Տարեգրության էջերից 17 հունիսի


ԽՍՀՄ ԳԽ Նախագահությունը, քննարկելով ՀԽՍՀ ԳԽ 1988-ի հունիսի 15-ի խնդրանքը ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու վերաբերյալ և Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ 1988-ի հունիսի 17-ի որոշումը ` ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ կազմի մեջ մտցնելու անընդունելիության մասին, որոշել է անհնար համարել «Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմանների ու սահմանադրության հիման վրա հաստատված նրանց ազգային-տարածքային բաժանման փոփոխումը»: ԽՍՀՄ ԳԽ Նախագահությունն իր այդ որոշումը հիմնավորել է ԽՍՀՄ գործող սահմանադրության 78 հոդվածի դրույթով, ըստ որի` միութենական հանրապետության տարածքը չի կարող փոփոխվել առանց նրա համաձայնության: Այդուհանդերձ, ընդունված որոշման մեջ նշվել է, որ ԼՂԻՄ-ում երկար ժամանակ չեն լուծվել հայ բնակչության ազգային շահերը շոշափող շատ հարցեր, հատկապես մշակույթի, կրթության ոլորտում, կադրային քաղաքականության մեջ, խախտվել են ինքնավար մարզի սահմանադրական իրավունքները: ԽՍՀՄ ԳԽ Նախագահությունը նպատակահարմար է համարել ԼՂԻՄ-ի հետ կապված հարցերի ուսումնասիրումը հանձնարարել Ազգությունների խորհրդում ստեղծված հատուկ հանձնաժողովին, որն էլ իր առաջարկությունները պատրաստ լինելուն պես պետք է ներկայացներ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության քննարկմանը: 1993-ի մայիսին Պ. Գրաչովն Անկարայում հայտարարել է ԼՂՀ-ին հակամարտության կողմ ճանաչելու անհրաժեշտության մասին, որն իր արտահայտությունն է գտել Ռուսաստանի միջնորդությամբ ադրբեջանա-ղարաբաղյան ուղիղ բանակցություններում և ստորագրված համաձայնագրերում: Մասնավորապես, 1993-ի հունիսի 17-ին, իսկ հետո` նաև 26-ին ԼՂՀ եւ ԱՀ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև ձեռք են բերվել առաջին համաձայնությունները` Աղդամի, Ստեփանակերտի և Մարտակերտի փոխադարձ հրթիռակոծումները դադարեցնելու մասին: