ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՆԵԼԻՍ


 

Փաստերը հուշում են, որ ընտրություններից առաջ մենք ունենք հզորացող իշխանություն և կազմաքանդված, դեգերումների մեջ հայտնված ընդդիմություն: Իսկ սա նշանակում է, որ նախընտրական ինտրիգը կարող է զարգանալ ոչ թե իշխանության ու ընդդիմության, այլ` իշխանության և իշխանության միջև, ինչն էլ չափազանց անհետաքրքիր կդարձնի ընտրությունները...

Հայաստանն ընտրությունների է պատրաստվում: Օրավուր նկատելի են դառնում լարվածությունը, «ստորջրյա» հոսանքով զարգացող պայմանավորվածություններն ու հակասությունները: Տակավին իշխանական դաշտում դեռ տարակույսներ կան, մերթ հարթվող, մերթ էլ անսպասելիորեն ի հայտ եկող խութեր: Հավանաբար, սա օրինաչափ է ցանկացած երկրի համար, որովհետև գրեթե ամեն տեղ էլ կուսակցությունները նման են իրար, նման են ընտրությունների սցենարները: Սակայն Հայաստանը շատ երկրներից տարբերվում է նրանով, որ այստեղ մինչև օրս բացակայում է իշխանության դեմ ելնող ուժը` ընդդիմությունը, որն էլ պիտի ձևավորեր ընտրական ինտրիգը: Դեռևս շատերի պատկերացումներում որպես ընդդիմություն է ներկայանում Հայ ազգային կոնգրեսը` իր մեջ ներհյուսված մի քանի կուսակցություններով: Եվ, դատելով ՀԱԿ-ի ժամանակ առ ժամանակ արվող հայտարարություններից, կարելի է ենթադրել, որ առաջին Նախագահի գլխավորած քաղաքական միավորումը փորձում է պահպանել ընդդիմության «իմիջն» ու ընտրությունների գնալ որպես կայացած, սեփական դիրքավորումներն ունեցող ընդդիմադիր ուժ: Սակայն շատ վաղուց միանշանակ չեն ընդունվում Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների քայլերը, ընդդիմություն ներկայանալու ճիգերը: Այո´, ճիգերը, քանզի, ըստ էության, դեռևս այն պահից, երբ Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց երկխոսելու իշխանությունների հետ, պարզ դարձավ, որ այլևս գոյություն չունի այդ ընդդիմադիր ուժը:

Խնդիրը երկխոսությունը չէր, մանավանդ որ դա աշխարհում ընդունված առաջադեմ սկզբունք է, քաղաքական մշակույթի դրսևորում: Այս երկխոսությունը, որն «անսպասելիորեն» ընդհատվեց, իշխանություն-ընդդիմություն խաղի մի փուլն էր: Երևութական մի քայլ, որը պետք էր Տեր-Պետրոսյանին` իր ընտրազանգվածին ասելու, թե իրենք կառուցողական քայլերի են դիմում, իսկ իշխանությունները խախտում են խաղի կանոնները: Իշխանությանն էլ դա պետք էր, որպեսզի առավել ժողովրդավար երևար: Իրականում երկխոսությունը վաղուց սկսվել ու ավարտվել էր, առաջին և երրորդ նախագահները եկել էին փոխպայմանավորվածությունների ու համաձայնությունների: Միայն թե այդ ամենը թաքցվում էր հատկապես Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածից: Մինչդեռ հասկանալի է, որ նրա մերձավորագույն շրջապատն ամեն ինչի մասին գիտի և տվել է իր համաձայնությունը: Իր համաձայնությունը չէր տվել ՀԱԿ-ի առավել մարտականորեն տրամադրված թևը, որն էլ ձևավորեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Ակնհայտ է, որ այս ուժն իր ծագումնաբանությամբ պարտական է Միացյալ Նահանգներից եկող «մեսիջներին» և հուշումներին: Այն ստեղծվել է որպես արևմտյան ժողովրդավարության արժեքները Հայաստան ներմուծող «տրանզիտային» ուժ: Այստեղ հիմնականում հավաքվել են նախկինում իշխանություն ունեցող, ինչպես նաև երիտասարդ ու խանդավառ մարդիկ, ովքեր, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, հեռու են տերպետրոսյանական ամբոխավարությունից, այն «հնարքներից», որոնց կիրառման վարպետներն են դարձել ՀԱԿ-ի առաջնորդները: Ընդդիմության այս երկու թևերի միջև, անտարակույս, կան հակասություններ, տարաձայնություններ:

Եթե Տեր-Պետրոսյանի թիմն, ըստ էության, լուծել է իր բոլոր խնդիրները և առաջիկայում պարզապես «թամաշաներ» է սարքելու, ապա «Ազատ դեմոկրատները» դեռևս ինքնահաստատվելու խնդիրներ ունի: Իհարկե, հրազդանյան ընտրությունները կարող են ոմանց մոտ այն տպավորությունը ստեղծել, թե ՀԱԿ-ն իրապես մարտականորեն է տրամադրված, թե ուզում է ամրապնդել իր դիրքերը: Գրելով ու խոսելով հրազդանյան ընտրությունների մասին` վերլուծաբաններն ու ՀԱԿ-ի կողմնակիցները զանց առան մի հանգամանք, որ այս ընտրությունները ՀԱԿ-ին պետք էին ոչ թե սեփական վարկանիշը բարձրացնելու համար: Խնդիրը շատ ավելի անձնավորված էր. ամեն ինչ արվում էր` Սասուն Միքայելյանի ռեաբիլիտացիայի համար, ինչը, մեր կարծիքով, տեղի ունեցավ: Ընտրողների 40%-ից ավելիի ձայները վկայեցին, որ Սասուն Միքայելյանը շատերի կողմից ընդունելի անձնավորություն է: Սա կարող է խթան հանդիսանալ, որպեսզի նա առաջադրվի մեծամասնական ընտրակարգով և հաղթանակ տանի:

Այսօր ընդդիմություն ասելով` շատերը հասկանում են «Ազատ դեմոկրատներ», և չի բացառվում, որ այս ուժն ընտրարշավի ժամանակ մեծացնի իր համակիրների թիվը` այդպիսով տեղեր ապահովելով ապագա խորհրդարանում: Սակայն` ոչ միայնակ: Եվ արդեն իսկ ձևավորվում է «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքը: Բայց արդյո՞ք, թեկուզ դաշինքի ստեղծման դեպքում էլ, այս ուժը միանշանակ կարող է դիտարկվել որպես ընդդիմություն: «Ժառանգությունը» մերթ հանդես է գալիս որպես արևմտյան արժեքների կրող, մերթ էլ վերածվում է ամենասովորական ընդդիմախոսներից կազմված մարդկանց խմբի, որը չունի ընդգծված գաղափարախոսություն և հայեցակարգեր: Տակավին հստակեցված չեն նաև «Ազատ դեմոկրատների» հայեցակարգերը: Սա նշանակում է, որ ունենք ընդդիմախոսներ, սակայն չունենք ընդդիմադիրներ: Հենց սա էլ լուրջ մտորումների առիթ է տալիս:

«Ժառանգության» խորհրդարանական հնգամյա գործունեությունը կարելի է տապալված համարել այն պատճառով, որ նրա մի շարք պատգամավորներ տարբեր առիթներով տարբեր դիրքորոշումներ էին արտահայտում, ժամանակ առ ժամանակ «խաղեր տալիս» իշխանությունների հետ: Ավելին, այս խմբակցությունը չկարողացավ իր մի շարք նախաձեռնություններ այնպես մատուցել, որ հնարավոր լիներ դրանց նկատմամբ ձևավորել հետաքրքրություն: Այստեղ խոսք չի կարող լինել խմբակցության փոքրաթվության մասին, որովհետև ցանկացած լավ գաղափար շատերին կստիպեր դրա հանդեպ ուշադրություն գոյավորել: Բայց հենց «Ժառանգության» որոշ պատգամավորների հեղհեղուկ գործունեութ յունն էլ հանգեցրեց նրան, որ այս կուսակցությունը միանշանակ չընկալվեց որպես ընդդիմություն:

Անհնար է դասական ընդդիմություն կոչել նաև Դաշնակցությանը, որն իրենից իշխանամետ-կիսաընդդիմադիր զանգվածից կազմված քաղաքական կոնգլոմերատ է ներկայաց նում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ