Աստղերի հետ մի° «կատակեք»


Օրեր առաջ մոսկովյան դատարաններից մեկը ձերբակալության որոշում կայացրեց Վերա Յապոնցևայի նկատմամբ: Վերան Ֆիլիպ Կիրկորովի նախկին տնօրինուհու դուստրն է, ով մեղադրվում է "ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ.ru" կայքում երգչի կայք և նրա էլեկտրոնային փոստարկղ «ներխուժելու» համար: Աղջիկը, երգչի ինտերնետային հասցեներից ու, բնականաբար` Կիրկորովի անունից, նրա ծանոթներին ու բարեկամներին անպարկեշտ նամակներ է ուղարկել: Վերայից առաջ դատարանը ձերբակալել էր նույն գործի մեկ այլ մասնակցուհու ևս. «Գլոբալ Մեդիագրուպ»-ի գլխավոր տնօրեն Նինա Յուրովային: Ինչպես լրագրողներին ասել է վերջինիս մայրը, իր դուստրը եղել է գովազդային գործակալության տնօրեն և կազմակերպել է Կիրկորովի հոբելյանական համերգի գովազդը, սակայն դրա դիմաց նրան չեն վճարել: - Յուրովան խնդրել է վերադարձնել փողերը, այլապես նա ստիպված էր լինելու փակել ֆիրման: Նրա վրա 2 անգամ հարձակվել են շքամուտքում,- ասել է Նինայի մայրը: Դա հաստատել է նաև ամբաստանյալը. - Տուժող Ֆիլիպ Կիրկորովի հետ ես ծանոթ եմ ավելի քան 10 տարի: Ես ոչ հնարավորություն, ոչ էլ հիմքեր ունեմ` նրան սպառնալու: Իսկ մեր վեճից հետո իմ դեմ մի քանի մահափորձ է կատարվել:- Նա պատմել է նաև, որ իր դեմ հարձակումների արդյունքում ինքը մի քանի անգամ ուղեղի ցնցում է ստացել, ու հիմա էլ վատառողջ է: Իսկ Կիրկորովի փաստաբանն էլ տեղեկացրել է, որ այդ գործի մասնակիցները 5-ն են. - Այդ մարդիկ այն անձանցից են, ովքեր տարբեր ժամանակներում աշխատել են Կիրկորովի մոտ ու, բնականաբար, օգտվել նրա վստահությունից: Նրանք թույլտվություն են ունեցել մուտք գործել գրասենյակ, բնակարան և Կիրկորովի անձնական համակարգիչ: Փաստաբանի կարծիքով` ամբաստանյալներն այդ քայլին դիմել են շանտաժի նպատակով: