ԵՐԿՐԻԴ ԱՊԱԳԱՆ ՔՈ ՀՈԳՈՒՄ ԿԵՐՏԻՐ


Արթիկցի Սերյոժա ՊԱՊՈՅԱՆԸ Երևանի ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո զորակոչվել է Հայոց բանակ: Սկզբում ծառայել է ուսումնական զորամասում. սերժանտական կուրսեր անցնելուց հետո տեղափոխվել է այլ զորամաս: - Զորամասում ես մոտիկից ծանոթացա զինվորական առօրյային: Եթե խոսենք հոգեբանական մթնոլորտից, ինչպես բոլորը, այնպես էլ ես սկզբնական շրջանում դժվարութ յունների հանդիպեցի, թեև թե° հոգեբանական, թե° կենցաղային պայմանները բավարար էին: Անշուշտ, սովորելու տարիներին ձեռք էի բերել որոշակի հմտություններ: Հոգեբանորեն պատրաստ էի: Իհարկե, կան երիտասարդներ, ովքեր սկզբնական շրջանում չեն կարողանում, դժվարությամբ են հարմարվում բանակային կյանքին: Մայրս մանկավարժ է: Հայրս երբեմն գնում էր արտագնա աշխատանքի և երկար ժամանակ բացակայում էր հայրենիքից, երբ վերադառնում էր, երևում էր, թե ինչ կարոտով է սպասել այդ օրվան: Նա ասում էր, որ երկրի ուժը, մեծությունն օտարության մեջ ավելի է զգացվում, սիրենք մեր հողն ու ջուրը: Շատ բան եմ սովորել ծնողներիցս… Հայրենիքը միայն բառերով չեն սիրում. մենք պարտավոր ենք, և պետք է շիվեր տնկենք երկրի համար, որպեսզի մեր երեխաների հայացքներից չխուսափենք, պատրաստ լինենք ցանկացած փորձության: Ամուսնացած եմ, ունեմ մեկ զավակ. որոշել եմ պայմանագրային զինծառայության անցնել հենց այս զորամասում: Այսօր մեր զորամասերում ցանկալի է, որ ավելի շատ լինեն կրթված զինվորներ: Այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները զինվորների համար: Զինվորն իրեն ապահով է զգում: Կարելի է արդեն ասել, որ զինծառայությունից խուսափողների թիվը նվազել է: Մշակութային կյանքին նույնպես հաղորդ ենք. զորամասում ոչ շատ հաճախ կազմակերպվում են միջոցառումներ, այցելում ենք մշակութային տարբեր օջախներ: Հոգևոր սնունդը չպետք է անտեսել: Այս խնդրին նույնպես փորձում են լուծում տալ: Կարևոր հաղթանակ է, ըստ իս, երբ հայ երիտասարդը կարևորում է հոգևոր-մշակութային դաստիարակությունը: Երբ զրուցեցինք նույն զորամասի մի քանի զինծառայողների հետ նույնպես, ակնհայտ էր արդեն, որ այսօր բանակաշինությունն ամուր հիմք ունի: Զորամասի հրամանատարությունն անում է հնարավորը` զինվորի առօրյան հետաքրքիր դարձնելու համար: Ավիս ՍԱՐԳՍՅԱՆԸ ծնվել է 1989-ին Հրազդանում: Սովորել է տեղի թիվ 10 դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել Երևանի ագրարային համալսարան: Ուսումը չավարտած` զորակոչվել է Հայոց բանակ: - Հայրս ոստիկանությունում է աշխատում, մայրս ուսուցչուհի է: Իմ կարծիքով, ամեն մի հայ երիտասարդ պիտի գիտակցի, որ իր երկրի քաղաքացին է, որ պետք է ծառայի իր հայրենիքի համար: Անկեղծ ասած, զինվորական ծառայություն անցած երիտասարդն այլ հայացքով է կյանքին նայում: Սա կյանքի մի դպրոց է, որ անցնելիս երբեք չենք փոշմանում, եթե անգամ անխուսափելի են դժվարությունները: Դպրոցական տարիները շատ կարևոր էին ինձ համար: Գրականության ու պատմության ուսուցիչներս մեծ դեր ունեցան իմ կյանքում: Այդ երկու առարկաներն ավելի շատ սիրեցի, բայց ժամանակի թելադրանքով ընտրեցի այլ մասնագիտություն. տնտեսագետ եմ: Ժամկետային զինծառայությունից հետո կշարունակեմ ուսումս: Ի՞նչն է կարևոր զինվորի համար… Ֆիզիկական զբաղվածությունից բացի` անհրաժեշտություն է նաև մշակութային ճիշտ քաղաքակա նությունը: Որոշակիորեն տարբեր են երիտասարդության հետաքրքրության սահմանները: Եթե նկատի ունենանք, թե գիտելիքի ինչ պաշարով է ոտք դնում զորամաս, պարզ է արդեն, թե քանիսն են հանուն հայրենիքի պատրաստ ամեն ինչի: Տարբեր իրավիճակներում ճիշտ ու շուտ կողմնորոշվելու համար զինվորը պետք է խելացի լինի: Հայ տղան ժամկետային զինծառայությունից չպետք է խուսափի: Զինծառայությունից հետո երիտասարդը անհամեմատելի փոխվում է, նրա հայացքներն այլ են դառնում: Ընդամենը մի քանի ամիս է ինձ մնացել: Հանգիստ կլինեմ, որ հայրենիքիս պարտքը կատարել եմ. զորացրվելուց հետո կշարունակեմ ուսումս: Ես ունեմ իմ անելիքը, կյանքիս ընթացքը քաղաքացիական կյանքում լինելու է որոշակի ու ռեալ: Եղբայրս սովորում է: Մենք ընտանիքում արդեն ձևավորվել ենք որպես զինվոր: Մի քանի ամսից եղբայրս կզորակոչվի հայոց բանակ: Իմ կարծիքով, պիտի հպարտ լինենք, որ մեր բանակի զինվորներ ենք: Հայ տղան և° հոգեբանորեն, և° ֆիզիկապես պատրաստ պետք է լինի: Մեր երկրի պատմությունը մեզ պարտավորեցնում է լինել խելացի ու հայրենասեր: Երկրի ցավին հաղորդ այս երիտասարդներն իրենց հոգում կերտել են հայրենիքի ապագան: Եթե տալիս են ամուր ընտանիքի բանաձևումը, վստահ ենք, որ ունենալու ենք իրական, ոչ թե տեսլական հայրենիք: Անշուշտ, բնաշինության մաքառումի շիվերը մեր հոգուց պոկված սյուներ են դառնալու: Պետք է կարողանալ զգաստության, առողջ բանականության ճանապարհ գտնել` ազատվելով երկընտրանքի սարդոստայնից, որ հասցրեց հյուսվել 90-ականից հետո: Պարզապես հավատով ու ակնածանքով լցվենք դեպի մեր պատմությունը, որը միայն մերն է…

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ