«Դավիթ շինարարը, Թամար թագուհին միշտ խրախուսել են հայկական եկեղեցիների կառուցումը»


Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը վիրահայության խնդիրներով զբաղվում է 2005 թվականից: Միության շրջանակներում ստեղծված է ջավախահայության իրավունքների պաշտպանության խորհուրդ, որին անդամակցում են ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ղեկավարած «Ջավախք» հայրենակցական բարեգործական միությունը, Ջավախքից երկու կազմակերպություն և նույնանուն ժողովրդական շարժումը: Վիրահայության խնդիրների մասին է զրույցը հիշյալ միության ծրագրերի համակարգող Ռոբերտ ԹԱԹՈՅԱՆԻ հետ: - Խնդիրները հիմնականում վերաբերում են վիրահայության քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, մշակութային, լեզվական, կրթական իրավունքների ոտնահարմանը` վրաց իշխանությունների կողմից: Նշենք, որ իրենց իսկ ստորագրած միջազգային համաձայնագրերով նրանք պարտավորվել են հարգել ու պաշտպանել այդ իրավունքները: Չնայած դրան` այսօր մասնավորապես ջավախահայության հասարակական, ազգային գործիչների, ակտիվիստների նկատմամբ տարբեր եղանակներով հալածման, ճնշման քաղաքականություն է իրականացվում, ինչի արդյունքում բազմաթիվ գործիչներ կամ բանտերում են, կամ արտաքսվել են երկրից: Ջավախահայության քաղաքական առաջնորդներից Վահագն Չախալյանն այսօր գտնվում է վրացական բանտում` շինծու մեղադրանքներով: - Անշուշտ, հիշում եք, որ առժամանակ առաջ մեր ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի մուտքը Ջավախք արգելվել էր: - Այո: Արգելվել էր նաև հասարակական գործիչների մուտքը: Պատճառը մեկն է. բարձրաձայնելով վիրահայության խնդիրները, նրանք խանգարում են վրացական իշխանություններին` իրենց անօրինություններն իրագործել: Իսկ առկա խնդիրները չբարձրաձայնելն անհնարին է: Ջավախահայության նկատմամբ խտրական քաղաքակա նություն է իրականացվում: Ինչպես ասացի` այն հակասում է ազգային փոքրամասնությունների, մարդու իրավունքների պաշտպանության մասին Վրաստանի ստանձնած բոլոր պարտականություններին: - Վերջերս Վրաստան էր այցելել Հայաստանի գիտության, կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա այցի արդյունքում ինչ-ինչ խնդիրներ կարծես սկսեցին լուծվել: Բայց հետո տեղեկատվություն ստացվեց, որ այնտեղի դպրոցներում սկսել են կրճատվել հայոց լեզվի դասաժամերը: - Վրաստանի հայ բնակչության նկատմամբ շատ ցինիկ ու պարզունակ մարտավարություն ունեն տեղի իշխանությունները: Իրենք հակահայկական որևէ քայլ են կատարում, իսկ հակազդեցության դեպքում ինչ-որ չափով նահանջում են: Հայոց լեզվի դասաժամերի այդ կրճատումները հայկական դպրոցի վրացականացմանն ուղղված քայլերից է: Ըստ Վրաստանի օրենսդրության, Վրաստանի սահմաններում կրթության լեզուն վրացերենն է: - Մի՞թե դա բնական չի: - Ոչ: Վրաստանում ավանդաբար գոյություն ունեն հայկական դպրոցներ: Բացի այդ` հայկական դպրոցներ պահելը վրացական իշխանությունների պար-տա-վո-րութ -յունն է` համաձայն իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների: Վերջ ի վերջո, ջավախահայությունը Վրաստանի քաղաքացիներ են և ունեն իրավունքներ, որոնք պետությունը պարտավոր է հարգել` եթե իսկապես ուզում է ունենալ ինտեգրված հայ համայնք: Այլ ոչ թե համայնք, որը վրաց պետության և վրաց իշխանությունների նկատմամբ ունի, մեղմ ասած, ոչ բարյացակամ զգացմունքներ: Վրաց քաղաքականության` տեղի հայ հասարակության նաև հակազդեցության առկայության պայմաններում Արմեն Աշոտյանին հաջողվեց վրացական կողմի նահանջին հասնել: Բայց այդ նահանջը չի նշվում փաստաթղթերում, այն պարզապես ներկայացվում է որպես բարի կամքի դրսևորում, իսկ վաղը հայտնի չէ, թե վրացական կողմն ինչ նոր անակնկալ կմատուցի` հայկական դպրոցների կամ լեզվական իրավունքների հարցում: Վրաց իշխանությունների` կրթության քաղաքականության որդեգրած ուղղութ յունը դեպի վրացականացում, ակնհայտ է: Եվ դրա դեմ որքան շատ են լինում բողոքողները, այնքան էլ մեզ հաջողվում է զսպել, մեր կրթության նախարարը կարողանում է Վրաստանում խոսել մեր դժգոհության մասին ու խնդրի լուծումներ գտնել: - Ի թիվս Ձեր նշած խնդիրների, նաև Հայաստանում սկսեցին խոսել վրացականացված հայկական եկեղեցիների մասին: Բազմիցս շոշափվել է ոմն հայր Տարիելի անունը` իբրև հայկական եկեղեցիների մոլի թշնամի: - Վիրահայոց թեմը գրանցում չունի: Այսինքն` հայկական Եկեղեցին որևէ կերպ իր գործունեությունը իրավականորեն կարգավորելու լծակ չունի: Արդյունքում վիրահայոց թեմը չի կարողանում տնօրինել այն գույքը, որը խորհրդային տարիներին հայոց Եկեղեցուց բռնագրավվել էր: Վրաստանի անկախացումից հետո վրաց եկեղեցուն ոչ միայն վերադարձվեցին իրենց տաճարները, այլ նաև չքանդված հայկական եկեղեցիներից մի քանիսը: Այսօր Թիֆլիսում մնացել են հայկական հինգ տաճար, որոնք չեն տրվել վրաց եկեղեցուն: Այդ թվում նաև հայ համայնքի ակտիվ հակազդեցության շնորհիվ են մնացել հայկական: Հիմա վիրահայոց թեմը պահանջում է վերադարձնել այդ հինգ եկեղեցիները, որոնք դատարկ են, փլուզվում են, և վրացական կողմի նպատակը հենց դա է, որպեսզի ժամանակի ընթացքում այդ եկեղեցիները ոչնչանան, և խնդիրն էլ կվերանա: Վրաստանում այսօր 250 հազար հայ կա, և ես չեմ կարծում, թե վրաց իշխանությունների նպատակն է, որ նրանք բոլորը հեռանան: Իրենք ժողովրդագրական առումով ներուժ չունեն, որպեսզի բնակեցնեն հայերի թողած տարածքներում: Հայերի փոխարեն այդ վայրերը թուրք-ադրբեջանական զանգվածով կլցվեն: - Խրիմյան հայրիկից 117 տարի անց Հայոց Կաթողիկոսն այցելեց Ջավախք: Դուք հույսեր կապո՞ւմ եք այդ այցի հետ, դրա արդյունքում կարո՞ղ են ինչ-ինչ խնդիրներ լուծվել: - Անշուշտ, Կաթողիկոսի այցը դրական մեծ նշանակություն կունենա: Այցը ջավախահայությանը մեծ լիցք կհաղորդի, որպեսզի նրանք շարունակեն ապրել իրենց հողում և այնտեղ զարգացնեն հայ ազգային մշակույթը: Խնդիրների լուծման առումով մեծ հույսեր կապել չարժի, որովհետև վրացական կողմի առաջարկած հարթության վրա խնդիրների լուծումը կարծում եմ` հայկական եկեղեցու համար անընդունելի է: Վրացական կողմն իր տարածքում գտնվող հայ եկեղեցիների դիմաց պահանջում է Լոռիում եղած իբր վրացական եկեղեցիները: Իրականում խոսքը հայ քաղկեդոնական եկեղեցիների մասին է: Սա, իհարկե, հեռանկար չունեցող առաջարկ է: Բայց ես հույս ունեմ, որ գոնե Հայ Առաքելական Եկեղեցու գրանցման հարցը, որպես կրոնական կազմակերպություն, կլուծվի: Հարցն այն է, որ առկա խնդիրները Վրաստանը չի լուծում, այսպես ասած, աշխարհաքաղաքական խաղերին կուլ գնալով: Ցանկացած պարագայում Վրաստանն ապավինում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որն ասում է` ես քո մեջքին եմ, ինչ ուզում ես` արա, միայն թե պահպանիր հակառուսական կեցվածքդ: Իսկ Հայաստանը կոնկրետ խնդիր ունի Ջավախքում, ոչ ամբողջ Վրաստանում: Ջավախքում հայության պահպանումը առնչվում է Հայաստանի անվտանգությանը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ