Հեռակա ուսուցումը` անհրաժեշտություն


Այս բուհի համար անչափ կարևոր է նաև հեռակա ուսուցումը, որի վերականգնմամբ, մարզչական և մանկավարժական աշխատանքը չընդհատելով, բարձրագույն մասնագիտական կրթություն ձեռք բերելու հնարավորություն է ընձեռվում: Ֆակուլտետը ֆիզիկական կուլտուրայի դասատուներ և մարզիչներ է պատրաստում 23 մարզաձևերում: Այցեքարտ. ԿՈԼՅԱ ԲԱԲԱՅԱՆ.- Ֆակուլտետի դեկան, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, դոցենտ: - Հեռակա ֆակուլտետի գոյությունն անհրաժեշտություն էր մեր բուհի համար, և մեր ռեկտոր պարոն Առաքելյանի ջանքերի շնորհիվ այն բացվել ու հաջողությամբ գործում է: Այ, քիչ առաջ Դուք հանդիպեցիք օլիմպիական խաղերի մրցանակակիր Նորայր Բախտամյանին. հեռակա ֆակուլտետի ուսանող է և ուսմանը զուգընթաց մարզական մեծ հաջողություններ է նվաճում: Եվ նրա նմանները քիչ չեն այստեղ: Մենք ընձեռում ենք բոլոր հնարավորությունները` լիարժեք մարզվելու և ինքնադրսևորման համար: Եվ միայն քննաշրջաններին նախորդող դասերի ընթացքում չէ, որ ուսանողը կարող է մարզվել: Ուզում եմ շեշտել, որ հատկապես հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա դասավանդող, բայց մասնագիտական բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների համար սա լավագույն հնարավորություն է: Այդպիսիների համար ընդունելությունը հատուկ մրցույթով է կազմակերպվում: Առնվազն մեկամյա աշխատանքային ստաժ ունեցողների ուսումնական վճարն էլ չի գերազանցում 50.000 դրամը: Այսօրվա դրությամբ մենք ունենք 70 այդպիսի ուսուցիչ-ուսանողներ: - Դուք նաև այս տարվա ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն էիք. ի՞նչ են «պատմում» այս քննությունները, ովքե՞ր են մեր ապագա մարզիկներն ու մարզիչները: - Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի մեր դիմորդների թիվը 150-ով ավելի էր. սա, կարծում եմ, խոսուն փաստ է: 129 պետպատվերի շրջանակներում և 196 վճարովի տեղերի համար դիմել էր 743 դիմորդ: Ֆուտբոլի բաժնի 11 տեղի համար պայքարեցին 82, բռնցքամարտի 20 տեղի համար` 59, մարզական լրագրության 10 տեղի համար` 38 դիմորդներ: Մեր կանոնակարգի համաձայն, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում 1-3 տեղեր գրաված և օլիմպիական խաղերում 1-6 հորիզոնականներն զբաղեցրած մարզիկներն այս տարի հնարավո րություն ստացան ինստիտուտ ընդունվել առանց քննությունների` հարցազրույցով: Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ նրանց շարքերում էր հանրաճանաչ մարզիկ Օգսեն Միրզոյանի որդին, ով Եվրոպայի առաջնության 2-րդ մրցանակակիր է (ծանրամարտ): Մարզաձևերի հանդեպ ժառանգաբար փոխանցվող սերը հաճախակի է նկատվում, և դա հաճելի երևույթ է: Ուզում եմ անպայման ընդգծել, որ նախորդ տարիների համեմատությամբ այս տարի դիմորդների պատրաստվածության մակարդակն էլ անհամեմատ բարձր է: Մասնագիտական 2 քննություններից (առարկաներից) արձանագրված բարձր միավորները բավականին դժվարացնելու են մեր գործը` նախատեսված սահմանափակ տեղերում նրանց ընդունելու համար: Հետաքրքիր մի փաստ էլ նշեմ. մեր ինստիտուտ դիմողները հիմնականում իրար ճանաչում են մրցասպարեզներից: Ավելացնեմ նաև, որ քննությունների արդյունքներից հիմնավորված բողոքներ չենք ունեցել: Կոլյա Բաբայանը բավական հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց բուհի առօրյայից: Եվ մեր մյուս երկու զրուցակիցների նման, նա էլ անչափ կարևորում է բուհում իշխող բարոյահոգեբանական դրական մթնոլորտը, ինչով էլ պայմանավորված է կոլեկտիվիզմի զգացողությունը: Այսինքն, այս ինստիտուտում բոլորն իրենց նույն ընտանիքի անդամներ են համարում` պարտավորված յուրովի նպաստել դրա բարգավաճ մանը: