Իլհամը «փչացած պատեֆոն» է հիշեցնում


 

Առավել հետաքրքիրն այն է, որ Իլհամը որոշել է ռեկորդներ սահմանել` նաև ՆԱՏՕ-ին «օճառվելու» հարցում: Մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի ներգրավվածութ յանն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությանը` Իլհամը խոստացել է նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հյուսիսատլանտյան դաշինքին: Սա արդեն չափից դուրս է` կարձագանքեն շատերը: Բնականաբար ՆԱՏՕ-ի ղեկավարը հրճվանքով է ընդունել այդ խոստումը: Դե ինչ, «ողջ» լինեն նավթադոլարները: Իսկ մենք հիշենք հին ասույթը, թե երբ բոշի յուղը շատ է լինում, մարմնի ո՞ր մասին է այն քսում:

Ադրբեջանի նախագահը մեկնել էր Բրյուսել` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այդ կառույցի ղեկավարի հետ բանակցելու: Այնտեղ նա խոսել է նաև ԼՂ հիմնախնդրի շուրջ` «հույս» հայտնելով, որ հակամարտությունը շուտով կհանգուցալուծվի բացառապես տարածքային ամբողջականության սկզ- բունքի հիման վրա:

- Ես ևս մեկ անգամ հույս հայտնեցի, որ հակամարտությունն արագ կկարգավորվի: Դրա համար իրավական հիմքեր կան,- ասել է Իլհամը:

Իսկ որո՞նք են ալիևյան այդ «հիմքերը»:

20 տարի առաջ ընդունված ՄԱԿ-ի բանաձևերը, որոնց երկար ու ձիգ տարիներ ոչ մի միջազգային կազմակերպություն կամ որևէ պետության ղեկավար չի անդրադարձել: Այսօրվա դրությամբ, այդ բանաձևերի հիշատակումը պարզապես անհեթեթ է:

Այո, հետզհետե Ալիևն ավելի ու ավելի ծիծաղելի է դառնում: Նա հիանալի գիտի, որ ՆԱՏՕ-ն իրավասու չէ գործնական միջամտություն ցուցաբերել Ղարաբաղյան հիմնախնդրին, որը եղել և մնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի մենաշնորհը: Բայց առիթ-անառիթ հեյդարօղլին «փչացած պատեֆոնի» պես անընդհատ կրկնում է 20-ամյա հնություն ունեցող նույն խոսքերը.

- Հայկական զորքերն առանց նախապայմանների պետք է ետ քաշվեն բոլոր օկուպացված տարածքներից:

Ի˜նչ ինքնորոշման սկզբունք, ի˜նչ Մադրիդյան սկզբունքներ... ՆԱՏՕ-ն իրավասու չէ արձագանքել ու գնահատականներ տալ. հետևաբար լուռ լսելու է: Այդ առիթն էլ օգտագործելով` Իլհամը «քոքում» է հին «պատեֆոնը» ու հայդե` լսողաց ականջ: