ՕՐԻՆԱՉԱՓ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ


Հայաստանյան հերթական խորհրդարանական ընտրությունները, որ ամիսներ շարունակ լարվածության մեջ պահեցին հայրենի քաղաքական ուժերին և շահագրգիռ ընտրազանգվածին` պատմություն դարձան: Եվ այդ «պատմությունը», որն օրինաչափորեն խոր հետագիծ է թողնելու Հայաստանի առաջիկա 10 տարիների «ճակատագրում»` դեռ երկար ժամանակ կմեկնաբանվի և կվերլուծվի տարբեր դիտանկյուններից: Բնականաբար, «հին» հայկական ավանդույթը չի խախտվի. քաղաքական գործիչների ու մեկնաբանների կողմից կհնչեն ամենատարբեր տեսակետներ և գնահատականներ, մեծամասամբ տրամագծորեն իրար հակառակ և հակասող: Այս պայմաններում, ինչպես միշտ, շատ դժվար է լինելու իրականությունն ու հորինվածքը զանազանել, ճշմարտությունը կեղծիքից, չորը` թացից զատել-տարանջատել: Հին խոսք է. որքան մարդ` այնքան կարծիք: Հայաստանյան իրականության մեջ սույն միտքը կարելի է վերաձևակերպել` որքան մարդ, այնքան կարծիքների սուր բախում: Հուսանք, կգա մի երջանիկ օր, որ կդադարենք ներկոնֆլիկտային ազգ լինելուց: Ինչևէ, յուրաքանչյուր պետության համար կարևոր ու նշանակալից իրադարձություն համարվող համապետական ընտրությունները Հայաստանում կայացել են, և բուն ընտրությունների ընթացքի ընդհանուր բնութագիրը քաղաքակիրթ աշխարհում ընդունված չափանիշների տեսանկյունից, իսկապես կարելի է համարել դրական: Ընտրությունները անցան հանգիստ մթնոլորտում, ազատ ու թափանցիկ: Որոշ մեկնաբանների կողմից կանխատեսվող գզվռտոցներ և արյունահեղություն, բարեբախտաբար, տեղի չունեցան: Արձանագրված արդյունքները որոշ չափով կանխատեսելի և օրինաչափ էին, սակայն քիչ չէին նաև անակնկալները, որոնց մի մասը կարելի է նույնիսկ սենսացիոն համարել: Մասնավորապես, գրեթե բոլոր վերլուծաբանները համոզված էին, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում, այսինքն ստանալ 50 տոկոս քվե: ՀՀԿ-ն գերազանցեց բոլորի սպասելիքները` ստանալով ճիշտ այնքան ձայն, ինչը մեծամասնականով ընտրված իր համակիրների հետ միասին հնարավորություն կտա որակյալ մեծամասնություն ունենալ ԱԺ-ում` ըստ այդմ միանձնյա ձևավորելու ապագա կառավարությունը: Ի դեպ, հակառակ կուսակցությունների մեծամասնության հավակնոտ պնդումների և բարձրագոչ հայտարարությունների, թե իրենք ունակ են ստանալու ընտրողների 50 տոկոսից ավելի ձայներ, ՀՀԿ-ն թերևս միակն էր, որ ձեռնպահ էր մնում սեփական հնարավորությունները տարփողելուց և համեստորեն նշում էր, որ իրենք ձգտելու են պահպանել նախորդ ընտրություններում ձեռք բերած քվեն և հնարավորինս այն ավելացնել: Համենայնդեպս, ՀՀԿ ղեկավար կազմից ոչ մեկը անվերապահ չէր պնդում, թե կուսակցությունն իր առջև խնդիր է դրել անպայմանորեն բացարձակ հաղթանակ տանել ԱԺ ընտրություններում: Իհարկե, այդ մասին ընդամենը թեթևակի ակնարկվում էր` որպես զուտ ցանկալի նպատակ, բայց ոչ որպես կպչուն մտասևեռում: Այնպես որ, ՀՀԿ-ի ձեռք բերած պատկառելի քվեն որոշ չափով կարելի է համարել սենսացիոն, բայց միևնույն ժամանակ օրինաչափությունից բոլորովին ոչ հեռու: Հաջորդ փոքր անակնկալը «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների համեմատաբար փոքր տոկոսն էր: Հիշենք, որ գրեթե բոլոր սոցհարցումների համաձայն` ԲՀԿ-ն հատում էր 30 տոկոսի սահմանագիծը: Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած սոցհարցումներով` ԲՀԿ-ն շատ քիչ էր հետ մնում ՀՀԿ-ից: Ահարոն Ադիբեկյանն էլ իրեն հատուկ ինքնավստահությամբ պնդում էր, թե կատարված հետազոտությունների արդյունքում արձանագրված վարկանիշային տոկոսները իրականությունից կարող են «շեղվել» ընդամենը մեկ-երկու տոկոսով: ԲՀԿ-ին վերաբերող ադիբեկյանական 30 տոկոսանոց արդյունքը 15 տոկոսանոց «շեղում» թույլ տվեց իրականությունից: Բոլոր դեպքերում, ԲՀԿ-ն իր ստացած քվեով պահպանեց երկրորդ տեղը: Ոչ միայն անակնկալ չէր, այլև լիովին օրինաչափ էր 13 տոկոսով 3-րդ տեղում հայտնված ՀՅԴ-ի արդյունքը: Ամենամեծ անակնկալները արձանագրվեցին ընդդիմադիր կուսակցությունների ընտրապայքարային «մարաթոնի» ավարտին: Խոշոր սենսացիա կարելի է համարել Ազգային միաբանության ֆիասկոն, որն այդպես էլ չկարողացավ հաղթահարել 5 տոկոսի շեմը: Դժվար է ասել` Արտաշես Գեղամյանի համար այս իրողությունը դժոխային «շո՞կ» էր, թե՞ սառը ցնցուղ, որից ինքնավստա հությամբ մշտապես «փայլող» սույն քաղաքական գործիչը երկար ժամանակ դեռ ուշքի չի գա: Շատերի համար անակնկալ էր նաև Ժողովրդական կուսակցության` 5 տոկոսի շեմը չհաղթահարելու իրողությունը. ԺԿ-ն ընտրություններից մի քանի ամիս առաջ զգալի վարկանիշ ուներ, ինչը ձեռք էր բերել չորսամյա քրտնաջան աշխատանքով: Բազմաթիվ արդյունավետ թվացող տեխնոլոգիաներ կիրառեց Կարապետիչը, ժողովրդին Սևանում «լողացնելուց» սկսած` մինչև ԱԼՄ-ում երեխաներին երգեցնելն ու ծերերին հեռուստացույցներ նվիրելը: Իսկ ընտրություններից հետո խորը հիասթափություն ապրած Տ. Կարապետյանը թեպետ խուսափեց ժողովրդին ուրացող պիտակելուց, բայց խոստովանեց, որ իրեն ձայն են տվել ոչ թե նյութական օգնություն ստացողները, այլ նրանք, ովքեր ԺԿ-ի նախաձեռնությամբ այցելել են եկեղեցիներ: Մի խոսքով, Տ. Կարապետյանի ընտրազանգվածի մեծամասնությունը կազմող «անշնորհակալ նյութապաշտները» վերջին պահին դավաճանեցին` անցնելով կամ ԲՀԿ-ի, կամ «Ժառանգության» ճամբարը: Ի դեպ` «Ժառանգության» մասին, որը մոտ 6 տոկոս ձայն ստացավ և մուտք գործեց ԱԺ: Վերջինիս «ռիվոկը» կիսով չափ անակնկալ էր, մասամբ` օրինաչափ: Զարմանալին այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցության վարկանիշը ոչ թե համամասնորեն աճեց, ինչն ավելի տրամաբանական կընկալվեր, այլ` ընտրություններին նախորդած մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Այս «թռիչքի» դինամիկան առանձնահատուկ տարրեր է պարունակում, որը մինչև վերջ հասկանալու ու վերծանելու ժամանակը դեռ կգա: Տպավորությունն այնպիսին, է որ ժողովուրդը Ր. Հովհաննիս յանին «հայտնաբերեց» և գնահատեց հանկարծակի ու միանգամից: Այնինչ կարծում ենք, որ բնակչությունը վաղուց պետք է ըստ արժանվույն նրան գնահատեր և ոչ թե նման «կտրուկ անցումով»: 5 տոկոսի շեմը հաղթահարած 5 կուսակցություններից, թերևս, միակը ՕԵԿ-ն էր, որ ընտրություններից անմիջապես հետո աղմուկ բարձրացրեց` վիճարկելով իր ստացած 6,8 տոկոս արդյունքի համապատասխանությունը իրականությանը: Ընտրական ամբողջ գործընթացի վրա ստվեր գցելը կարելի է համարել ՕԵԿ-ի վաղուց որդեգրած մարտավարության շարունակությունը: Ա. Բաղդասարյանը դրանով փորձում է իր վրա սևեռել միջազգային հանրության ուշադրությունը` նախագահի գալիք ընտրություններում վերջիններիս համակրանքին արժանանալու, լրացուցիչ դիվիդենտներ ձեռք բերելու հեռագնա նպատակով: Ինչևէ, հետագա զարգացումները, որոնք հիմնականում կապված են Կառավարության ձևավորման հետ, խիստ հետաքրքիր ընթացք են խոստանում: Ձանձրանալու առիթ բնավ չի լինելու:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ