Մի քիչ ընդդիմադիր...


- Մենք գիտենք, որ մեր գործընկերներից ոմանք դիմելու են սահմանադրական դատարան, նախընտրական գործընթացի օրինականությունը, վավերականությունը վիճարկելու հայցով: «Ժառանգությունը» կմասնակցի այդ գործընթացին` մատուցելով իր տրամադրության տակ ունեցած փաստերը ընտրախախտումների վերաբերյալ: Մեր կուսակցությունը պետք է բարձրացնի նաև այն հարցը, թե սահմանադրական ո՞ր նորմով արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիներին զրկեցին ընտրելու իրավունքից,- ասում է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիս յանը: Բնավ դեմ չլինելով այս հարցի արծարծմանը, նկատենք, սակայն, որ ունենք կայուն, մշակված, ժողովրդի խոսքով ասած` «գնա մեռի, արի սիրեմ» գործելակերպ: Կթողնենք` բանը բանից կանցնի, ընտրությունները կգան-կգնան, նոր միայն կանդրադառնանք ԸՕ-ի հոդվածներին: Իսկ ինչո՞ւ այդ խնդրին չանդրադարձան մինչև ընտրությունները, երբ լրացումներ էին կատարվում Ընտրական օրենսգրքում: Դեռ խորհրդարանական քննարկումների ժամանակ կարելի էր պահանջել օրենքի նախագիծը և համապատասխան հայտարարությամբ հանդես գալ: Հիմա էլ կարելի է խոսել այդ մասին` նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները, այլ ոչ թե մատնանշել խնդիրը` ընտրական խախտումների համատեքստում: «Ժառանգությանը» տեսնելով ընդդիմադիր դաշտում, այնուամենայնիվ, Ր. Հովհաննիսյանը խուսափում է հեղափոխական քայլերից և չի հրաժարվի մանդատներից, չնայած, ինչպես ինքն է պնդում, ընտրություններն անցել են խախտումներով: - Այս ընտրությունները անցել են ո°չ հայավարի, ո°չ մարդավարի, բայց չեմ կարծում, թե մանդատներից հրաժարվելը ճիշտ քայլ կլինի: - «Ժառանգության» ներկայացուցիչը մեկ օր առաջ հայտարարեց, որ համագործակցելու եք ՕԵԿ-ի հետ. նրան վստահո՞ւմ եք որպես գործընկեր: - Ես վստահում եմ բոլորին, բայց կյանքը ցույց կտա` ո՞վ ով է: