«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՊԱԼԻ՞Ն» ԷԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ


ԳՅՈՒՄՐԻԻՑ Մինաս Ավետիսյանի որմնանկարների դուրսբերման և դրանք «Արմենիա» միջազգային օդանավակայանում տեղադրելու փաստը, որին արդեն անդրադար ձել ենք մեր նախորդ հրապարակումներում, Գյումրիում մեծ դժգոհության առիթ է տվել: Գյումրեցիները չեն դադարում բողոքել, մինչդեռ այդ բողոքներն արդեն ոմանց համար վերածվում են պարապ ելույթների... Ավելին, արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ հենց Մինաս Ավետիսյանի ընտանիքի անդամներից ոմանք են ամեն ինչ արել` որմնանկարները Գյումրիից տեղափոխելու համար` դրանք «հանրային» վայրում ցուցադրելու նպատակով: Սակայն իրենց այդ մտադրությունն ու նախնական պայմանավորվածությունները թաքցնելու համար` հենց «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ, նկարչի որդի Արման Ավետիսյանը Գյումրիում իբրև թե միացել էր բողոքողնե րին: Նրանց հետ եկել էր Երևան, Մշակույթի նախարարություն ու գյումրեցիներին հանդիպեցրել իրենց ընտանիքի մեկ այլ անդամի` ժամանակակից արվեստի և ժողովրդական ստեղծագործության վարչության պետ Սոնա Հարությունյանի հետ: Օրերս, արդարացնելով կառավարության որոշումը և որմնանկարների տեղափոխումը (որից, չենք կասկածում, Մինաս Ավետիսյանի որդին ֆինանսական եկամուտ է ստացել), Սոնա Հարությունյանը հայտարարեց. - Գյումրիում գոյություն ունի 16 որմնանկար, և այդ երկու որմնանկարով Գյումրին չի սնանկանում որմնանկարներից, Գյումրին ունի ամենամեծ և լայն հնարավորութ յունները` վերականգնելու մնացած որմնանկարները... Հրաշալի որմնանկարներ կան` թեև Մինասի վրձնին չեն պատկանում: Բայց բոլորը պատրաստ են Մինասի աշխատանքը ֆինանսավորել, որ փրկվեն: Բայց այնտեղ կան Ռաֆայել Աթոյանի, Անատոլի Գրիգորյանի, Հակոբ Հակոբյանի, մեր լավագույն վարպետների վրձնած որմնանկար ները, որոնք հնարավոր է փրկել: Այսինքն, հիմա եթե այս որմնանկարները բերում ենք այստեղ, դա դեռ չի նշանակում, թե Գյումրին որևէ բան չի ունենում... Ինչու՞ չենք ուզում կոտրել կարծրատիպերը, և Հայաստանը դարձնել արվեստի օջախ: Այս որմնանկարները տեղադրվում են հանրային վայրում, որտեղ բոլորին հնարավորություն է ընձեռվելու տեսնել: Մի կողմ թողնենք առանց մրցույթի և օրենքի խախտմամբ վարչության պետ նշանակվածի մտքերի անհոդաբաշխ ընթացքը և քննարկենք նրա տրամաբանությունը, որը որևէ քննադատության չի դիմանում: Նախ, կարծրատիպերը փշրելու մասին խոսող տիկինը չի հասկանում, որ մեծ վիրավորանք է հասցնում Գյումրուն, գյումրեցիներին և ընդհանրապես հայ արվեստին` միայն Երևանը հռչակելով արվեստի օջախ («մի ամբողջ քաղաք չի կարող արվեստի օջախ լինել»): Ստացվում է, որ Գյումրին Հայաստան չէ, Հայաստանից դուրս գործող տարածք է, իսկ միակ Հայաստանը Երևանն է` իր «Արմենիա» միջազգային օդակայանով... Նման գավառային մեծապետականությամբ տառապող անձնավորությունն էլ ղեկավարում է Մշակույթի նախարարության առանցքային վարչություններից մեկը: Շարունակենք հետազոտել արվեստաբան-տիկնոջ մտքի «գոհարները». ասվում է, թե Մինասի որմնանկարներից զատ` քաղաքում ուրիշ որմնանկարներ էլ կան: Էհ, գիտեն գյումրեցիներն այս մասին, գիտեն ու հարգանքով են վերաբերվում նշված վարպետների գործերին: Բայց նրանք ոչ թե խոսում են ընդհանրական-լղոզված հասկացությունների, պարզապես որմնանկարների, այլ` հենց Մինասի որմնանկարների մասին: Մի՞թե գյումրեցիների համար նշանակություն չունի, թե ու՞մ որմնանկարներն են տարվել քաղաքից... Դե թող սույն տիկինն ու Արման Ավետիսյանը շահագրգռված լինեին քաղաքից տանել նշված վարպետների որմնանկարները, ինչու՞ են Մինասի գործերը տարել: Թե՞ իրենք հասկանում են որմնանկարների էությունն ու բնույթը, իսկ ահա գյումրեցի նկարիչներն ու արվեստի մարդիկ, ովքեր, ի դեպ, շատ ավելի լավ են ընկալում կերպարվեստն ու նրա առանձնահատկությունները, քան` Սոնա Հարությունյանն ու Արման Ավետիսյանը` չեն կարողանում զանազանել Մինասի աշխատանքները Հակոբ Հակոբյանի աշխատանքներից... Այդ որմնանկարները քաղաքի սեփականությունն էին, դրանք պատվիրվել ու վճարվել էին տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների կողմից` այնտեղ աշխատող մարդկանց արհմիութենական վճարների հաշվին: Այս մասին, կարծում ենք, շատ լավ գիտեն մեծ նկարչի ընտանիքի անդամները: Մանավանդ` Արման Ավետիսյանն էլ սնված կլինի այն հոնորարներով, որոնք Մինասը ստացել է այդ որմնանկարների դիմաց: Անշուշտ, տգեղ խոսակցություն է ստացվում, սակայն դրա նախաձեռնողը մենք չենք: Կառավարությունը սխալ որոշում է կայացրել, ըստ էության` արհամարհել է գյումրեցիներին և տարել քաղաքի սեփականությունը, Գյումրին զրկել նրա մշակութային արժեքներից, ոչնչացրել այն ծրագիրը, որով գյումրեցիները կամենում էին քաղաքը Մինասի ստեղծագործությունների ներկայացման ու հետազոտման կենտրոն դարձնել` նպաստելով նաև զբոսաշրջությանը: Մարդկային ու պաշտոնական պարկեշտությունը պահանջում էր գոնե լռել կամ էլ ներողություն խնդրել գյումրեցիներից, որ Մինաս Ավետիսյանի որդին ու մշակույթի նախարարությունում աշխատող նրա ընտանիքի անդամներից մեկը նպաստել են անտրամաբանական որոշման... Կամ, գուցե հենց նրա՞նք են եղել ոգեշնչողներն ու նախարարությանը մոլորության մեջ գցողները...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ