Սիրիայում լարվածությունը չի թուլանում


 

Ըստ Սիրիայից ստացված վերջին տեղեկությունների` դրությունը այնտեղ մնում է լարված: Հոմս քաղաքում պայթեցվել է գազամուղը: Կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել` երկրում սահմանադրական հանրաքվե անցկացնելու: Նա այդ խոստումը վաղուց էր տվել: Ճշտված չէր միայն ժամկետը: Այժմ արդեն ստույգ հայտնի է, որ հանրաքվեն կանցկացվի փետրվարի 26-ին:

Նոր սահմանադրությամբ ամրագրվելու է բազմակուսակցական համակարգի ներդրումը, որն ամրապնդելու է ժողովրդավարության և բազմակարծության հիմքերը: Բնականաբար, Արևմուտքը սա համարելու է դեկլարատիվ բնույթի անարժեք մի քայլ: Ասադը շարունակում է մերժել երկրի ներքին գործերին արտաքին որևէ միջամտություն: Մասնավորապես նա դեմ է արտահայտվել խաղաղարար ուժեր Սիրիա մտցնելու` «Արաբական պետություների լիգայի» նախաձեռնությանը:

Ի դեպ, հիշեցնենք, որ Ռուսաստանը խաղաղարար ուժեր մտցնելու խնդիրը ոչ միայն կտրականապես չի մերժել, այլ նույնիսկ, որոշակի վերապահումներով դա հնարավոր է համարել:

Ըստ փորձագետների` առկա իրավիճակն այս կերպ երկար չի կարող շարունակվել: Այն շուտով կհանգուցալուծվի. կա´մ զինված ընդդիմության վերջնական ճնշմամբ, կա´մ Բաշար Ասադի բռնի գահընկեցությամբ: