Հա՞ որ...


ԱՆԿԵՂԾ ասած` դժվարացել է մտապահելը, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավորները արդեն որերորդ անգամ են հայոց երբեմնի մայրաքաղաք Արտաշատը փորձում քրեաշատ իրադարձությունների ոստան դարձնել: Համենայն դեպս վերջին ամիսներին այստեղ կրկնվող «ռազբորկաների» սցենարը այդպես էլ հնարավորություն չի տալիս խորհրդարանի նախագահի շրջապատի քաջագործությունների մասին վերջապես անցյալ ժամանակով խոսել: Այսպես, գավառացի անօրենների սխրագործությունների շարքը մի քանի օր առաջ դարձյալ թարմացվեց-լրացվեց. հիմա էլ հարձակման է ենթարկվել Աբրահամյանների ոխերիմ թշնամու խանութը: Տուժողը նույն ինքը` գազի Հովոն, ինչպես հայտնի է, հանրապետությունում չէ, ուստիև «հնարամիտ» թափթփուկները հիմա էլ վրեժ են լուծել վերջինիս պատկանող խանութի հացաբուլկեղենից, երշիկեղենից, կաթնամթերքից… Բայց գործն այսքանով չի սահմանափակվել: Ծեծի են ենթարկվել նաև խանութի աշխատակիցները: Իսկ նման իրավիճակում ամենահետաքրքիրը ժողովրդի քվեով ձևավորված օրենսդիրը ղեկավարող Հովիկ Աբրահամյանի մեկնաբանությունները կլինեին` հատկապես անմեղ մարդկանց հենց այնպես ծեծի ենթարկելու «մասով»: Նույնքան հետաքրքիր կլիներ նաև, թե ԱԺ նախագահի համերկրացի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ինչպես «կհիմնավորեր» կատարվածի մասին ոստիկանությունում հաղորդում ընդունելուց հրաժարվելու փաստը: Չէ°, գուցեև բացատրությունների կարիք իրականում չկա, քանի որ այս մարդիկ հենց այդպես էլ ապրում են` այդպես էլ փաստերից հետևություններ անել չցանկանալով: ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ. սա թերևս մեր ժամանակների և մեր բոլոր հայրենակիցների մեծագույն ցանկություններից, եթե չասենք երազանքներից մեկն է: Երևույթն էլ ավելի է կարևորվում, երբ խոսքը ֆինանսներին կամ տվյալ դեպքում տարադրամի փոխարժեքին է վերաբերում: Հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում մեր հայրենակից ների մեծ մասն առանց այն էլ նյութական սուղ միջոցները նպատակային և ճշգրտորեն տեղաբաշխելու խնդիրն ունի: Եվ ահա Կենտրոնական բանկի փոխնախագահը, չնայած մինչև տարեվերջ շուրջ 30 դրամով դոլարի արժեզրկվելու մասին կանխատեսումներին, օրերս հավաստիացրել է, թե իրենց կառույցն առաջիկայի համար արտարժույթի կտրուկ տատանումներ չի կանխատեսում: Իսկ այս կարծիքը հատկապես հնչել է` լողացող փոխարժեքի քաղաքակա նությունից գոհունակություն հայտնելու նպատակով: Թե ո՞ր լողատեսակը կընտրի փոխարժեքը, մարդկանց բնականաբար քիչ է հետաքրքրում, և խնդիրը, ինչպես նշեցինք, նախ և առաջ արտաժույթի կուրսը անփոփոխ և կայուն պահելու շրջանակներում է հատկապես կարևոր: Այս առումով Կենտրոնական բանկից հնչող տեսակետները նույնքան լավատեսական էին նաև նախքան «սև երեքշաբթին», բայց… ԱՆԿԱԽ արտարժույթի կուրսից` այնպիսի իրավիճակում, որում արդեն երկու տասնամյակ հայտնվել է մեր հասարակությունը, միևնույն է, մարդիկ դրսից ստացվող օգնությունները շարունակելու են դրամի վերածել: Ինչպես հիշում ենք, փոխանակման կետերի միջոցով կարգին գումարներ վաստակելու բիզնեսը մեզանում սկիզբ առավ, ծաղկեց ու զարգացավ դեռևս 90-ականներից: Ժամանակներն այստեղ քիչ փոփոխություններ արձանագրեցին, և միակ հիշարժանը, որ դրանց շարքում կարելի է հիշատակել, Կենտրոնական բանկի անցյալ տարի ընդունած որոշումն է` փոխանակման կետերի տարածքից դուրս գտնվող վահանակները դրանց ցուցափեղկերին տեղադրելու վերաբերյալ: Օրեր առաջ դրսից տեսանելի ցուցանակներն իսպառ անհետացան: Պարզվեց, որ քաղաքացին հետայսու արտարժույթի փոխարժեքին փոխանակման կետ մտնելու պարագայում միայն կարող է ծանոթանալ: Երևանի փողոցները բոլոր տեսակի ավելորդություններից զերծ պահելու նախաձեռնությունն անշուշտ գովելի է, բայց քաղաքացին փոխանակման կետում հայտնվելուց հետո միայն հնարավարություն է ունենալու կողմնորոշվել: Քանի նման կետեր պիտի նա այցելի` ամենաձեռնտու փոխարժեքը գտնելու: Բացի այս` մարդիկ մի տեսակ անհարմար իրավիճակում են հայտնվելու` ոչ ցանկալի գնանշման պարագայում անգամ դժվարանալով արտարժույթն ընդունել պատրաստվող փոխանակման կետի աշխատակցին ձեռնունայն թողնել: