ԲԱՆԱԿԸ ՀԶՈՐ Է ԱՌՈՂՋ ԶԻՆՎՈՐՆԵՐՈՎ


Այսօր բուժաշխատողի օրն է: Բոլոր ժամանակներում զինված ուժերի հզորության, մարտունակության գրավականը եղել և մնում է առաջին հերթին հոգեպես ու ֆիզիկապես առողջ զինվորը: Եվ առողջապահական ոլորտի, ռազմաբժշկական ծառայության պատասխանատուների գերխնդիրն է բացառել առողջական խնդիրներ ունեցող երիտասարդի բանակ զորակոչվելը` շնորհիվ համագործակցության, մասնագիտական ունակությունների և սրտացավ վերաբերմունքի: Մեր զրուցակիցն է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բժշկական գիտությունների դոկտոր, բուժծառայության գնդապետ Արտաշես ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ: - Այսօր, ավելի քան երբևէ, կարևորվում է բանակն առողջ երիտասարդներով համալրելու խնդիրը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ: - Մեր հիմնական խնդիրն է բանակ զորակոչել հոգեպես և ֆիզիկապես առողջ պատանիներին: Զորակոչը պետական ծրագիր է և այն իրականացվում է պետության կողմից մշակված մի շարք միջոցառումների շնորհիվ: Պետության կողմից հատկացվում են միջոցներ` զինակոչիկներին կցագրելու, հետազոտելու և անհրաժեշտության դեպքում բուժելու համար: Տարածքային զինկոմիսարիատներում գործող բժշկական հանձնաժողովների կողմից մեծ աշխատանք է տարվում նախազորակոչային փուլում ապագա զինվորների բուժզննումը, հետազոտումը կազմակերպելու գործում: Հիվանդությունների հայտնաբերման դեպքում զինակոչիկները ուղեգրվում են հետագա հետազոտման` համապատասխան քաղաքացիական բուժհաստատություններ: Քաղաքացիական բուժհաստատություններում զինակոչիկի առողջության վերաբերյալ տրվում է ակտ, որից հետո զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը ներկայացնում է Կենտրոնական բժշկական հանձնաժողովին, որի կողմից տրվում է վերջնական որոշում զինակոչիկի զինծառայության պիտանելիության վերաբերյալ: Կենտրոնական բժշկական հանձնաժողովում ընդգրկված են Հայաստանի առաջատար մասնագետներ` վիրաբույժ, վնասվածքաբան, նյարդաբան, սրտաբան և այլն: Զորակոչի հաջորդ փուլում, զինծառայությանը պիտանի զորակոչիկը ծանուցագրով ներկայանում է Հանրապետա կան հավաքակայան, որտեղ գործում է Հանրապետական հավաքակայանի ռազմաբժշկական հանձնաժողովը: Այստեղ ուսումնասիրվում են զորակոչիկների բժշկական փաստաթղթերը, անցնում են բուժզննում, կատարում են ֆլյուորոգրաֆիկ և լաբորատոր հետազոտություններ և, եթե չկան հակացուցումներ, կանխարգելիչ պատվաստում ներ են կատարվում թվով 11 վարակիչ հիվանդությունների դեմ` դիֆթերիա, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, հեպատիտ A, որովայնային տիֆ, տուլարեմիա, մենինգոկոկային մենինգիտ և այլն: Շնորհիվ այս կանխարգելիչ պատվաստումների, որն իրականացվում է 2005 թվականի վերջից, այսօր բանակում կառավարելի վարակներով հիվանդացությունը իսպառ վերացել է: Նախկինում վարակիչ հիվանդության դեպքերը ընթանում էին բռնկումներով, որոնք բերում էին մարտունակության իջեցմանը, գրանցվել են նաև մահվան դեպքեր: Կանխարգելիչ պատվաստում է կատարվում նաև թոքաբորբի դեմ, որի շնորհիվ թոքաբորբով հիվանդացությունը բավականին նվազել է: Հավաքակայանի բժշկական հանձնաժողովը իրավունք ունի լրացուցիչ և լիարժեք հետազոտման կարիք ունեցող զորակոչիկին հետ վերադարձնելու զինկոմիսարիատ` հետազոտության և փորձաքննության: Արդյունքում բուժման և վերահետազոտման կարիք ունեցող զորակոչիկին տրվում է տարկետում: Զորակոչը իրականացնող բոլոր օղակների աշխատանքը նպատակաուղղված է, որպեսզի հիվանդ պատանին չզորակոչվի բանակ: Շնորհիվ այս աշխատանքի` զորակոչը տարեցտարի որակական առումով գնահատվում է դրականորեն: 2011թ-ի գարնանային զորակոչը բավականին լավ է ընթանում: Այսօր զորակոչվում է 90-ական թվականների սերունդը, որոնց մոտ գերակշռում են առողջական խնդիրներ` հիմնականում ֆիզիկական զարգացման առումով: Սակայն որոշ խնդիրներ ունեցող պատանիներ զորակոչվում են պիտանի ոչ շարային ծառայության կամ սահմանափակումներով, որոնց համար ստեղծված են համապատասխան ծառայության պայմաններ: Մեր երկրի համար, որը շրջապատված է թշնամիներով, բանակ ունենալը ազգային խնդիր է, իսկ առողջ բանակ ունենալը` էլ ավելի: Բանակը մեր երկրի կայացման և ազգի գոյատևման միակ երաշխիքն է: - Դատելով առկա խնդիրներից, ֆիզիկական առողջության առումով ի՞նչ վիճակում է մեր երիտասարդությունը: - Երիտասարդների շրջանում տարածված են հիմնականում ֆիզիկական թերզարգացումները` թե´ ժառանգական բնույթ կրող, թե´ ձեռքբերովի: Խորհրդային շրջանում դպրոցում մեծ աշխատանք էր կատարվում պատանուն դաստիարակելու և ֆիզպատրաստության շնորհիվ ապահովելու առողջ կառուցվածք, սակայն մեր ժամանակներում դպրոցում թույլ է կազմակերպվում այս գործընթացը: Քանի որ բանակի համալրումը այսօր դպրոցից է, անհրաժեշտ է ավելի մեծ պահանջներ դնել պատանիների կրթական, ֆիզպատրաստության և դաստիարակության գործում: Երկրի ղեկավարությունը և Պաշտպանության նախարարն այսօր խիստ կարևորում են դպրոց-բանակ կապը, այն համարելով կարևոր երաշխիք առողջ զորակոչ ապահովելու գործում` քանզի ապագա զինվորի դաստիարակության, պետության մասին մտածող անհատի ձևավորման գործում մեծ է ընտանիքի, դպրոցի, շրջապատի դերը: Այսօր Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող բանակ-հասարակություն կապի թափանցիկ և բաց քաղաքականության շնորհիվ` ծնողների բողոք-դիմումները իրենց հիվանդ երեխաներին բանակ զորակոչելու վերաբերյալ լայնորեն քննարկվում են, և բժշկական փորձաքննությունն անցկացվում է ծնողների ներկայութ յամբ` հանրապետության առաջատար բժիշկ-մասնագետների մասնակցությամբ: Վերջին շրջանում նախարարի որոշմամբ առանձնացվեցին բողոքի մի քանի դեպքեր, երբ ծնողների բողոքը շարունակական էր և ռազմաբժշկական փորձաքննության որոշումների հետ (մի քանի անգամ) նրանք համաձայն չէին: Փորձաքննությունը անցկացվեց ծնողների ներկայությամբ, ներկա էր նաև նախարարը: Քննարկման արդյունքում ծնողները համոզվեցին, որ իրենց երեխաները առողջ են և պետք է շարունակեն ծառայութ յունը: Լինում է նաև հակառակը, երբ ծնողը ցանկություն է հայտնում, որ իր հիվանդ երեխան անպայման ծառայի: Օրինակ` Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Ամիրաղյանը խիստ մտահոգ է, որ իր որդին հիվանդության պատճառով չի գնալու ծառայելու, խնդրում է, որ նրան տանեն ծառայության, քանի որ չծառայելն ամոթ է. յուրաքանչյուր տղամարդ իր հայրենիքի հանդեպ ունի պարտք և այն պետք է կատարի: - Արդյոք կա՞ն ծրագրեր նախազորակոչային տարիքում բուժման խնդիրը կազմակերպելու ուղղությամբ: - Նախազորակոչային շրջանի գործունեությունը կանոնակարգվում է օրենքով: Մենք արդեն խոսեցինք փուլերի մասին: Առաջին կցագրումից հետո, ովքեր բուժման կարիք ունեն, ուղարկվում են բուժման, վիրահատության անհրաժեշտության դեպքում` վիրահատվում են: Պետության կողմից ֆինանսական միջոցներ են տրամադրվում Հայաստանի հեռավոր շրջաններից եկած պատանիների բուժումը Երևանի քաղաքացիական բուժհաստատություններում իրականացնելու համար: Օրենքով սահմանվում է նրանց տրամադրել տարկետում` 6 ամիս, 1 տարի, 3 տարի ժամկետով: Բուժման ընթացքում սահմանվում է հսկողություն, և բուժումը ավարտելուց հետո հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` պատանու զինծառայության պիտանելիության վերաբերյալ: - Զինվորական հոսպիտալներն ապահովվա՞ծ են ժամանակակից տեխնիկայով և դեղորայքով: - Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչությունը կազմավորվել է 1992 թվականին և այդ ժամանակվանից սկսել է ձևավորել իր ստորաբաժանում ներն ու ենթակառուցվածքները, որոնք առաջին հերթին խնդիր ունեին սպասարկելու մարտական գործողությունների տարածքը և առաջին գիծը, օգնելու վիրավորներին, փրկելու կյանքը և ամեն ինչ անել` նրանց ռազմադաշտ վերադարձնելու համար: Մինչև 2005 թվականը իրականացվող բարեփոխումներն ունեին մասնակի ընդգրկում: Ռազմաբժշկական ծառայության արմատական փոփոխությունների համընդհանուր կատարելագործման ծրագիրը սկսվեց իրագործվել 2005 թվականից և ընդգրկեց 4 ուղղություն` շենքային պայմանների համապատասխանեցում արդի պահանջներին, բուժապահովում և տեխնիկական վերազինում, կադրային բարելավում, նոր բուժական տակտիկայի և մեթոդների ներդրում, գիտապրակտիկ աշխատանք: Այս ծրագրի իրականացումը դյուրին չի եղել, սկզբնական շրջանում ունեցել ենք դժվարություն դեղորայքի, բուժսարքավորումների հայթայթման, կադրերի համալրման հետ կապված: Բուժծառայության կատարելագործման եռամյա ծրագիրը ավարտելուց հետո սկսվել է շրջադարձային բարենորոգումների ժամանակաշրջան` գիտատեխնիկական առաջընթացի, որակական զարգացման նոր փուլ, որը կընդգրկի բուժծառայության բոլոր ուղղություններն ու կառույցները: Տեխնիկական վերազինման, շենքային պայմանների բարելավման, կադրերի ուսուցման և վերապատրաստման շնորհիվ այսօր հոսպիտալ ներում բուժսպասարկումը դարձել է ավելի որակյալ և արդյունավետ, ինչը երաշխիքն է առողջ ու մարտունակ բանակ ունենալու: Ունենք որակյալ մասնագետներ (վիրաբույժներ, վնասվածքաբաններ, նեյրովիրաբույժներ), որոնք ապահովում են աշխարհում ընդունված ամենաբարձր չափանիշները: Մեր հոսպիտալներում այսօր մեծ ծավալի բուժօգնություն է ցուցաբերվում նաև քաղաքացիական բնակչությանը: Եռամյա պլանի կարևորագույն խնդիրներից մեկը գիտատեխնիկական զարգացումն է: Այսօր մեր ծառայությունում ունենք շուրջ 39 գիտության թեկնածուներ, 6 դոկտորներ, նախապատրաստվում են ևս 8 թեկնածուական և 4 դոկտորական թեզեր: Արտասահմանյան 6 երկրներում ունենք դիպլոմային և հետդիպլոմային կրթություն ստացողներ: Ռազմաբժշկական ծառայությունը սերտորեն համագործակցում է Քաղաքացիական առողջապահական ծառայության հետ: Արդյունքներն ակնհայտ են, դրա գրավականը այն է, որ Առողջապահության նախարարության գրեթե բոլոր առաջատար մասնագետները համարվում են ռազմաբժշկական ծառայության խորհրդականներ: Ես չեմ ցանկանում ռազմաբժշկական ծառայությունը տարանջատել քաղաքացիական առողջապահությունից, քանզի մեր առաքելությունը այսօր նույնն է. ունենալ առողջ սերունդ, ապահովել առողջ զինվոր և բանակ: Առաջին գծում կանգնած զինվորի և զինվորականի համար շատ կարևոր է այն գիտակցումը, որ վիրավորվելու դեպքում իրեն օգնություն կցուցաբերեն, ինքը ունի ամուր թիկունք: Այսօր շատերն են տեսնում, թե ինչքան ծանր վիրավորների կյանք ենք փրկում և վերադարձնում շարք: Նախկինում այդպես չէր: Այսօր Պաշտպանության նախարարի վերաբերմունքը և խիստ պահանջկոտությունը յուրաքանչյուր զինծառայողի առողջության վերաբերյալ ավելի է պարտավորեցնում և բարձրացնում յուրաքանչյուր ռազմական բժշկի պատասխանատվությունը: Ելնելով տարածաշրջանային խնդիրներից, ռազմաքաղաքական իրավիճակից` այսօր քաղաքացիական բուժհաստատությունում աշխատող ցանկացած բժիշկ կարող է վաղը հայտնվել մարտի դաշտում` առաջին գծում: Ուզում եմ բուժաշխատողի օրվա կապակցությամբ մեր ծառայության անունից շնորհավորել բոլոր բուժաշխատողներին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ