Պահարանի գաղտնագրպանը


 

Հորիզոնը հին պահարանի մի դարակի տակ գաղտնագրպան էր սարքել ու փող էր հավաքել` հրատարակելու մեր համատեղ համահեղինակությամբ գիրքը: Այդ նպատակով էր նաև վաճառքի հանել գեղեցկաոճ պահարանը:

Տանից երկու օր բացակայել էր: Եկել, տեսել, զայրացել էր. տնեցիք պահարանն առանց իրեն էին վաճառել: Հորիզոնն իրեն կորցրել էր, կիսամեռ վիճակում շշնջում էր` ո՞ւմ վաճառեցիք, ո՞ր կողմը տարան:

- Այ մարդ, վաճառել ենք, կարևորը փողն է, ըհը´…

Եթե նա ճիշտն ասեր, պահած գանձը ջրի երես դուրս կգար, ու ջուրը փողը կտաներ: Ուստի գործի դրեց իր երգիծախառն խորամանկությունները: Ճշտեց վաճառքի մանրամաս ները, ովքեր, քանի հոգի են եղել, տանող մեքենայի համարը, վայրը:

Բարեբախտաբար, հարևանի տղան` ով ինչքան երգիծանք էր սիրում, նույնքան էլ մեքենա, մտապահել էր բեռնատարի համարը: Ավտոտեսուչությունը պարզեց, որ մեքենան տավուշցի է:

- Գուրգեն, քանի ուշ չէ, գնանք Տավուշ` դեպքի վայրը:

Մեր ապագա գրքի խաթեր միացա երգիծաբան ասմունքողին ու տավուշցիների հետ հանդիպում ունենալու պատրվակով մեկնեցինք Տավուշ:

Տերը հենց իր սիրելի պահարանը տեսավ, աչքերը լցվեցին, գրկեց նրան և ի զարմանս ներկաների, ասաց.

- Մնաս բարով չեմ ասել, ինձ տալիք բան ուներ. շկաֆը ձեզ, բանն ինձ:

Եվ երբ պահարանն իր գաղտնագրպանից հանեց և նրան տվեց երկուսիս գրքի համար հավաքած 2500 դոլարը, ներկաները զարմանքից ա˜խ քաշեցին: Ոչ միայն տավուշցիք, այլ աշխարհի բոլոր հայերը երևի այդքան փող տեսնելիս ախ կքաշեին:

Տավուշցիք մեզ ջերմ խոսքերով էին ճանապարհում` հալալ է ձեզ, հալալ ապրանքը չի կորչի, մեր կողմից հարգված Հորիզոն ու Լոռեցի…

Մեր բարեկամությունը շարունակվում է: Տավուշցիք հուսով սպասում են մեր` երկուսիս գրքի հրատարակմանը: Մենք էլ ենք սպասում, թե չէ կասեն` փողը տվեցինք, բա գիրքն ո՞ւր է…

Կենացի զոհը

Չապաև Եսայանը վարորդ էր, բայց ինքն իրեն շոֆեր էր ասում, մոտիկներն էլ նրան` Չապո:

Քրոջ տղայի ծնունդն էր, Չապոն էլ քեռու մակարդակով էր մասնակցում: Հմուտ թամադաները կենացների հերթականությունը սրբորեն պահպանում են և ոչ մեկին վատ չեն ներկայացնում: Երբեմն գովեստները չափազանցության են հասնում, բայց մարդիկ դա չեն նկատում` մտածելով, որ եթե թամադան ասում է, ուրեմն ճիշտ է: Ստացվում է այնպես, որ նույնիսկ սրիկաների սեղանի շուրջ վատ մարդ չի նստած:

Երբ թամադան խմում էր սիրելի քեռու կենացը, սեղանակիցների տրամադրությունը ժամանակից շուտ բարձրացած էր: Ու չնայած օրորոցի երեխայի ներկայությամբ ծխելն ու աղմկելը հարգի չէր, բայց և´ աղմուկն էր շատ, և´ ծխողների թիվը: Երեխան էլ դեռ չէր խոսում, որ թոթով լեզվով ասեր` ձյաձյաներ, չի կարելի:

Սեղանապետը ոչ մեկին չվիրավորելով, մի քանի անգամ հարգելիներին դիտողություն արեց, որ լռեն, բայց ո՞ւմ ես ասում...

Չապոյի ինքնասիրությունը վիրավորված էր...

- Ա´յ մարդ, տո լռե´ք էլի... չե՞ք տեսնում` իմ կենացն է խմում, լսեք ինչեր է ասում իմ մասին, ախր էդ գովեստի տերը ես եմ, է˜... ես` Չապո Եսայանս: Իբր բարեկամ եք... ձեզանից ո՞ւմ իմ ավտոն չեմ նստացրել, ո՞ւմ լավություն չեմ արել... տո ես ձեր...

Չապոն արագ երկու բաժակ խմեց, որ լեզուն բացվի ու ասի.

- Ես ձեր մարդ ասողի... մի քիչ առաջ խնդրեցի-պաղատեցի, բացատրեցի, որ իմ կենացն է, մի անգամ իմ մասին կարգին խոսք եմ լսում, էն էլ չեք թողնում: Ի՞նչ անեմ, քֆուր տա՞մ. շոֆեր եմ, իրավունք ունեմ...

- Չեղավ, չեղավ, քֆուրի տեղ չի:

- Բա ի՞նչ անեմ, ձեր ճակատը պաչե՞մ: Ես ձեր կենացին մի ծպտուն հանե՞լ եմ: Թամադա ջան, ցավդ տանեմ, ճշմարիտ լեզվիդ ղուրբան, ձենդ միկրոֆոնի պես բարձրացրու` խուլ ակնջները լսեն, թե ես ով եմ, ինչ մարդ եմ, որտեղից եմ եկել, ուր եմ գնում:

Այստեղ երևի միակ լուրջ մարդը թամադան էր մնացել, որն էլ աշխատեց համոզել.

- Հարգելի սեղանակիցներ, քեռի Չապոյի կենացը կարծում եմ բոլորդ խմեցիք մի թեթև խանգարումով: Երևում է` քիչ վիրավորվեց: Թույլ տանք` մարդն իր շնորհակալությունը հայտնի:

Չապոն օրորվելով, կարմրատակած, անճոռնի մեծ ճուտիկի պես թևերը թափ տվեց: Կողքի նստածը կարծեց` ուզում է վեր կենալ, օգնեց: Բայց Չապոն արագ նրա ձեռքը ուժով հետ հրեց, որը հենց դիպավ տիրոջ երեսին, քիթն արնեց:

Չապոն խոսում էր բարձր ու շատ վրդովված.

- Էս ինչ կենաց էր, որ շնորհակալություն էլ հայտնեմ, դժգոհ եմ, չեղյալ եմ հայտարարում, իմ պատվին արժանի չի:

Կողքի ընկերը, որ մի կերպ քթի արյունը մաքրել էր, ասաց.

- Ոնց որ քեզ շատ գովեցիր:

- Տո, թամադային թողեցի՞ք ասեր` ով եմ ես: Ինչքա˜ն պասաժիր եմ տարել, տեղ հասցրել ու հետ բերել անվնաս: Ընտանիքս աղի պես եմ պահել: Ո՞ւմ հավին եմ քշա արել, կամ ո՞ւմ հավն եմ գցել ավտոյիս տակ: Էս քրոջս տղի` Օգսենի ծնունդի օղին ու կոնյակը ես եմ բերել, որ սհենց քեֆներդ տնգոզ արիք, խոսք չհասկացաք, այ անաստվածներ: Ես խռով եմ ձեզանից, գնում եմ, դուք ինչ կուզեք արեք:

- Ուրեմն, քեզանից հետո ջրհեղե՞ղ:

- Տո ջրհեղեղ էլ, հլա` երկրաշարժ էլ...

- Էդ արդեն չեղավ:

- Ձեր արածը իսկի չեղավ: Ճամփա տվեք` գնում եմ, ձեր մեջ մարդկություն չկա:

Նայողին թվում էր` Չապոն գնում է, բայց երբ ելքի դռանը չհասած ընկավ, մի քանիսն օրորվելով հասան օգնության:

- Ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեց:

Քթից վիրավոր սեղանակիցն ասաց.

- Նա խիստ վիրավորված էր:

- Մենք տեսանք, թե քեզ ինչպես վիրավորեց, բայց թե իրեն ո՞վ վիրավորեց:

- Մենք, իհարկե` մենք: Մենք` մեր անմարդկային վերաբերմունքով, - ասաց նույն ձայնը:

- Ո՞նց թե` մենք...