1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Հայկական զբոսաշրջությունն այս տարի կարող է վերելք ապրել` ի հաշիվ հարևան երկրներում արձանագրված տուրիստական ծառայությունների թանկացման: Դեռ զբոսաշրջային սեզոնը հիմնովին չի մեկնարկել, սակայն այն երկրները, որտեղ մեր հայրենակիցները կնախընտրեին իրենց ամառային հանգիստն անցկացնել, արդեն իսկ հայտարարել են գնաճի մասին: Այս պարագայում նույնպես թանկացումները համատարած բնույթ են կրել, և նշվում է, որ վերանայվել են ինչպես օդանավի, գնացքի կամ միկրոավտոբուսների, այնպես էլ սննդի, հյուրանոցների և մնացած ամեն ինչի գները: Տեղի ունեցածը հայաստանյան գործակալությունները հիմնականում խուսափում են մեկնաբանել` միայն ընդհանրացված հայտարարելով, թե մեկ տարվա ընթացքում ամեն ինչ է թանկացել, և այդ ամենի շարքում իրենք անկարող են պահպանել իրենց ծառայությունների գները... Հետաքրքիր է, որ ներքին զբոսաշրջության գները դեռևս չեն որոշակիացվում: Այս առումով միայն նշվում է, որ մեր հանրապետության հանգստյան տների ղեկավարները դեռևս չեն կողմնորոշվել, թե ինչ գնային առաջարկներ ներկայացնեն` խոստանալով դա հրապարակել առավելագույնը մեկ-երկու շաբաթների ընթացքում: Տեղական զբոսաշրջային գործակալությունների հավաստմամբ, Թուրքիայի կամ Վրաստանի դեպքում տոմսերի արժեքներն ավելի վաղ են հայտնի դարձել: Ինչպես ամեն տարի, ծառայությունների թանկացումը հիմա էլ չի խանգարել, որպեսզի մարդիկ դեռևս սեզոնը չմեկնարկած` հետաքրքրվեն իրենց անելիքով և ժամանակից շուտ տոմսեր ամրագրեն: Հարևան Թուրքիայի ու Վրաստանի` արդեն հստակեցված գները մեր գործակալություններին ստիպել են դեռևս մտմտալ` դժվարացնելով կողմնորոշվելը, թե ի վերջո ո՞րն է ճիշտ. հետևել գնաճային ճնշումներին և գերշահույթներ ստանալու նախկին գործելաո՞ճը պահպանել, թե՞ նվազեցնել դրանք` վերջապես իրական մրցակցության մեջ մտնելով թուրքական ու վրացական զբոսաշրջային ընկերությունների հետ: Ամեն դեպքում, նախնական հաշվարկները տարբերակներից առաջինի օգտին են: Եվ չի բացառվում, որ ի հաշիվ հարևան երկրների լողափեր մեկնողներին ուղղված ավելի թանկ առաջարկների, այս տարի հայկական հանգստավայրերը համեմատաբար մարդաշատ դառնան: