Ալեքսանդր ԳՐԻԳՈՐՅԱՆ-70


«Երկրային կեցությանս գլխավոր նպատակն ու հիմնական իմաստը» Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրական ունակությունները դրսևորվել են դեռևս պատանեկան տարիներին, երբ դպրոցական թատերակա նացված միջոցառումների ակտիվ մասնակից Սաշան իր արտիստական խառնվածքով ու բազմակողմանի օժտվածությամբ արժանանում էր բոլորի ջերմ համակրանքին: Ուղղորդելով սիրելի աշակերտի մասնագիտական կողմնորոշումը` գրականության ուսուցչուհի Ալբերտա Շվեդը առաջինը նկատեց ու գնահատեց նրա բնատուր շնորհքը` «Իմ սիրելի հերոսը» ստեղծագործական անսովոր շարադրությունը Պեչորինի մասին բնութագրելով որպես ինքնատիպ մտածողությամբ արված համարձակ ռեժիսորական էքսպլիկացիա: Կենսախինդ, գերզգացմունքային պատանին, որ աչքի էր ընկնում վառ երևակայությամբ, բարեբախտաբար, անսխալ գտավ իր առաջին թատրոնական ուսուցչին` Լեոնիդ Սերգեևիչ Վիվյենին, որը ոչ միայն խնամքով նախապատրաստեց Լենինգրադի թատերական ինստիտուտի ընդունելության քննությունները հանձնելուն, այլև ուսումնառության տարիներին մանրակրկիտ հղկեց ու համակարգեց իր սանի բեմադրական յուրօրինակ մտածողությունն ու կարողությունները: Եվ ամենևին էլ պատահական չէր, որ Վիվյենի հոգեբանական լաբորատորիայում թրծված և Տովստոնոգովի արտասովոր թատերային աշխարհընկալումը որդեգրած նորավարտ ռեժիսորի առաջին իսկ բեմադրությունը մեծ բեմում` Վոլգոգրադի Գորկու անվան դրամատիկական թատրոնում (Վ. Պանովա, «Սպիտակ գիշերների հրաժեշտը»-1961 թ.), համամիութենական երիտասարդական մրցույթում դարձավ լավագույնը` անմիջապես լայն ճանաչում բերելով սկսնակ բեմադրիչին: Շատ շուտով ընդլայնվեցին նրա ստեղծագործական գործունեության թեմատիկ և աշխարհագրական սահմանները` նոր մրցանակներ և մեծ հաջողություն ապահովելով նաև նախկին ԽՍՀՄ տասնյակ խոշոր քաղաքների ստեղծագործական ճգնաժամ ապրող թատերական կոլեկտիվներին: Ի հայտ եկան Ալեքսանդր Գրիգորյան մարդու կազմակերպչա կան կարողությունները, որոնց բացառիկ դրսևորումներից էր քառամյա անդուլ ջանքերի գնով փակուղային իրավիճակից դուրս բերված Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը: Շարունակելով ուշագրավ բեմադրություններ անել խորհրդային տարբեր քաղաքներում, սոցիալիստական ճամբարի գրեթե բոլոր երկրներում` Գրիգորյանն անմնացորդ նվիրվեց մեր ռուսական թատրոնին: Եվ արդեն չորս տասնամյակից ավելի է, ինչ նույն ոգևորությամբ ու եռանդով ստեղծագործում է` ի նպաստ հայկական ռուսական թատրոնի բարգավաճման, ձեռք բերած հեղինակության պահպանման: Այսօր, իր 70-ամյա հոբելյանի օրերին, առանց ավելորդ սեթևեթանքի, արտահայտում է առաջին հայացքից տարօրինակ թվացող մի միտք. «Մրցանակներ, կոչումներ, փառք ես անձնապես բավականաչափ վաստակել եմ իմ երկարատև հախուռն գործունեության ընթացքում: Հիմա ամենանվիրական երազանքս մեր ռուսական թատրոնի 100-ամյա հոբելյանի մասսայական, մեծաշուք, շռնդալից տոնակատարությունն է, թատրոն, որը դարձել է երկրային կեցությանս գլխավոր նպատակն ու հիմնական իմաստը»: Հակաթատրոնական, անբարենպաստ պայմաններում է սկսվել հրավիրված գլխավոր բեմադրիչի երևանյան կենսագրությունը: Հաղթել են թատերական արվեստի նկատմամբ ունեցած անսահման սերը, անսպառ աշխատասիրությունը և կատարելության ձգտող արարչական կամքը: Առաջին երևանյան բեմադրությունից (1965 թ., Ա. Արբուզովի «Իմ խեղճ Մարատը») մինչև անցած թատերաշրջանի վերջինը («Ռևիզորյան կրքերը»` ըստ Գոգոլի «Ռևիզորի») Գրիգորյանը, այժմ արդեն 120 բեմադրությունների հեղինակ, քննություն հանձնող պատանու հուզմունք է ապրում նոր աշխատանքի ձեռնարկելիս` ջանք չխնայելով դրանցից յուրաքանչուրը վերածել թատերական տոնի` հեղինակային տեքստի թատրոնական ծնունդից, պիեսի կերպարների հոգեբանական նկարագրերի ու ֆունկցիաների ճշգրտումից, հենակետային միզանսցեններից մինչև արարման տառապանքի կիզակետը` պրեմիերան: Զարմանալիորեն նույն երիտասարդն է մնում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Նույնքան կենսունակ ու նպատակասլաց, որքան անցյալ դարի 60-ականներին, երբ ցերեկներն զբաղվում էր ռուսական թատրոնի ռեանիմացիայով, իսկ գիշերները` իր իսկ նախաձեռնած «Արշալույս» երիտասարդական թատրոնի կայացմամբ` այսօր հայ թատրոնում մեծ ժողովրդականություն վայելող համախոհների իր խմբով` Վլադիմիր Մսրյան, Ռաֆայել Քոթանջյան, Հրաչիկ Ղազարյան, Գոհար Տրդատյան, Արմեն Սանթրոսյան... Ամենակարևորը Գրիգորյանի արվեստագիտական նկարագրում, ըստ իս, «բրավոներին» թերահավատությամբ վերաբերվելն է. արտասովոր բեմադրական տեսիլքով, գեղարվեստական-գաղափարական սկզբունքային մտածողությամբ և հարուստ կենսափորձով հանդերձ` նա չի մեծամտանում, հստակ գիտակցում է իր ամեն մի նոր աշխատանքի թերություններն ու առավելությունները` շարունակելով հետևողականորեն կատարելագործել ներկայացման սինթետիկ տարրերի զուգակցման ներդաշնակությունը: Սրա փայլուն օրինակներից են Գրիբոյեդովի «Խելքից պատուհասի» բեմադրական երկու տարբերակները: Ներքուստ ինքն իրենից դժգոհ մնալով` վեց տարվա ընդմիջումից հետո կրկին անդրադարձավ իր բեմադրությանը` հիմնովին վերանայելով նախկինում գտնված լուծումները դասական գործի ոգուն ու շնչին առավելագույն համարժեքության և ներկա դերասանախմբի կատարողական ներուժի տեսակետից: Շահեցին թե° ներկայացումը, թե° Գրիբոյեդովը... Համանման բազում փաստեր կարելի է գտնել Գրիգորյանի ստեղծագործական տարեգրության էջերում: Տարեգրություն, որի բազմաշերտ բովանդակությունը կբավականացնի բեմադրական վարպետության մի քանի հատորանոց արժեքավոր դասագրքի համար: Լավագույն բեմադրություններից շատերի մասին այսօր կարելի է որոշակի պատկերացում կազմել ժամանակին մամուլի էջերում տեղ գտած թատերախոսություն ներից: Անչափ ցավալի է, որ «Կանանց մենաստան» (Վ. Դիխովիչնիյ), «Դենիս Դավիդով» (Վ. Սոլովյով), «104 էջ սիրո մասին» (Էդ. Ռաձինսկի), «Տարբեր նվագներ» (Զ. Խալափյան), «Դիմակահանդես» (Մ. Լերմոնտով), «Մակբեթ» (Վ. Շեքսպիր), «Տարելկինի մահը» (Սուխովո-Կո բիլին), «Աստվածների կանչը» (Պ. Զեյթունցյան) և տասնյակ ուրիշ բեմադրությունների ներկայացումները տեսագրելու, սերունդների համար պահպանելու մասին ժամանակին չեն մտահոգվել: Մնացել են ականատեսների աղոտ, կցկտուր հիշողությունները, որոնք բավական չեն թատերական ներկայացման անմիջական կենդանի տպավորությունը ներգործելու հասարակական-քաղաքական, հոգևոր-բարոյական արմատական փոփոխություններ կրած մեր օրերում: Շուրջ երկու տասնամյակ ամենայն հոգատարությամբ ռուսական թատրոնի գործունեությանը հետևելով` վստահաբար կարող եմ ասել նրա գեղարվեստական ղեկավարի մասին. բեմադրիչ, որ շարունակ որոնումների մեջ է, չի մեծամտանում ձեռք բերածով, անկասկած, չի սպառել իրեն: Ալեքսանդր Գրիգորյանը մեր ռուսական թատրոնի միտքը, խիղճն ու հոգին է դարձել և եթե նույնիսկ վստահում է հրավիրված բեմադրիչներին (նրանցից շատերի բեմադրական մտածողությունը խնամքով հղկելով), սթափ գիտակցում է, որ հենց իրենից են կախված ռուսական թատրոնում ցուցադրվող ներկայացումների ամբողջականությունն ու գունեղությունը, արտահայտած գաղափարների ներգործուն, վարակիչ ուժը: Ուրեմն, թատերասերներին դեռ անհամար ուսանելի ու հետաքրքիր հանդիպումներ են սպասվում ներկա մշակութային դաշտում մեծ դերակատարություն ունեցող այս արվեստագետի հետ: