ՎԱՍՏԱԿԱԾ ԳՆԱՀԱՏԱՆՔ


Գրողների միությունների միջազգային ընկերակցության դահլիճում տեղի ունեցավ մոսկվացի ճանաչված գրող, գիտնական Ալբերտ Օհանյանի ստեղծագործական երեկոն` նրա ծննդյան 70 ամյակի առթիվ: Հանդիսությունը բացեց ընկերակցության փոխնախագահ, ռուս նշանավոր բանաստեղծ Վլադիմիր Բոյարինովը, որը համառոտ ներկայացնելով հոբելյարի ստեղծագործա կան, աշխատանքային գործունեությունը (Ա. Օհանյանը երկար տարիներ եղել է Հայաստանի Գրողների միության ներկայացուցիչը Մոսկվայում, ներկայումս ընկերակցության քարտուղարն է, Միջազգային գրական ֆոնդի նախագահության անդամ)` նրա կրծքին ամրացրեց Դերժավինի անվան շքանշանը: Այնուհետև իրար հաջորդեցին շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ ու անկեղծ խոսքերը: Ելույթ ունեցան ռուս գրողներ Յուրի Լևչուկը, Միխայիլ Զամշևը, Վլադիմիր Դոլնիկովը, վրացի գրողներ Մուրման Ջգուբուրիան և Բեջան Նամիչեյշվիլին, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, գրող, հրապարակախոս Ռոբերտ Բաբլոյանը, «Ռուսաստան-Հայաստան» ընկերության փոխնախագահ Արմեն Բոյախչյանը և ուրիշներ: Ընթերցվեց Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի շնորհավորական ուղերձը, որտեղ Օհանյանը բնութագրվում էր որպես նվիրյալ, հայապահպանության գոր ծում տարիների լուրջ վաստակ ունեցող հայ մտավորականներից մեկը Մոսկվայում: Հաճելի այն հանգամանքը, որ միաժամանակ տեղի էր ունենում հոբելյարի երկու նոր գրքերի` բանաստեղծությունների «Ապրել և սիրել» հայերեն ժողովածուի և և երգիծական պատմվածքների` «Խորամանկ Արշակի արկածները» ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը, լրացուցիչ մի ջերմություն ու մտերմիկ շունչ հաղորդեց երեկոյին, առիթ տվեց ամենատարբեր կողմերից արժևորելու հոբելյարի անցած ուղին: Ջերմությամբ ընդունվեցին Օհանյանի բանաստեղծությունները նախ հեղինակի ընթերցմամբ, ապա դրանց հմուտ թարգմանությունները ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ Միխայիլ Սինելնիկովի կատարմամբ: Բանաստեղծությունները ճիշտ ժամանակին ընդմիջվում էին հայկական և ռուսական սիրված երգերով` երգչուհի Կարինե Աբովյանի հրաշալի մատուցմամբ: Հայաստանի գրողների միության շնորհավորական ուղերձը ներկայացրեց և իր ավագ գրչընկերոջ մասին ջերմ խոսքով հանդես եկավ բանաստեղծ, ՀԳՄ պոեզիայի բաժանմունքի նախագահ Լևոն Բլբուլյանը£ «Ավանգարդը» ևս սրտանց շնորհավորելով իր երբեմնի ակտիվ թղթակիցներից մեկին, վաստակաշատ գրողին ու մտավորականին, սիրով տպագրում է Լևոն Բլբուլյանի խոսքը «Ապրել և սիրել» ժողովածուի մասին: