«Երկրապահը մարտնչող ժողովուրդն է»…


Ապրում է Երևանում: Ճանաչողները նրան անվանում են ջերմուկցի Համո: Բարձրյալի օժտված հատկանիշներով արդարացրել է հող հայրենիի հույսերը` բազում նվիրյալների հետ պաշտպանելով նրան, իմաստավորելով նրա մարդկայինն ու ոգեղենը: Ունի արտաքուստ սովորական թվացող կենսագրություն` հյուսված առավել շատ խոսուն գործերից ու պատշաճ գնահատականներից: Ու հիմա Համո Բաբայանի նոր աշխատավայրում` Երկրապահների միությունում, նստած զրուցում ենք: 1989-ի լարված մի օր էր. փոթորկվում էին ներկաների սրտերը: 150 ջերմուկցիներ մեկ մարդու պես խոստացան, որ վաղը հաստատ կմեկնեն պատերազմ: Պատրաստ սպասում էին փոխադրող ավտոբուսները: Սակայն հաջորդ օրը ներկայացավ ընդամենկը մեկ մարդ: Նա էլ հենց ջերմուկցի Համոն էր, ով միայնակ մեկնեց Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղ: Այնտեղ օրեր անց կմիանար նոր կազմավորված Ջերմուկի ջոկատին: Անփորձ, տեղանքին անծանոթ ջերմուկցիները չէին կարող գործուն մասնակցություն ունենալ Ղարաչինարի պաշտպանությանը: Սարսանգի ջրանցք: 1993 թվականի փետրվար: Ռազմական այս օբյեկտը իսկական կռվախնձոր էր դարձել հակառակ կողմերի միջև: Ջերմուկի վաշտը Համո Բաբայանի հրամանատարությամբ պիտի խփեր օբյեկտի ձախ թևից: Սակայն ի սկզբանե թշնամին փորձեց թևանցել և օղակի մեջ գցել մեր ուժերին: Ջերմուկցիները մյուս ուժերի հետ հակահարձակման անցան և հետ շպրտեցին հակառակորդին: Այս անգամ անհամեմատ փորձառու և համարձակ դրսևորեցին իրենց վաշտի մարտիկները: Հրամանատարը թույլ չէր տալիս, որ մարտիկների մեջ զգացնել տար անհոգության ժանգը: Եվ օր-օրի հետևում էր նրանց մարզական պատրաստությանը: Գագիկը, Վարդանը, Մհերը, երկու Արմենները, երկու Մխիթարները քանի-քանի¯ անքուն գիշերներ անցկացրին, որ սովորեն ռազմական տեխնիկա` նաև թրծվելով հոգեպես և ֆիզիկապես: Ուստի, համարձակ գործողություն ներից հետո ամենքի սրտերում ալիքվում էր բերկրանքը` ծնված առաջադրված խնդիրները լուծելու իր տվայտանքներից: Սակայն խնդությունը երկար չտևեց: «Ուռա¯» գոչելու հետ սակրավոր Սուրենը (մարտակերտցի) շրջվեց դեպի ընկերները և ուրախացավ. - Տղե¯րք, տղա երեխա եմ ունեցել, տղա¯… Սակայն մի պահ անշարժացավ, և բերկրանքը քարացավ դեմքին: Անգութ գնդակը «աչքաթող չէր արել» նրան: Անիծյալը շամփուրեց նրան հայրենի եզերքում, այնքա¯ն հարազատ վայրում: Երանի թե չզարկվեր և իր հյուրընկալ տանը լսեր տղերքի աչքալուսանքի խոսքերը: Իսկ հրամանատարը չհասցնելով վայելել հաղթանակի բերկրանքը` ծաղիկ կյանքի վախճանից ընդարմացած, անձայն զրուցում էր անտառի թախծոտ լռության հետ` չզգալով վիրավորված կրծքի ու թևի տանջող ցավը: 1993 թվականի ապրիլին փոխգնդապետ Մանվել Գրիգորյանին 5-րդ բրիգադի հրամանատարի նշանակումով ջերմուկցի Համոն զինվորական բնազդով զգացել էր, որ ճակատագիրը գործում է իր օգտին: Լեգենդար փոխգնդապետի հրամանատարությամբ մարտնչելու Հ. Բաբայանի ձգտումը հետապնդում էր միմիայն մի նպատակ. Մ. Գրիգորյանի հետ հնարավոր կլինի արդյունավետ վարել մարտերը և խուսափել ավելորդ արյունահեղությունից: Դրան Համոն դատարկ տեղը չէր սպասել: Վաշտի մարտիկների թիվը մի քանի տարում 15-ից հասցրել էր 65-ի: Անընդմեջ մարտերում նրանք կոփվել ու թրծվել էին: Վկայակոչումները` Մաղավուզ, Հակոբ Կամարի, Տոնաշեն, Մատաղիս, Թալիշ բնակավայրերի հաղթական ազատագրումն էր: Հաղթանակները չուշացրին փոխհատուցումը. տարեվերջին ջերմուկցի Համոն այլևս կրում էր 5-րդ բրիգադի երևանյան կամավորական գումարտակի հրամանատարի ուսադիրները: Համոյի հուշերում դեռ կշարունակի ապրել Հադրութի ենթաշրջանի ողբերգական դիպվածը: Մարտական իրադրությունում էին: Հայրապետ Նավասարդյանի հետ ՀՄՄ-ով շտապում էին դիրքեր: Մեքենան հօդս ցնդեց ականի պայթյունից: Մեխանիկ-վարորդը կոնտուզիա ստացավ, իսկ Հայրապետը, բոլորի սիրելի Հայրոն զոհվեց: Համոն էլ ծանր վիրավորվեց: - Սակայն իմ վիրավորվելը,- խոնարհում է գլուխը վաշտի հրամանատարը,- այդ պահին այնքան ցավալի չէր, ինչքան ընկերոջս կորուստը: Նրա հետ ողջ պատերազմի ընթացքում անցել ենք դժոխքի միջով: Գնդապետի կոչումով ՀՀ ՊՆ ինժեներասակրավորական գնդում նշանակելը այն արդարացի ու գոհացուցիչ գնահատականն էր, որ զարդարեց Հ. Բաբայանին: Իսկ բարձր պաշտոն վարելով` աննկատ ու սովորականի պես ապահովում էր զորքերի տեղաշարժը, իրականացնում կազմակերպչական-ինժեներական աշխատանքները: Աչքաթող չէր անում նաև ականապատման և ականազերծման գործերը: Բայց ահա ճակատագրի խաղը անանկնկալի բերեց քափ ու քրտինք մտած գնդապետ Բաբայանին: - Դու շատ ես կապված Երկրապահների միությանը` թեև զինվորական կառույցի պաշտոնյա ես: - Երկրապահն ինքը` մարտնչող ժողովուրդն է… Բայց խոսելու պահը և° տխուր էր, և° լուսավոր: Այլևս որերորդ անգամ… հատկապես այս անգամ Հ. Բաբայանի մեջ հաղթեց իրատես միտքը: Եվ գնդի հրամանատարի պաշտոնը ոչ այնքան հեշտորեն թողած` մտքով կսլանա հեռավոր այն հանգրվանը, տասնամյակների միջով կքայլի անցած մարտական ուղիով և կհյուրընկալի Երկրապահների միության ջերմ հարկի տակ: Կյուրընկալվի, որ հին ընկերների հետ դառնա ազատագրված վայրերը, եթե… Իսկ Երկրապահների միությունում առայժմ թև ու թիկունք կլինի ապրող-չապրող զինակիցների հետ: Իսկ նրանց կարիքներն ու հոգսերը շատ-շատ են:

Արամայիս ՂԱԶԱՐՅԱՆ