Սառը ցնցուղ` ցանկացած արկածախնդրի համար


 

Ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը գերխնդիր է: Ոչ պակաս հրատապ ու կարևոր են ձեռնարկվելիք քայլերը, որոնք նախևառաջ միտված են ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը: Ի թիվս այլ կառույցների` ընտրությունների պատշաճ մակարդակն ապահովելու գործում անշուշտ իր խնդիրները, անելիքներն ու մեծ դերակատարումն ունի ՀՀ ոստիկանությունը: Ձեռնարկվելիք քայլերի, նոր առաջարկների քննարկմանն էր նվիրված ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ և Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու Եվրոպական Միության աջակցությամբ կազմակերպված կլոր սեղան-հանդիպումը` նաև ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների, ՀՀ պետական մարմինների ղեկավարների, կուսակցությունների ներկայացուցիչների, նախընտրական շտաբների պետերի մասնակցությամբ:

Պատշաճ հասարակական կարգ ու կանոնի ապահովման, իրավախախտումներին անհապաղ արձագանքելու նպատակով ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ստեղծվել և արդեն գործում է օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկված է ոստիկանության ղեկավար կազմը: Այն շուրջօրյա կգործի մայիսի 5-ից 7-ը` յուրաքանչյուր 3 ժամը մեկ վերլուծելով ստացված տեղեկատվությունը:

Արդեն իսկ ձեռնարկված քայլերից զատ` գործի նկատմամբ իրեն հատուկ բարձր պատասխանատվության և հաստատակամության երաշխիքն են նաև գեներալ- լեյտենանտի խոսքերը, որոնք վստահություն են ներշնչում.

- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ոստիկանության առջև հստակ խնդիրներ են դրվել` պատշաճ հասարակական կարգ և անվտանգություն ապահովելու ուղղությամբ: Իմ կողմից արդեն մի շարք հանձնարարականներ են տրվել անձնակազմին` խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում և հատկապես ընտրությունների օրը հետևողական լինել ցանկացած իրավախախտումների հանդեպ և օրենքով վերապահված լիազորությունների շրջանակնե րում կանխել ընտրական գործընթացին խոչընդոտող յուրաքանչյուր փորձ: Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություննե րին, քաղաքացիական նախաձեռնություններին, բոլոր քաղաքացիներին` ընտրական գործընթացին վերաբերող ցանկացած իրավախախտում արձանագրելու դեպքում անհապաղ ահազանգել ոստիկանություն: Ես ուզում եմ հայտարարել` ցանկացած ահազանգի, Մեղրիից մինչև Տավուշ ցանկացած ընտրատեղամասում անօրինականություն լինելու դեպքում, ես անձնական պատասխանատվություն եմ կրում դրանց կանխարգելման, բացահայտման և օրինական ընթացք տալու համար: Մեր խնդիրը օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի իրականացումն է: Իսկ ընտրությունների ժամանակ պետք է ընդգծվի ոստիկանության վերքաղաքական, վերկուսակցական բնույթն ու գործունեությունը: Բացառապես այս սկզբունքներով է առաջնորդվելու ոստիկանությունը :

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում ոստիկանապետը մեկ անգամ ևս վստահեցրեց, որ ՀՀ ոստիկանությունը ջանք չի խնայելու` իր իրավասությունների շրջանակներում մեր երկրում ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների ապահովման համար.

-Նայելով ձեր աչքերի մեջ` ասում եմ. ես պատասխանատվություն եմ կրում ցանկացած ահազանգի դեպքում: Մենք պատասխանատու ենք, մենք ճշտելու ենք, ստուգելու ենք: Ընտրությունների ժամանակ մեր այս բազմակուսակցական, բազմերանգ քաղաքական դաշտում, նաև դիտորդների և լրագրողների ներկայութ յամբ ես չեմ կարծում, որ կարող են լինել կեղծիքներ: Կարող են լինել առանձին դեպքեր, որովհետև այսպես ասենք` վերևներում հասկացված է ամեն ինչ, իսկ ներքևում արդեն անձնական շահերի հարց է բարձրանում. և իհարկե, արջի ծառայություն մատուցողներ կլինեն: Բայց ես հավաստիացնում եմ մեկ անգամ ևս` անկախ նրանից, թե ո՞ր կուսակցության անդամ կլինի, ի՞նչ դիրք կզբաղեցնի, ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում և շատ խիստ: Սառը ցնցուղ է լինելու ցանկացած արկածախնդրի համար: Ես դա երաշխավորում եմ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ