ՄԻ ՔԻՉ ԷԼ ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Մեր թերթի «Ծուխն էլ, կրակն էլ» բաժնում ներկայացրել էինք մի տեղեկություն այն մասին, ըստ որի` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստվում է հեռանալ պաշտոնից և բնակություն հաստատել Ֆրանսիայում: Մեր այդ բաժնի նյութերը տարբեր աղբյուրներից քաղված տեղեկություններ են, ենթադրություններ, որոնից շատերը հեռու չեն իրականությունից: Հրապարակումից հետո ստացանք Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Լ. Աղեկյանի գրությունը` «Ելնելով Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջներից, խնդրում ենք ներքոհիշյալ պատասխան-հերքումը տեղադրել ձեր սայթում...» պահանջով: Նախ, մեզ թվում էր, թե մամուլի խոսնակը պարտավոր էր իմանալ, որ սայթ բառի հայերեն համարժեքը կայքն է, հետո` ինչու՞ կայքում, եթե թերթը տպագիր պարբերական է: Մենք չենք կարող «պատասխան-հերքումն» ամբողջապես «տեղադրել», որովհետև, համաձայն ԶԼՄ մասին օրենքի` մեզ ներկայացված տեքստը երկու անգամ գերազանցում է հրապարակման ծավալը: Սակայն «հերքում ենք»,. «Ի պատասխան նշյալ լուրի, տեղեկացնենք, որ Գյումրիի քաղաքապետը առաջիկա ՏԻՄ ընտրություններին մտադիր և այժմ էլ հաստատակամ է առաջադրվելու քաղաքապետի պաշտոնում և դա բխում է Գյումրիի և գյումրեցիների նկատմամբ նրա վաստակած իրավունքից և բազմաթիվ ծրագրերից, որոնք նա սկսել և դեռ պիտի կյանքի կոչի: Ի լրումն էլ ասենք, որ Վարդան Ղուկասյանը իր քաղաքի համար ծանր տարիներին անգամ չի հեռացել Գյումրիից, չնայած, որ դրա հնարավորությունն ունեցել է ոչ միայն քաղաքապետի, այլև մինչև այդ պաշտոնը ստանձնելու ժամանակահատվածում: Նա չի էլ հեռանալու»: Կարծում ենք, որ Լ. Աղեկյանը հիմա կխաղաղվի, մանավանդ որ 2012-ին էլ ապահովված կլինի աշխատանքով, չէ՞ որ նման արժեքավոր մամուլի խոսնակներին ոչ ոք չի ազատում աշխատանքից: Սակայն շա˜տ կուզենայինք, որ «պատասխան-հերքում» գրելուց առաջ` Լ. Աղեկյանը նախ հղկեր իր մայրենին, կարողանար հայերեն նախադասություններ կազմել և լիներ զուսպ ու բարեկիրթ: Լրատվամիջոցի և ընդհանրապես ցանկացած կազմակերպության կամ անձի հասցեին վիրավորական արտահայտություններ նետելը, օգտագործվող բառերի իմաստը չհասկանալը, «իրատեսության ու տրամաբանության ամեն մի սահան հատելու» մասին մեղադրանքները ընդամենը հաստատում են, որ խոսնակը պարզապես փորձել է իր ողջ բառամթերքը պարպել մի քանի տողի մեջ: Նման դեպքերում գյումրեցիներն ասում են. «Թթու վերցրու թասըմ բան խմե` ջղայնությունդ կանցնի»: Հուսով ենք, որ հետագայում Լ. Աղեկյանը «հերքում-պատասխաններ» պահանջելիս չի անցնի լրագրողին ու մանավանդ պաշտոնյայի խոսնակին վայել բարեկրթության սահմանը: Իսկ որ Վարդան Ղուկասյանը չի հեռանում Գյումրուց` շնորհավորում ենք գյումրեցիներին և նրա մամլո խոսնակին... «ԱՎԱՆԳԱՐԴ»