ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. իրավաբան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Նրա անմիջականությունը և սովորական կենսակերպը հավաստիքն են այն իրողության, որ ճանաչվածությունը ոչ բոլորին է մեծամտության ախտով պարուրում: «Բոլորս էլ հյուր ենք այս աշխարհում » - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Մենք ապրում ենք բավական ծայրահեղ իրավիճակում. ամեն ինչ չէ, որ կանոնակարգված է: Հետևաբար, շատ հաճախ երկընտրանքի առաջ ես կանգնում. գնալ մինչև վե՞րջ, թե՞ ետ կանգնել: Այսինքն, կամ կայացնել ծայրահեղ որոշում, կամ էլ` հաշտվել ստրուկի կարգավիճակի հետ: Այդ պահին առաջին ճանապարհն ընտրելը այնքան էլ դժվար չէ, որովհետև ներքուստ այդպիսին ես. իրադրության հետ հարմարվելով ապրելը` գոյատևելը, ինձ խորթ է: Դու չես ընտրում միջինը. կամ կհաղթես, կամ` կպարտվես: Բայց հետագայում այդ որոշման իրագործումը դյուրին չէ: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Այն բախտավոր մարդկանցից եմ, որ ունեմ հայրենիք: Երջանիկ եմ, որ հայ եմ և ապրում եմ Հայաստանում, ու մեր լեռներից, լեզվից, տեսակից դուրս ինձ չեմ պատկերացնում: Նախընտրելիության առումով` բոլոր ազգերն էլ մշակույթ կրող են և ունեն իրենց առանձնահատկությունները: Եվ նրանցից որևէ մեկին չեմ կարող առանձնացնել` որպես առավել համակրելի: Սակայն ինձ համար անընդունելի է այն ազգը, որն ուրիշի մշակութային արժեքներն է ոչնչացնում: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչ այժմ կբարձրաձայնեիք: - Գաղտնիք… Կարելի է ասել, որ չունեմ: Խառնվածքով այնպիսին եմ, որ եթե ինչ-որ հարց ինձ անհանգստացրեց, չեմ կարող երկար ժամանակ դրա մասին լռել: Անհնար է. միևնույն է պետք է արտահայտվեմ, կիսվեմ գոնե մտերիմներիս հետ: 17-րդ դարի ֆրանսիացի բանաստեղծ Լաֆոնտենն ասում էր, որ չկա ոչինչ ավելի ճնշող, քան ինչ-որ գաղտնիք իր մեջ պահելը: Իհարկե, խոսքը քեզ վստահված գաղտնիքի մասին չէ, քանի որ այդ վստահությունը չարաշահելը բարոյազրկություն է: Կարծում եմ` կան հարցեր, որոնց մասին պարզապես չեմ մտածել և, բնականաբար, դրանց անդրադառնալու առիթը դեռ չի ներկայացել: Բայց անցյալում հուզող բոլոր հարցերը բարձրաձայնվել են: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Ես չեմ կարողանում հասկանալ հիվանդագին իշխանատենչությունը, հետևապես և մեր երկրում իշխանության նախադրյալ դարձած փողի հանդեպ մոլուցքը: Ո՞րն է այսչափ հարստանալու հետաքրքրությունը կամ իմաստը…մինչև ե՞րբ կամ ու՞ր: Չէ՞ որ բոլորս էլ այս աշխարհում հյուր ենք և մոտավորապես գիտենք մարդկային կյանքի միջին տևողությունը: Դրամի քանակով չի պայմանավորված երջանկությունը, որ ենթադրենք, թե դժբախտությունից խուսափելու հոգեբանական գործոնն է մարդկանց մղում դեպի այդ ագահությունը, նպատակին հասնելու համար ոչնչի առջև կանգ չառնելուն: Անգամ եթե երեխաներիդ ապագայի բարելավումն ես այդ կերպ հոգում, պետք է զուգահեռ մտածես նաև հեղինակությանդ, համբավիդ մասին, որպեսզի զավակներդ չամաչեն իրենց ծնողի արածների համար: Կյանքն ավելի գեղեցիկ, հետաքրքրաշարժ ու բազմակողմանի է: Ըստ իս, մարդու երջանկությունը կայանում է նրանում, որ նա երբևիցե չափսոսա դատարկ ապրած օրերի համար: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Հրաշալի մանկություն եմ ունեցել, որը ջերմ, լուսավոր պահերի անբաժանելի հավաքականություն է, ու չեմ կարող ինչ-որ մի հատված կամ դրվագ առանձնացնել: Աշխարհն ինձ նվիրած` հրաշալի ծնողներ ունեմ, ունեցել եմ շատ սիրելի պապիկներ ու տատիկներ, որոնք նույնպես իմ դաստիարակության մեջ մեծ ներդրում են ունեցել, ինչպես նաև ունեցել եմ լավ ուսուցիչներ և պատանեկան ընկերներ: Մանկությունը, ընդհանրապես, զերծ է ամեն տեսակի հաշվենկատությունից: Ու այդ մաքրությունն է երևի պատճառը, որ բոլորիս կյանքի ամենամեծ հուշը` մանկությունը, իսկապես, մինչև վերջ ուղեկցում է մեզ:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ