Ի՞նչ է ակնկալում Օբաման


«ԾԽ»-ի հատուկ թղթակից Մելոր Ստուրուան լուսաբանել է Մոսկվա-Վաշինգտոն բոլոր գագաթաժողովները` Խրուշչովի ու Քենեդիի հանդիպումից սկսած: Օբամա-Մեդվեդև առաջիկա հանդիպման առնչությամբ նրա կանխատեսումը նույնպես համակողմանի վերլուծություն է ու նաև անդրադարձ` պատմական վճռորոշ մի քանի պահերի: Գագաթաժողովները, հատկապես սովետա-ամերիկյան և ռուս-ամերիկյան, միշտ 2 դերասանի թատրոն են եղել: Այդ դերասանների անհատականություններն են մեծապես որոշել գործողության սյուժեն ու նույնիսկ ժանրը. երբեմն` դրամա, երբեմն` կատակերգություն, իսկ ավելի հաճախ` տրագիկոմեդիա: Մոսկվայի կողմից 2 դերասանի թատրոնը համարյա սահոց է` Թեհրանում և Յալթայում Ստալինի ու Ռուզվելտի ձեռք բերած բարձունքից վար: Ինչպիսի՞ն կլինի Բարաք Օբամայի և Դմիտրի Մեդվեդևի առաջիկա հանդիպումը` ցույց կտա ժամանակը: * * * Ինձ բախտ է վիճակվել` լուսաբանել հետստալինյան դարաշրջանի Մոսկվա-Վաշինգտոն բոլոր գագաթաժողովները` սկսած Վիեննայում կայացած Խրուշչով-Քենեդի հանդիպումից: Խրուշչովը Ստալինը չէր: Նա չէր հիպնոսացնում Քենեդիին, այլ գոռում էր նրա վրա` փորձելով վախեցնել «անփորձ երիտասարդ» ամերիկյան նախագահին: Բայց խոփը քարին դեմ առավ: «Անփորձը» Նիկիտային ասաց` - Պատերա՞զմ եք ուզում: Դուք այն կստանաք: Գոռոզությունը մեկեն լքեց Խրուշչովին: ԲՐԵԺՆԵՎ-ՆԻՔՍՈՆ հանդիպման ընթացքում բղավորղներ չեղան. միայն անընդհատ համբույրներ էին: Դրան նպաստում էր երկու հանգամանք. օբյեկտիվ` միջուկային հավասարությունը և սուբյեկտիվ` թե° Բրեժնևը, թե° Նիքսոնը, չնայած իրենց մեծագույն իշխանությանը, իրականում մանր բուրժուաներ էին: Դրա համար էլ նրանք ոչ թե լուտանքներով ու վիրավորանքներով էին դիմում իրար, այլ նվերներ էին փոխանակում: Նիքսոնը Բրժնևին ավտոմոբիլներ էր նվիրում, Բրեժնևը նրան` օդանավեր: Մեզ` խորհրդային ժուռնալիստներիս, արգելված էր քննադատել Նիքսոնին. կարծես թե նա էլ Քաղբյուրոյի անդամ էր: Ուոթերգեյթսյան բախումը մեր մամուլում չլուսաբանվեց` մինչև Նիքսոնի պաշտոնաթողությունը: Մեզ արգելված էր քննադատել նաև նախագահ Քարտերին` Բրեժնև-Քարտեր գարնանային գագաթաժողովում: Լեոնիդ Իլյիչին լացացնելու չափ ցնցել էր իր հանդեպ Քարտերի որդիական հոգատարությունը, որով նա սատարում էր գենսեկին և չէր թողնում ընկնել: ՎԵՐԱՄԲԱՐՁ դրամաներ էին Գորբա չով-Ռեյգան գագաթաժողովները: Մոսկվայում Ռեյգանն առաջին անգամ Խորհրդային Միությունից հանեց «չարի կայսրություն» «ցուցանակը»: Ռեյկյավիկում Գորբաչովը նրան համոզեց` համաձայնել համընդհանուր հրթիռա-միջուկային զինաթափմանը, սակայն ամերիկյան նախագահի խորհրդականները նրան ստիպեցին հրաժարվել իր խոսքերից: ԿՐԵՄԼՈՒՄ Բորիս Ելցինի գահակալմամբ, ռուս-ամերիկյան գագաթաժողովները կորցրին հավասարության որակները: Ռուսաստանը գերտերությունից իջավ ավելի թեթև քաշային կարգավիճակի: Սակայն արժանին պետք է մատուցել Բորիս Նիկոլաևիչին: Նա համենայնդեպս բավական հաջողությամբ քաշային կորուստը հավասարակշռեց իր սեփական հեղինակությամբ և համեմված կատակներով, որոնց վրա առաջինն ինքն էր քահ-քահ ծիծաղում: Նախագահ Քլինթոնը նրան նայում էր անթաքույց հիացմունքով և նույնպես ծիծաղում բարձրաձայն: ՈւԹ ՏԱՐԻ Պուտին-Բուշ գագաթաժողովներն անհեթեթության թատրոն էին: Այս նախագահները որքան ավելի շատ էին հարթում իրենց անձնական հարաբերությունները, այնքան ավելի վատանում էին ռուս-ամերիկյան հարաբերությունները: Այն, ինչ տեղի էր ունենում անձնական հանդիպումներում, չէր տեղափոխվում միջազգային քաղաքակա նության հանդիսասրահ: Նախագահներն իրար «դու»-ով էին դիմում, իսկ նրանց երկրներն իրար ասում էին` «անցնում ենք «դուք»-ի»: Բրատիսլավայում Պուտին-Բուշ առաջին գագաթաժողովը պատմությունը հարստացրեց Բուշի այն արտահայտությամբ, թե` ինքը նայեց Պուտինի հոգու մեջ և տեսավ… Բայց ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա զարգացումը, նա տեսել էր բոլորովին ոչ այն, ինչը ցանկանում էր տեսնել: Բայց երկու դերակատարների կառավարումն ավելի ու ավելի էր վերածվում հավակնոտ «կայսերական նախագահության»: Եվ դա ոչ պակաս կարևոր պատճառներից էր այն իրողության, որ «կայսրերն» իրար հետ հաշտ ու համերաշխ էին, իսկ նրանց կայսրությունները «թուր ու թվանք» էին իրար հետ: ՀՈՒԼԻՍԻ սկզբին ռուս-ամերիկյան գագաթաժողովի գլխավոր դերակատարները բոլորովին նոր արտիստներ են` Դմիտրի Մեդվեդևն ու Բարաք Օբաման: Հազիվ թե ամերիկացի նախագահը փորձի նայել ռուսաստանցու հոգու մեջ: Նա ավելի շուտ նայելու է ետնաբեմին, որպեսզի համոզվի` 2 դերասանի թատրոնը մնացել է նո՞ւյնը` ինչպես նախկին գագաթաժողովներում, թե՞վերածվել է 3-ի թատրոնի: Իմ կարծիքով` հենց դրանում է մոտալուտ գագաթաժողովի գլխավոր լարումը: Իհարկե, այնտեղ կքննարկվեն փշոտ հարցեր. Իրանի և Հյուսիսային Կորեայի սահմանների չծավալումը, Լեհաստանում ու Չեխիայում Վաշինգտոնի հենակետերը, մերձավորարևելյան խնդրի կարգավորումը, Աֆղանստանի, Վրաստանի խնդիրները: Կշոշափվեն Խոդորկովսկու և Պոլիտկովսկայայի անունները, ճգնաժամը, նավթը… Մոսկովյան գագաթաժողովը փշերով կծածկվի, և հազիվ թե նրանց հաջողվի մեկ շարժումով 2 կնճիռ հարթել: Այսուհանդերձ, հուլիսյան գագաթաժողովում ինչ-որ այլ բան կլինի: Օբաման և հանձին նրա` ողջ Արևմուտքը, փորձելու է պարզել, թե ով է Կրեմլի տերը, ում հետ է հարկավոր ըստ էության երկխոսություն վարել` Մեդվեդևի՞ հետ, Պուտինի՞ հետ, Մեդվեդև-Պուտինի՞, թե՞ Պուտին-Մեդվեդևի հետ: Քանի դեռ պարզաբանված չի լինի այդ հարցը, ո°չ Վաշինգտոնը, ոչ Արևմուտքը մեզ հետ չեն կիսի հիմնախնդիրները: Ի՞նչ իմաստ ունի համաձայնագիր ստորագրել Մեդվեդևի հետ, եթե այնուհետ առաջ է գալու Պուտինը… Այս պարագայում Օբամային առաջնորդողը ամենևին էլ կրեմլյան տրամաբանությամբ հետաքրքրասիրությունը չէ: Մի խնդիր է` բանակցություններ վարել Պուտինի հեղինակավոր պետության հետ, այլ խնդիր` այն պետության հետ, որը Մեդվեդևը ձգտում է ժողովրդավարության հուն տեղափոխել: (Ի դեպ` նախ հարկավոր է համոզվել, որ դա այդպես է): Ահա թե ինչու ես չեմ զարմանա, եթե Օբաման Մոսկվա գա գագաթաժողովի 2, գուցեև ավելի սցենարներով: Գագաթաժողովի հաջողությունն ըստ էության կորոշվի նրանով, թե Օբաման ինչպես «կկարդա» Մեդվեդևին: Եթե տեսնի, որ «Մեդվեդևը այսօրվա Պուտինն է» և նույնիսկ վաղվա, ապա բանակցություններն ավելի մակերեսային ու անարդյունավետ կլինեն: Եթե հանձին Մեդվեդևի տեսնի երկրի տիրոջը, բանակցությունների արդյունքները կպարունակեն ռացիոնալ հատիկն այն երևույթի, որն ընդունված է «լիաբեռնում» անվանել: Ի դեպ` այս բառը բավական խարդավալի է: Ռուս-ամերիկյան հարաբերությունները ոչ թե լիաբեռնում, այլ բեռնաթափում են պահանջում: Լիաբեռնումն այսպես թե այնպես ենթադրում է Պուտին-Բուշ գագաթաժողովների հին բեռը: Բեռնաթափումը Մեդվեդև-Օբամա գագաթաժողովների նոր սկիզբ է: Պատահական չէ, որ բեռնաթափումը թե° քերականորեն, թե° քաղաքականապես լիցքաթափում (լարվածության վերացում) է հիշեցնում: