Թեև` անարդյունք


Վրաց նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և ընդդիմության առաջնորդներից Լևան Գաչեչիլաձեի հանդիպումն այդպես էլ որևէ արդյունքի չհանգեցրեց: Տարածված տեսակետ կա, որ թե° իշխանությունների, թե° ընդդիմության կողմից երկխոսության պատրաստակամությունն ընդամենը Արևմուտքին հաճոյանալու շղարշ է. մանավանդ` Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի այցի նախօրյակին: Գրեթե բոլորի համար իսկապես անսպասելի է եղել, որ Գաչեչիլաձեն հանկարծ արձագանքել է երկխոսության Սահակաշվիլու առաջարկին. այն էլ` ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ելքերը քննարկելու պատրվակով: Իր համաձայնությունն ընդդիմության ներկայացուցիչը բարձրաձայնել է Թբիլիսիի կենտրոնում` ՆԳՆ շենքի մոտ ընթացող բազմամարդ հանրահավաքում: Իսկ հանդիպումը կայացել է պետության ղեկավարի մերձքաղաքային նստավայրում` ուշ երեկոյան և տևել է 3 ժամ: Լրագրողներին թույլ չեն տվել նույնիսկ մոտենալ շենքին, բայց զրույցից հետո Գաչեչիլաձեն նրանց ասել է, որ նախագահի ու նրա հակառակորդների հայացքները շարունակում են արմատապես տարբեր մնալ: Նրա խոսքերով` հանդիպման ընթացքում Սահակաշվիլին ևս մեկ անգամ ընդդիմությանն առաջարկել է բավարարվել տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների անցկացմամբ: Սակայն` - Քաղաքապետի ընտրությունները չեն կարող լիցքաթափել իրավիճակը,- ասել է ընդդիմադիրը:- Խնդիրը ոչ թե կոնկրետ քաղգործիչներն են, այլ այն անվստահությունը, որն առկա է հասարակության մեջ` Սահակաշվիլիի հանդեպ: Կողմերի մեջ միակ պայմանավորվածությունը այն էր, որ Սահակաշվիլին համաձայնել է անդրադառնալ ընդդիմության ակտիվիստներին կալանքից ազատելու հարցին: Ի դեպ, Գաչեչիլաձեն հայտարարել է, որ երկրի նախագահի հետ ինքը հանդիպել է որպես շարքային քաղաքացի, որպես մասնավոր անձ: Եվ դա արել է` ոչ հավուր պատշաճի. նա լիազորված չի եղել ընդդիմության կողմից, թեև վերջիններս ակնարկել են, որ լիովին վստահում են նրան: Անարդյունք բանակցությունից հետո «Վրաստանի համար» դաշինքի առաջնորդ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ իրենք շարունակելու են պայքարել` Սահակշվիլիի հրաժարականի պահանջով և հանուն ազատ մամուլի, հանուն բոլոր քաղաքացիների պաշտպանության: