյունավետություն ապահովվի: Ինստիտուտի լողավազանն, օրինակ, վերանորոգում է Գագիկ Ծառուկյանը, հիմնանո րոգումից հետո այն կօգտագործենք ԱՕԿ-ի հետ համատեղ: Նույնը կարող եմ ասել թենիսի կորտերի, ֆուտբոլի դաշտի մասին. օրվա մի մասը դրանք օգտագործում են մեր ուսանողները, այնուհետև ազգաբնակչության լայն շրջանակներ հնարավորություն ունեն կոփել իրենց առողջությունն այնտեղ: Հավանաբար նկատել եք ինստիտուտի բակում կառուցվող նոր շինությունը. մեկ-երկու ամիս հետո այն շահագործման կհանձնվի` մարզվելու լավագույն պայմաններ ընձեռելով սուսերամարտիկներին, ծանրամարտիկներին: - Քաղաքականությունն, ասում են, թափանցել է մեր կյանքի ամեն ասպարեզ. բուհը տուրք տալի՞ս է դրան: - Մեզ համար գոյություն ունի մեկ քաղաքականություն` նպաստել սպորտի զարգացմանը, մարզիկների և մարզիչների արժանի հերթափոխ պատրաստել և ներածին չափով բարձր պահել երկրի վարկանիշը: Հ. Գ. Վ. Առաքելյանը նաև ուսումնական ձեռնարկների հեղինակ է: Անցած տարի նրա ղեկավարությամբ կազմված և հրատարակված «Օլիմպիական խաղեր. օլիմպիզմ. օլիմպիական գաղափարներ` յուրաքանչյուրին» (6-9 տարեկանների համար) և «Օլիմպիական խաղերի ուսումնական նյութերի ժողովածու» (10-15 տարեկանների համար) ձեռնարկները լավագույն նվեր էին պատանի մարզասերներին` համեմված հետաքրքրաշարժ պատմություններով և մարզական ժամանցներով: