ԽՄՈՐՈՒՄՆԵՐ` միավորվելու մարմաջով


Այն իրավիճակը, որն սպասվում է մեզ առաջիկա ամիսներին, համայնավարների իշխանության տարիներին բավական ընդգրկուն «խաղաղ և ստեղծագործ» խոսուն ձևակերպումն ուներ: Մեր ժամանակներում, սակայն, ամենականխատեսելի ու հանդարտ ներքաղաքական իրադրությունն անգամ չի կարող զերծ մնալ անակնկալներից: Ու դրանց հավանականությունը փոքր չէ նաև առաջիկա ամիսներին: Մասնավորապես` եթե մինչև աշուն համաներում հայտարարվի (ինչի հավանականությունն արդեն ակնհայտ կարելի է համարել), հենց դա էլ կարող է ամառային մեռյալ սեզոնի ամենանշանակալի իրադարձությունը դառնալ` ասվածից բխող բոլոր պատկերացնելի հետևանքներով հանդերձ: Ընդ որում, այնպիսի բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, որ և° իշխանությունը, և° ընդդիմությունը «ջրից միանգամից չոր» կարող են դուրս գալ: Այսպես, առաջին դեպքում հնարավոր կլինի մարտի 1-ի մեղավորներին ավելի քան 15 ամիս անազատությամբ պատժելուց, դատավարությունները վերջնակետին հասցնելուց ու մի քանի տասնյակ ընդդիմադիրների հանցակցությունն ապացուցելուց հետո միայն հասարակական-քաղաքական մթնոլորտի լիցքաթափմանն ուղղված որոշում կայացնել: Ընդդիմության պարագայում էլ, անկախ վաղուց առկա վերապահումներից, կալանավորվածների ազատ արձակումը սոսկ իբրև «խոշորագույն» հաղթանակ չի արձանագր վի. հնարավորինս բարձր շեշտադրումներ կարվեն` կատարվածը միմիայն այս ուղղությամբ արմատականների ծավալած տևական պայքարի արդյունք ներկայացնելու առումով: Համաներմանն «ընդառաջ»` Լևոն Տեր-Պետրոսյանի եռամսյա միտինգադադարը թերևս այս ամենին ուշի-ուշով հետևելու և հետագայում հնչելիք գնահատականներում չսխալվելու նպատակադրումն ունի: Թեպետ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կալանավորվածների խնդիրը նույնիսկ ՀԱԿ-ի շրջանակներում այնքան էլ առանցքային նշանակություն չունի: Դիցուք, Կոնգրեսի հետագա անելիքները ուրվագծող Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի 12 կետից բաղկացած ամփոփման մեջ այս խնդրին ընդամենը մեկ կետ էր հատկացված… Իսկ եթե խուսափենք «կետերով» առաջնորդվելուց, ապա գոնե մայրաքաղաքային ընտրություններից հետո Կոնգրեսի համար գործունեության շատ ավելի նոր և կարևոր ճակատ է բացվել: Այսպես, չնայած այս միավորում ներկայացված քաղաքական ուժերի` միասնական լինելու մասին հայտարարություններին` ակնհայտ է, որ երկրորդ խոշոր պարտությունն արդեն իսկ ներքին խմորումների պատճառ է դարձել: Մասնավորապես լրատվական արտահոսքը, թե մարքսիստ Դավիթ Հակոբյանը, նրա դուստրն ու եղբայրը մտադիր չեն Երևանի ավագանու մանդատներից հրաժարվել, թույլ է տալիս ենթադրել, որ անգամ այս հարցում Կոնգրեսի համար դժվարացել է միասնական որոշում կայացնելը: Իր հերթին սույն լրատվությունը զարմանալու երկրորդ առիթն է տալիս, քանի որ նաև ստացվում է, թե 18 կուսակցությունների միավորումն այնքան աղքատիկ կադրային ռեսուրս է ունեցել, որ ավագանու ցուցակն ստիպված են եղել մարքսիստի բարեկամ-ազգականներով համալրել: Գուցեև հենց նման քաղաքական արտիստների կամակորություններից ապագայում կախում չունենալու նպատակով է առաջին Նախագահը սկսել մտածել համագործակ ցության շրջանակների ընդլայնման, նոր ու ավելի ծանրակշիռ գործընկերներ ձեռք բերելու ուղղությամբ: Հենց այս պատճառով էլ ընդդիմադիր դաշտը մենաշնորհային դարձնելուն շատ մոտ Լ. Տեր—Պետրոսյանը վերջին հանրահավաքում ընդգծեց. - Հայ Ազգային Կոնգրեսը երբևէ ընդդիմադիր դաշտում ամբողջատիրություն հաստատելու կամ մյուս քաղաքական ուժերին իր մեջ ձուլելու մտադրություն չի ունեցել և չունի: Ասել է թե` հիասթափվածների, հեռանալ պատրաստվողների համար արգելքներ չկան: Բայցևայնպես. - Ինձ համար,- խոստովանեց Լ. Տեր-Պետրոսյանը,- անհասկանալի է ընդդիմադիր դաշտում առաջացած հրմշտոցը: Սա էլ հենց այն ցանկալի մեկնակետն է, ինչից չի բացառվում, որ Հայ Ազգային Կոնգրեսը շահած դուրս գա: Եվ այստեղ ՀԱԿ-ի տեսադաշտում հատկապես «Ժառանգութ յունն» է: Չնայած մայրաքաղաքային ընտրություններում իր կանխանշած արդյունքին չհասած Կոնգրեսին երբեմնի գործընկեր «Ժառանգությունն» էլ իր հերթին սկսեց բարոյական հարվածներ հասցնել, այնուամենայնիվ, դրանից շատ չանցած, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե ընդդիմադիր դաշտում պետք է վայր դնել «հատվածական դրոշներ» բարձրացնելու մոլուցքը և մեկ դրոշի ներքո միավորվել: «Ժառանգության» ղեկավարի այսչափ թափանցիկ ցանկությունը հազիվ թե հնարավոր լինի վրիպում համարել, բայց խնդրի էությունն էլ հենց այն է, թե ով ում շուրջ է պատկերացնում ենթադրյալ միավորումը: Համենայն դեպս «հատվածական դրոշի» թեման շոշափելով` «Ժառանգության» ղեկավարը հազիվ թե այդ պարագայում առանձնակի նշանակություն տար Լ. Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված «թեթև քաշային» քաղաքական ուժերին և, բնականաբար, միասնական ընդդիմության առաջնորդի դերում ինքն իրեն նկատի ուներ: Ասվածին էլ երևի հավելենք մայրաքաղաքային ընտրություններում ՀԱԿ-ին սատարելու մասին այս կուսակցության հայտարարությունում ընդգծված հավաստիքը, թե իրենք այսուհետև բոլոր ընտրություններին անպայման մասնակցելու են, ավելի պարզ կդառնա, որ խոսքը ոչ միայն 2012-ին ձևավորվելիք նոր խորհրդարանի, այլ հատկապես դրան հաջորդող Նախագահի ընտրությունների մասին է: Ժամանակ, երբ «Ժառանգության» առաջնորդի տասնամյա քաղաքացիության խնդիրը վերջապես լուծված է լինելու, և Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես հնարավորություն է ստանալու իրագործել Նախագահի ընտրություններում առաջարդրվելու իր վաղեմի երազանքը: Հենց այս հեռահար հաշվարկի անխուսափելիությունն էլ հաշվի առնելով` Լ. Տեր-Պետրոսյանը հերթական «ուրբաթախոսության» ընթացքում ընդգծված քաղաքական առատաձեռնությամբ նշեց. - Ուզում եմ շեշտել, որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի, այլ քաղաքական պլատֆորմի կամ գործողությունների ծրագրերի շուրջ միավորվելուն: Զարգացնելով իր ղեկավարած քաղաքական միավորի առաջատարության մասին պնդումը` թերևս (ու հատկապես) ի գիտություն գոնե խորհրդարանական խմբակցություն ունեցող «Ժառանգության», Լ. Տեր-Պետրոսյանն ամբողջացրեց, թե իրենք այս ընտրություններից դուրս են եկել ավելի զորացած, քանի որ քարոզաարշավի ընթացքում իրենց հաջողվել է Շարժման գաղափարները տարածել հասարակության նորանոր շերտերում և նվիրյալների է°լ ավելի հզոր բանակ ստեղծել: Ավելին, Կոնգրեսը պնդում է, թե քանի որ ինքն առաջինն է «ավազակապետության» դեմ պայքարի դրոշ բարձրացրել, ուրեմն մյուսները պետք է իր շուրջը համախմբվեն: Այս առումով ՀՅ Դաշնակցության ցուցաբերած կտրուկ անհամաձայնությունը առաջին Նախագահն ամեն կերպ ձգտում է չնկատել: Ավելի քան բաց տեսքտով հնչած ՀՅԴ տեսակետն անտեսելով, նա պնդում է, թե իշխանութ յունից նոր-նոր հեռացած այս ուժը դեռ պետք է ընդդիմություն դառնա, հետո միայն նրա հետ համագործակցելու անհրաժեշտությունից խոսվի: Ասել կուզի` կամուրջները չշտապենք այրել… Ինչի՞ մասին է վկայում ընդդիմադիր ճամբարում գերիշխող այս մոտեցումը. առաջին հերթին միավորվելու ձգտման: Բայց քանի որ մեր երկրում կայանալիք հաջորդ համապետական ընտրություններին ժամանակ դեռ շատ կա, կարելի է կարծել, թե քաղաքական անդորրի գերիշխանությամբ դեռ էլի մի քանի ամառներ ենք անցկացնելու: