1 ՀԱՐՑ


 

Այս օրերին ակտիվ աշխատանքներ են ծավալվում հատկապես ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններն ու խախտումները շտկելու ուղղությամբ: Դատելով ոստիկանությունից պարբերաբար ստացվող բազմաթիվ պարզաբանումներից` ընտրացուցակներն անմխիթար վիճակում են գտնվում: Եվ այն ամենն, ինչ այսօր շտկվում է« տարիներ շարունակ կուտակված թերություններ են: Ի՞նչ սկզբունքով են իրականացվում ընտրացուցակները կարգի բերելու աշխատանքները, արդյո՞ք միայն ահազանգերի դեպքում:

Հարցին պատասխանում է Հայաստանի Ոստիկանության պետ«

գեներալ-լեյտենանտ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:

- Բացարձակապես ճիշտ եք: Տարիների կուտակված խնդիրներ են: Մի պարագայում քաղաքացին իր պարտքը չի կատարում. մարդը մահանում է` ռեգիստր չեն հայտնում, մեկ այլ պարագայում` ինչ-ինչ բացթողումներ են գրանցվում: Ես դեռ մեկ ամիս առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ զեկուցել էի հանրությանը, որ դեռ ընտրությունները չսկսած` այսպես կոչված` ինվենտարիզացիա ենք անցկացնում: Այսինքն` մենք նախատեսում ենք, մտածում ենք, շտկում ենք այդ թերությունները. տեղամասային տեսուչների ինստիտուտն ուղղակի բնակարաններով, հասցեներով ստուգում է: Հիմա այդ գործընթացն ընթացքի մեջ է: Եթե ես չեմ սխալվում, այսօրվա դրությամբ արդեն 1800-ից ավելի անուններ հանվել են ցուցակներից` անշուշտ, իրենց հիմնավորումներով: Պատկերացրեք, այսօր դեռ 2000 թվականի զագսերից գրություններ ենք ստանում: 2 օրը մեկ հաշվետվություն է ներկայաց վում կատարված աշխատանքների մասին: Հայտնեմ, որ օպերատիվ շտաբի կազմում ձևավորված են արագ արձագանքման խմբեր, որոնք ըստ տարածքների այս պահին տեղերում են գտնվում, և տեղի ոստիկանության հետ ստուգում են բոլոր հասցեները` հիմք ընդունելով գյուղապետարանների, ազգականների տեղեկանքները: Բավական դժվար և աշխատատար գործընթաց է, բայց անդադար աշխատում ենք: