«Սպեղանու» «վերքերը»


Արցախյան ազատամարտում իր և հայրենակիցներից շատերի կրած կորուստների ցավը մեղմող յուրօրինակ սպեղանի դարձավ 1996-ին երաժշտագետ-մանկավարժ Սարինա Ավթանդիլյանի հիմնադրած երգչախումբը: Մշտական ծածկից մինչ օրս զրկված` դեգերեց տեղից տեղ, բայց, պահպանելով ոգու կորովը, ոչ միայն հավատարիմ մնաց որդեգրած առաքելությանը` խմբերգային արվեստի համախմբող ուժով մտերմացնել մատաղ սերնդին, երաժշտական բարձրարժեք ներարկումներով բարեկրթել ու ազնվացնել ներաշխարհը, այլև շուտով մասնագիտական նախակրթարանի արժեք ձեռք բերեց կատարողական ունակությունների տքնաջան զարգացմամբ: Ուշագրավ է, որ երգչախմբի սաները փորձում են յուրացվող գործերի իրենց գեղանկարչական պատկերացումները ներկայացնել ունկնդիրներին: «Սպեղանու» 3 տարիքային խմբերում այսօր ընդգրկված են շուրջ 60 մանուկներ, պատանիներ ու երիտասարդներ, որոնց ինքնահատուկ ջերմությամբ աչքի ընկնող խմբերգերը բազմաթիվ երաժշտասերների են հուզել ու հմայել Հայաստանում, Արցախում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում ունեցած համերգային շրջագայությունների ընթացքում: Արժանացել են մասնագիտական բարձր գնահատականների մի շարք միջազգային փառատոներում: Բոլորովին վերջերս «Սպեղանու» նվաճած դափնիներին ավելացան նորերը` Գերմանիայի Դաշնության Մագդեբուրգ և Հալե քաղաքներում: «Երաժշտական ամառ» փառատոնի շրջանակներում անցկացվող` «Երգչախմբերի եվրոպական գիշեր» ամենամյա համերգի երկրորդ մասում, Բիդերիցի եկեղեցում «Սպեղանին» հնչեցրել էր Կոմիտասի 140-ամյակին նվիրված իր ծրագիրը: Հայոց հոգևոր առաջնորդի օրհնությունը ստացած ձայներիզի փորձառությամբ` ուրույն արվեստով էին մատուցվել Կոմիտասի «Սուրբ պատարագը», խմբերգերին ու գեղջկական երգերի մշակումներին հաջորդել էին Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները: Սրտառուչ էր եղել մագդեբուրգյան հարգանքի տուրքը Շուշիի հաղթանակին կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակին: Կոմիտասյան երկացանկով այնուհետև հանդես եկան Հալեում: Մանկական երգչախմբի միջազգային այդ փառատոնում պատիվ ունեցան արտերկրի 9 լավագույններից կազմված միացյալ երգչախմբով (խմբավարներ` Մանֆրեդ Վիպլեր և Սաբինե Բաուեր) կատարել Հենդելի, Բեթհովենի, Կոսկարի ու Լիշկայի գործերից: «Նանիկ, նանանիկ» և «Ջուր կուգա վերին սարեն» կոմիտասյան խմբերգերը ներկայացնել Հալեի սիմֆոնիկի նվագակցությամբ (դիրիժոր` Կայ Շտրումբերգ): Մշտապես գտնվելով տեղի հայ համայնքի ուշադրության կենտրոնում` լայպցիգյան համերգներով անհամեմատ բարձր հնչեղություն ապահովեցին իրենց «Սպեղանի» անվանը: Վերադարձի առաջին հանդիպմանը, սակայն, ստիպված էին մեղմել իրենց գերմանական խանդավառությունը: Ճիշտ է, ՀՀ մշակույթի նախարարությունը վերջին տարիներին մշտապես նեցուկ է կանգնել հայ արդի խմբերգային արվեստում իր տեղը հաստատող այս երգչախմբին տարբեր առիթներով, բայց այդպես էլ անլուծելի են մնացել նրա կայուն գործունեությունն ապահովող կարևորագույն խնդիրները` տարածքային և ֆինանսական: Հանրահայտ երաժշտագետների ու քննադատների հպարտություն ներշնչող նոր գնահատականների վերհուշի զվարթ տրամադրությունը շուտով տեղի է տալիս: ««Սպեղանու» գոյությունը մեծ հարցականի տակ է»,-հազիվ է զսպում արցունքները երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու խմբավար Սարինա Ավթանդիլյանը: Զրույցին մասնակցող երաժշտագետներն ու մտահոգ լրագրողները հնարավոր ելք են փնտրում «Սպեղանու» «վերքերն» ամոքելու: Քաջատեղյակ լինելով արդի երաժշտարվեստին ցուցաբերվող պետական սրտացավ վերաբերմունքին, որից անմասն չի մնացել այս երաժշտախումբը ևս, կարծում եմ, հանիրավի է միայն Մշակույթի նախարարության ուսերին բարդել «Սպեղանու» «վերքերի» ամոքումը: Եթե, ըստ երաժշտագետների, հասունացել է մեզանում խմբերգային երաժշտական դպրոցի անհրաժեշտությունը, Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կարելի է գործող երաժշտական դպրոցներից ամենահարմարը մասնագիտացնել այս ուղղությամբ և հենց այնտեղ էլ «Սպեղանուն» կանոնավոր գոյատևման հնարավորություն տալ: Ահա մտորելու տեղիք տվող մի տարբերակ: Ցավալի կլինի, իհարկե, մեկուկեստասնամյա բազմանդամ երաժշտաընտանիքի փլուզման հանդեպ հայեցողի կեցվածք ընդունելը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ