«Հովիվը» բարձրացավ էկրան

... Եվ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԾՆԵՑ


 

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը վաղուց դուրս է եկել ազգային ընկալումների և արժևորումների սահմաններից և մուտք գործել համաշխարհային գրականություն` դառնալով միջնադարում ստեղծված այն հանճարեղ ստեղծագործությունը, որն իբրև գրական հուշարձան իր նմանը չունի համաշխարհային գրականության մեջ: Պոեմը նաև յուրատեսակ Ավետարան է, որում պարունակվող ահռելի լիցքերը ներշնչում էին մարդկանց, նրանցից վանում ամեն մի հիվանդություն:

Շատ բան հայտնի չէ Նարեկացու կենսագրությունից, սակայն հայտնի է, որ ծնվել է եկեղեցական գործիչ Խոսրով Անձևացու ընտանիքում, Նարեկավանքում աշակերտել է փիլիսոփա, մատենագիր և բանաստեղծ Անանիա Նարեկացուն: Իր ողջ կյանքն անց է կացրել Նարեկավանքում, թաղվել այստեղ: Շատ վաղուց ավերվել է Նարեկավանքը, սակայն նրա աճյունն ամփոփող փոսի վրա դրված դամբանաքարն ուխտատեղի է դարձել:

Գրիգոր Նարեկացու մասին գեղարվեստական-խաղարկային ֆիլմ ստեղծելու գաղափարն, անշուշտ, հանդուգն քայլ էր դիտարկվելու, որովհետև երբ նյութականանում է գրեթե միստիֆիկացված անհատը, դառնում հողեղեն` կարծես փշրվում-ավերվում է նրա առասպելը: Այսուհանդերձ` «Իկար ֆիլմ» կինոստուդիայում ստեղծվել է կինոպատում, որի սցենարի հեղինակը թատերագիր Արթուր Էդարն է, բեմադրողը` Արտակ Ավդալյանը: Այն սկսվում է Վանա լճի վրա հայտնված նավակով, որը գնում է` պահ առաջ հասնելու Նարեկավանք, որովհետև ուղևորները` ամուսիններ և նրանց փոքրիկ Գրիգոր որդին, ուխտի են գնում: Շուտով լճի վրա փոթորիկ է բարձրանում, հզոր ալիքը տանում է Գրիգորին… Ծնողները հասնում են ափ` ապրելով կորստի մեծ ցավը: Իսկ Գրիգորը հայտնվում է Նարեկավանքի բակում, ուր հավաքված են երիտասարդներ, հոգևորականներ: Նրանցից մեկը նկատում է ամբողջապես թրջված տղային, տեղեկանում, որ փոքրիկը խեղդվել է, ապա հրաշքով հայտնվել այստեղ… Շուտով ծնողներն էլ տեղեկանում են որդու փրկվելու մասին: Եվ սկիզբ են առնում պատմությունները Գրիգոր Նարեկացու մասին. այն մարդու, ով հավաքվածների պատկերացումներում ապրում է որպես հրաշագործ սուրբ, ով Քրիստոսի նման բժշկել, փրկել է մարդկանց:

Ֆիլմի նախադրությունն, անշուշտ, խոստումնալից է, ակնկալվում է բախումներով և ինտրիգներով լի մի կինոպատմություն, որը պիտի բացահայտի-պարզի Նարեկացուն, ցույց տա նրա և շրջապատող իրականության միջև գոյավորված հակամարտությունները, հզոր անհատին վեր դասի գաղջ ու գետնաքարշ իրականությունից: Սակայն… սցենարիստն ու բեմադրիչը ներկայացնում են պարզունակ, կինեմատոգրաֆիական հստակ ելակետերից հեռացած, կիսաթատերային մի պատմություն: Ըստ դրա` պարզվում է, որ Նարեկացին հովիվ է եղել, ինչպես Քրիստոսն աղքատ Ղազարոսին է կյանք պարգևել, այնպես էլ Նարեկացին մոտեցել է բորոտին ու բժշկել հրաշագործի նման: Հետո Նարեկացին հայտնվել է գյուղում, որտեղ չեն կարողանում տեղաշարժել հսկա քարը: Ինքն է բահով քանդում և քարը գահավիժեցնում ձորը: Ապա ընդունում է իր խցում երկու հոգևորականների, ովքեր գյուղապետի հորդորներով` կամենում են վնասել իրեն, ատյան տանել: Սակայն Նարեկացին գլխատում է աղավնուն, որպեսզի ճաշ պատրաստի, ինչն առաջացնում է հոգևորականների զայրույթը, քանի որ պահք է: Նարեկացին ափի մեջ է պահում գլխատված աղավնուն, աճպարարի հմտությամբ վերադարձնում նրա գլուխը… Ժամանակ առ ժամանակ Նարեկացին կարդում է հատվածներ Մատյանից, գրում Մատյանը: Մեկ էլ հայտնվում է գյուղապետի այրիացած հարսը, ով սիրում է Նարեկացուն, սակայն նա չի կարող ընդունել այդ սերը…

Ահա այն բանվածքը, որն էլ դարձել է ֆիլմ` այսպես չափազանց խեղճուկրակ ու պարզունակ դարձնելով մեծ մտածողին, ազգային Վերածննդի հիմնադրին: Կտրատված, ներքին կապակցվածությունից զուրկ սյուժեն, իրադարձությունների բացակայությունների, խախուտ-անհետաքրքիր կոմպոզիցիան էկրանին ստեղծում են տաղտուկ` միանգամայն սխալ պատկերացում ձևավորելով ժամանակի ու միջավայրի և այդ ամենի մեջ մաքառող-պայքարող Բանաստեղծի մասին: Անշարժ բեմավիճակները, կադրերի անկենդանությունն ու կտրատվածությունը, մոնտաժի բացահայտ անգրագիտությունը հուշում են, որ գործ ունենք բացահայտ ձախողման հետ, որին չեն փրկում թե´ Նարեկացու անունը, թե´ ֆիլմի հրաշալի երաժշտությունը: Ակնհայտ է, որ բեմադրիչ Արտակ Ավդալյանը գլխավորապես աշխատած լինելով վավերագրական կինոյի ասպարեզում, չի պատկերացրել խաղարկային կինոյի առանձնահատկությունները, չի կարողացել շրջանցել սցենարական միապաղաղությունը, մտահղացման բացակայությունը:

Բեմադրիչը շատ լավ դերասանակազմ է ընտրել` Արթուր Կարապետյան, Ռոբերտ Հարությունյան, Հայկ Սարգսյան, Արթուր Նալբանդյան, Անժելա Սարգսյան, Վրույր Հարությունյան, Սոֆիկ Սարգսյան, Հովակ Գալոյան, Արևիկ Սանթրոսյան, Ամիրան Գալստյան, Սամվել Բաղինյան, ուրիշներ: Սակայն ֆիլմում բացակայում է գլխավորը` դերասանական կատարումը, քանի որ գրական կերպարներ, կերպարային զարգացումներ սցենարում չկան:

Ահա թե ինչու տխրությամբ ես հեռանում դահլիճից` չտանելով քեզ հետ Նարեկացու կերպարը: Ավելին, մտածում ես, որ ֆիլմը ստեղծողներն «արջի ծառայություն» են մատուցել` հանդիսատեսին վանելով Նարեկացուց…