Նախանձախնդրությամբ և նվիրումով


Արդեն քանի տասնամյակ` մարզաշխարհում Դերենիկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ շարունակում է լավագույն ավանդույթները իր կրթած սերունդների միջոցով պահպանելու առաքելությունը` սեփական հեղինակությամբ նպաստելով դրանց բազմապատկմանը: Իր նպատակասլացությամբ, ծրագրերից ոչ մի պայմանով չհրաժարվելու վճռականությամբ նա պատվի ու արժանապատվության հաղթանակ է համարում խոչընդոտները հաղթահարելը: Եվ մարզաշխարհի նրա նվիրվածությունը աննկատ չի մնում. այն էլ` ոչ միայն մեր երկրում: - Ազգային օլիմպական կոմիտեի նախագահի տեղակալ, Եվրոպայի սիրողական բռնցքամարտի փոխնախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի գլխավոր տնօրեն... Թվարկումը երևի կարելի է երկար շարունակել, բայց անդրադառնանք Ձեր «թարմ» նվաճումներին: Վերջին ամիսներին Ձեր անունը ավելի հաճախ սկսեց հնչել հանրապետությունում` հատկապես միջազգային կառույցում Ձեր նոր պաշտոնավարման հետ կապված: Եթե կարելի է` մի քանի խոսք այդ մասին: - Եվրոպայում էլ կան մարդիկ, որոնց, բացի սպորտից, հետաքրքրում է նաև կոռուպցիան: Միջազգային սիրողական բռնցքամարտի ասոցիացիայի փոխնախագահ, ազգությամբ թուրք Ջաներ Դոգանելիին կարծես հովանավորում էր այդ երևույթը: Եվ դա արդարացիորեն հարուցեց հատկապես նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մի շարք երկրների ներկայացուցիչների դժգոհությունը. միացանք բոլորս` Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը, մյուսները... Եվ ընթացիկ տարվա հունվարի սկզբին մեր պահանջով Չեխիայում հրավիրվեց եվրոպական սիրողական բռնցքամարտի արտահերթ կոնգրեսը, որին 48 անդամ երկրներից մասնակցում էին 26-ը: 25-ը ձայն տվեցին իմ թեկնածության օգտին, և ես ընտրվեցի փոխնախագահ (նախագահ ընտրվեց Ռուսաստանի ներկայացուցիչը` Էդուարդ Խուսինովը (նախկինում ճանաչված բռնցքամարտիկ և այսօր էլ ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ: Ես հետո իմացա, որ ինձ դեմ է քվեարկել միայն Ադրբեջանի ներկայացուցիչը, և դա օրինաչափ էր: 6 ամիս անց Մոսկվայում հրավիրվեց հերթական կոնգրեսը, որը նախատեսված էր անցկացնել Թուրքիայի Անթալիա քաղաքում: Մոսկվայում արդեն մասնակցում էին 45 երկրների ներկայացուցիչներ, և այստեղ փաստորեն երկրորդ անգամ լեգիտիմ ընտրությամբ ընտրվեցի փոխնախագահ` 29 ձայնով: - Եթե մի փոքր կատակով ձևակերպենք` Դուք նշեցիք, որ այդ պաշտոնում կարելի է նաև անձնական շահեր հետապնդել: Դուք ի՞նչ շահ եք հետապնդելու այնտեղ: - Երկրի շահը, իհարկե: Ընտրություններից հետո, Պլովդիվում տեղի ունեցավ Եվրոպայի չեմպիոնատը, որի ժյուրիի նախագահն էի ես: Փաստորեն, Հայաստանի թիմի համար կար մի երաշխիք. գոնե գիտեինք, որ հաղթելու դեպքում տղաների ձեռքից հաղթանակը ոչ մեկը չէր վերցնի: - Այսինքն` նպաստելու եք, որպեսզի օբյեկտիվությունը պահպանվի: - Իսկապես իմ ամբողջ անցած ճանապարհը եղել է պայքար` հանուն օբյեկտիվության պահպանման: Ուրիշ ի՞նչ կերպ կարելի է նպաստել մեր մարզիկների առաջընթացին: Նրանց փոխարեն ուրիշ մեկը ռինգ չի դուրս գալու: Բայց իմ պարտքն եմ համարում հետևողական լինել, որպեսզի արժանիները միջազգային արենա դուրս գան, և որպեսզի այստեղ էլ սուբյեկտիվությունը բացառվի: - Դուք նաև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի գլխավոր տնօրենն եք: Եվ մարզաշխար հում գոհունակությամբ են փաստում, որ քոլեջ դարձած նախկին N 10 սպորտային թեքումով գիշերօթիկ դպրոցը Ձեր ջանքերի շնորհիվ ոչ միայն պահպանվեց, այլև հզորացավ: - Մինչ նախկին գիշերօթիկում աշխատելու հրավեր ստանալս, ես աշխատում էի պետսպորտկոմիտեում: Բռնցքամարտի պետական մարզիչ էի, ապա` վարչության պետ: Դպրոցում աշխատանքի անցա այն ժամանակվա տնօրեն Էդուարդ Գրիգորյանի հրավերով, ում հետ աշխատանքային 4 տարիներն ինձ համար իսկապես ուսանելի էին շատ: 1988-ին, Էդվարդ Գրիգորյանի մահից հետո, այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթում ես ընտրվեցի գլխավոր տնօրեն: Այսօր երախտագիտությամբ եմ հիշում, թե ինչպես կոլեկտիվը սատար կանգնեց իմ թեկնածությանը` նպաստելով հաղթանակիս, որը նաև բարոյական հաղթանակ էր: - Պահպանվե՞լ է կոլեկտիվի կորիզը: - Գրեթե ամբողջությամբ` չնչին բացառություններով: Նախկինում մեզ մոտ ընդունում էին IV-X դասարանցիներին (մարզերից, Արցախից, Ջավախքից եկած սովորողները մեզ մոտ էլ հենց ապրում են, կրթություն ստանում և բարձրացնում իրենց մարզական վարպետությունը), հիմա արդեն մեր քոլեջ կարող են ընդունվել VII դասարանից սկսած: Ուսումնառության 4 տարիների ընթացքում նրանց ընձեռվում են բոլոր հնարավորությունները` մարզական ունակությունները հղկելու, լավագույնս մարզվելու և արժանի հերթափոխ դառնալու: Չմոռանանք, որ մեր հանրապետությունը աշխարհահռչակ շատ մարզիկներ է ունեցել, և այդ ավանդույթը պետք է պահպանել: - Դուք օլիմպիական հերթափոխ եք պատրաստում. քանի՞ մարզաձևից: - Շուրջ մեկ ու կես տասնյակ: Այսօր մեր մոտ 470 սաները միջնակարգ կրթության հետ նաև մասնագիտական որակավորում են ստանում: Լավագույն ավանդույթները պահպանելով հանդերձ մենք նաև նկատելի առաջընթաց ենք ապահովել, ինչին մեծապես նպաստել է մեր Կառավարությունը` Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ: Սպորտում իրենց լավագույնս դրսևորած մեր գերազանցիկ 20 շրջանավարտները հարցազրույցի կարգով ընդունվում են ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի II կուրս` ուսումը շարունակելու: Ինստիտուտի հետ մենք ունենք պայմանագիր, որը փոխշահավետ համագործակցություն է ապահովում: Դրանից շահում է սպորտը: - Ունե՞ք չեմպիոններ: - Իհարկե, այդ տարիներին արդեն մեր քոլեջում պատրաստվել է 2 օլիմպիական չեմպիոն. Օգսեն Միրզոյան` ծանրամարտ և կրկնակի օլիմպիական չեմպիոն, Արմեն Նազարյան` ըմբշամարտ, արծաթե մեդալակիր, նրանց լրացնում են մեր սիրելի Սիլվարդ Էմիրզյանը` ջրացատկ և Արմեն Մկրտչյանը` ըմբշամարտ, 2 բրոնզե մեդալակիրներ` Խորեն Հովհաննիսյանը` ֆուտբոլ և Արսեն Մելիքյանը` ծանրամարտ: Նաև աշխարհի չեմպիոններ ենք պատրաստել` Վաղինակ Գալստյան, Արամ Մարգարյան` ըմբշամարտ, Արթուր Հակոբյան` մարմնամարզիկ: Կարծում եմ` ընկալելի է օրինական հպարտությունս. այդպիսիք քիչ չեն մեր սաների շարքում: Տարբեր տարիքային խմբերում Եվրոպայի, աշխարհի չեմպիոնների թիվը մեզ մոտ գերազանցում է 100-ը: Բնականաբար, առանց նպաստավոր պայմաններ ստեղծելու անկարելի կլիներ երազել անգամ նման արդյունքի մասին: Ասեմ ավելին. մեր սաները նաև հայրենասիրությամբ են առանձնանում: Արցախյան գոյամարտի տարիներին մեր տղաներն ստեղծեցին կամավորական ջոկատներ, շատերը հրամանատարներ դարձան` անձնվիրաբար մարտչնելով առաջին գծում: Այս առիթով ուզում եմ նորից հիշել, որ արժանահիշատակ Վահան Զատիկյանի կազմավորած «Մալաթիա» ջոկատը ևս համալրված էր մեր շատ-շատ մարզիկներով, հայրենասեր մեր սաներով: Մեր շրջանավարտն է նաև կամավորականների «Սուրմալու» ջոկատի հրամանատար, այսօր արդեն գնդապետ Արթուր Խաչատրյանը, ով Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ է: Ասել կուզեմ, որ մարզական կոփվածքով ճշմարիտ հայրենասերներ ենք դաստիարակում, արժանի քաղաքացիներ: - 1988-ի երկրաշարժից հետո Ձեր ղեկավարած ուսումնարանում Դուք ապաստանեցիք նաև Գյումրիի ավերակված օլիմպիական հերթափոխի ուսումնարանի 200 սաների... - Այո, 7 ամիս նրանք (և° մանկավարժները, և° մարզիչները) օթևանեցին մեզ մոտ` մեր բազայում, որը և° ժամանակավոր կացարան էր նրանց համար, և° մարզօջախ: Առաջին հերթում նրանք էին սովորում և պարապում, հետո` մեր երեխաները. աշխատում էինք երկու հերթափոխով: Եվ ինձ շատ ուրախացնում էր մեր սաների հոգատարությունը աղետից փրկված իրենց հասակակիցների նկատմամբ. յուրաքանչյուրը փորձում էր ինչ-որ չափով օգտակար լինել: Մենք չէինք ստիպում, իրենք էին անում ներքին մղումով, և այդ պահերը մոռանալ չի լինի: Այդ օրերին հատկապես մեր ուսումնարանը համերաշխ մի մեծ ընտանիք էր հիշեցնում, հարազատ մարդկանց մի կուռ կոլեկտիվ: Այսօր էլ մեր ջերմ հարաբերությունները պահպանվում են, և շարունակվում է համագործակցությունը գյումրեցի գործընկերների հետ: Մեր սաներին մենք նախապատրաստում ենք` դիմագրավել բոլոր դժվարությունները և չհանդուրժել պարտություն ոչ մրցարենայում, ոչ էլ կյանքում: Երբեմնի կարգախոսը` «Առողջ մարմնում` առողջ հոգի», այսօր վերստին կենսունակ է դարձել: Դրան մեծապես նպաստում են պետական հոգածությունը և, իհարկե, մարզաշխարհի նվիրյալների եռանդը, ջանքերը: Այսօր մեր քոլեջը մեծ շինհրապարակ է հիշեցնում: Դա ամենամեծ գնահատականն է մեր աշխատանքի: Ասել է թե` բարվոքվում են պայմանները, որպեսզի է°լ ավելի բարձր հիմքերի վրա դրվի որակյալ մարզիկներ պատրաստելու գործը: 2005-ին վերանորոգվել են բռնցքամար տի, ծանրամարտի, ըմբշամարտի, ատլետիկայի և ձյուդոյի մարզադահլիճները: Վերականգնվել են կաթսայատները, նորացվել են բոլոր ցանցերը... Այսինքն, իրականացվել է իմ և այս բնագավառի բոլոր երախտավորների երազանքը, որովհետև 40-60 տարի շահագործվելով` այդ ամենը բարոյապես մաշվել է: Վերանորոգվում է նաև մեր ննջարանային եռահարկ մասնաշենքը: Վերանորոգումից հետո այստեղ կարող են ավելի քան 200 պատանի մարզիկներ ապրել ու մարզվել: Այն իսկապես հզոր բազա կդառնա և ուսանողներից զատ կծառայի նաև հավաքականներին: Անցյալ տարի, երբ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեր քոլեջ այցելեց վերանորոգումից հետո, շնորհակալություն հայտնելով, ես նրա ուշադրությունը հրավիրեցի ուսումնական մասնաշենքի վրա, որը վերջին անգամ 20 տարի առաջ էր նորոգվել, և որտեղ ջեռուցման մասին խոսք անգամ լինել չէր կարող: Նախագահը նույն պահին հանձնարարեց, և... խնդրեմ` այս տարի ննջարանային մասնաշենքն է հիմնանորոգվում, գալիք տարի էլ մյուսներին հերթ կհասնի: Անկեղծ ասած` ինձ զարմացնում է Սոցիալական հիմնադրամի անտարբերությունը. դեռ 2-3 տարի առաջ խոստացել էին վերանորոգել ճաշարանային համալիրը, բայց մինչև օրս ձգձգվում է: Այս սեպտեմբերի 1-ը նույնպես մենք չվերանո րոգված շենքով ենք դիմավորելու: Ես թաքուն հույս եմ փայփայում, որ Սոցհիմնադրամը չի մոռացել մեզ ու իր խոստումը: Ուզում եմ անպայման նշել, որ դրական տեղաշարժերը չէին լինի` առանց ՀՀ Սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործուն աջակցության: Իրենց պահանջկոտությամբ հանդերձ, նրանք սատարում են մեզ, միայնակ չեն թողնում` դժվարություններին դեմ-հանդիման: Նրանց աջակցությամբ մեր բոլոր ձեռքբերումները թվարկելն իսկ դժվար է: Ուզում եմ կարևորել նաև մեր համագործակցությունը ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի հետ: Յուրօրինակ մի համակարգ է ստեղծվել` մեկը մյուսին լրացնող: Եվ շնորհակալ եմ ֆիզկուլտուրայի ինստիտուտի ղեկավարությանը` հատկապես ռեկտոր Վահրամ Առաքելյանին, որ ինքը ճիշտ գիտակցելով այսօրինակ փոխգործակցության անհրաժեշտությունը, նպաստում է ամեն կերպ, որպեսզի մեր քոլեջի լավագույն սաները պատշաճ կրթություն ստանան: Ի դեպ` ինստիտուտ ընդունված մեր սաներն ավելի բարձր առաջադիմություն են ապահովում, քան սովորական հանրակրթական դպրոցների շրջանավարտները: Եվ ավելին ասեմ, մեր սաներից շատերը, ավարտելով ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, շարունակում են կրթությունը ասպիրանտուրայում ու նաև վերադառնում հարազատ քոլեջ` դասավանդելու: Այդ կապն էլ մեծ ուժ է: Առանց մեկս մյուսի, առանց նպատակային այս համագործակցության դժվար կլիներ: - Այս տարին հոբելյանական է Ձեր ղեկավարած քոլեջի համար: Իհարկե, 1-2 ամսից դեռ կանդրադառնանք այդ տարելիցին, բայց նախապես շնորհավորում ենք` մաղթելով նորանոր հոբելյաններ: - Այո, հոկտեմբերի վերջին կնշենք մեր կրթօջախի 35-ամյակը: Ես հպարտությամբ եմ փաստում, որ իր կենսագրությամբ այն ոչ միայն արդարացրել է իր գոյությունը, այլև իր ու մարզական այլ օջախներից մեզ մոտ եկած սաների շնորհիվ բազմիցս հաղթանակ ների վայելք է պարգևել մեր ժողովրդին: Մեր մարզչա-մանկավարժական կոլեկտիվը գործով է ապացուցել, որ շահում է այն ընտանիքը, որը համաձույլ է, ուր չկան ուրիշի հոգսեր, և դժվարությունների բեռն ու պատասխանատվությունը կիսում են բոլորը հավասարաչափ: